Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանը մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին

October 11, 2022

Այլ | Գործունեություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022-ի հոկտեմբերին Վարշավայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանը ներկայացրել է Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարի վիճակը։ Թեմայի շրջանակում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի շարունակական պրակտիկային։ Ինչպես նաև մասնակցել է Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի նախաձեռնած քննարկմանը և ներկայացրել խոշտանգումների 2021-2022-ի համաթվերը Հայաստանի համար։ Ամբողջական զեկույցը կհրապարակվի առաջիկայում։

 

Ելույթի տեքստը ստորև․

 

«ՀՀ-ում խոշտանգումը քրեականացվել է 2015թ․-ին, որից ի վեր Հայաստանը ստանձնել է խոշտանգումների դեպքերը նվազեցնելու և քրեական գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու մի շարք պարտավորություններ։ 2022թ․-ի օրենսդրական փոփոխությունների արդյունքում բացառվել է Խոշտանգում հանցանքի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառումը, արգելվել է Խոշտանգում հանցանքի համար համաներում կիրառելը, ընդլայնվել է պաշտոնատար անձ հասկացության շրջանակը՝ որպես խոշտանգման սուբյեկտ ներառելով նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, տեղական ինքնակառավարման մարմնի, կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձանց։

Քրեական նոր օրենսգրքով քրեականացվել են միայն խոշտանգման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու հանցակազմերը։ Դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի այլ գործողությունները, որպես առանձին հանցատեսակներ ներառված չեն։ 

2021թ․-ին Հայաստանը ակնհայտ հետընթաց է գրանցել Խոշտանգման գործերով քննչական ենթակայության հարցի իրավակարգավորումներում՝ 2021թ․-ին լուծարելով Հատուկ քննչական ծառայությունը՝  հանրային պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները քննելու համար նախատեսված գործակալությանը, և խոշտանգումների գործերով քննչական ենթակայությունը փոխանցելով Ազգային անվտանգության ծառայությանը։

Քաղաքացիական հասարակության ակտիվ ադվոկացիայի արդյունքում 2022թ․ մայիսի 5-ին քննչական ենթակայության հարցը նորից ենթարկվեց  օրենսդրական փոփոխության, և խոշտանգման գործերի քննության գործառույթը փոխանցվեց ՀՀ քննչական կոմիտեին։ 

Ցավոք, օրենքի վատ կիրարկումը շարունակում է լինել մեծագույն խնդիրը․ չնայած խոշտանգման բազմաթիվ հաղորդումներին՝ խոշտանգման հանցանքի միայն մեկ մեղադրական դատավճիռ է ուժի մեջ մտել 2022թ․-ի մարտին։ 

Շարունակվում է Խոշտանգման դեպքերի ոչ պատշաճ փաստաթղթավորման պրակտիկան, որի արդյունքում չի ճանաչվում, խոշտանգման, կամ վատ վերաբերմունքի փաստը:

Խոշտանգում կատարած որոշ հանցագործներ, այդ թվում՝ ոստիկաններ, քրեակատարողական հաստատության ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ միայն մնում են անպատիժ, այլ երբեմն նաև ստանում են ավելի բարձր պաշտոններ։

Խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման ինստիտուտի ներդրումը ներպետական օրենսդրությունում ենթադրում է պետության միջոցների հաշվին դրա մշտական ապահովումը: Սակայն մինչ օրս չկան պետության հովանավորությամբ գործող վերականգնողական կենտրոններ խոշտանգում վերապրածների համար։ 

Հիմա առավել քան կարևոր է պետության կայուն ֆինանսավորում ունեցող վերականգնողական կենտրոնների առկայությունը՝ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի շարունակական պրակտիկայի պայմաններում, որը առավել սրվել է 2020թ․-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և շարունակվում է մինչև օրս։

Խոշտագման և վատ վերաբերմունքի զոհ են դառնում ոչ միայն ադրբեջանական զինված ուժերի վերհսկողության տակ հայտնված հայ ռազմագերիները, այլև քաղաքացիական անձինք։

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունները խիստ բացասական են ազդում ներքին բարեփոխումների վրա, քանի որ անվտանգային խնդիրները դարձել են առաջնային։

Մյուս կողմից էլ պատերազմական գործողություների ընթացքում ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց և գերիների նկատմամբ խոշտանգման դեպքերի առկայության պայմաններում էլ ավելի հրատապ է դարձել խոշտանգումից զերծ մնալու իրավունքի պաշտպանությունը, որը դժվար է հատկապես ադրբեջանական իշխանությունների անպատիժ գործողությունների հետևանքով։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ կառույցներին քննության առարկա դարձնել ադրբեջանական իշխանությունների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգման դեպքերը և արտադատական մահապատիժների դեպքերը։

Մյուս կողմից էլ, պահանջել ՀՀ իշխանություններից, չնայած օբյեկտիվ դժվարություններին, ջանքեր գործադրել ներպետական ինստիտուտի բարեփոխման ուղղությամբ՝ բացառելու համար խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքերը և իրականացնելու արդյունավետ քննություն»։

 

 

Իսկ արդեն հումանիտար հարցերին վերաբերող նիստին Օֆելյա Զալյանը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, անդրադարձել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի չտարբերակված թիրախավորումների արդյունքում հազարավոր տեղահանվածների խնդրին։

 

Ելույթի տեքստը ստորև․

 

«Ադրբեջանի սպառնալիքներն ու մարդու իրավունքների խախտումները շարունակվում են Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելուց 2 տարի անց, որն ընթացավ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներով։

2022թ․-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծեցին լայնածավալ ագրեսիա՝ հարձակվելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և դիտմամբ թիրախավորելով ոչ միայն ռազմական օբյեկտներն, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ ավելի քան 18 համայնք 3 մարզերում։

Ադրբեջանի զինված ուժերի ռազմական հարձակումը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հարձակման առաջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց 10 քառակուսի կիլոմետր՝ ի հավելումն անցած տարի օկուպացրած 40 քառակուսի կիլոմետրի։

Սեպտեմբերի 13-15-ը առնվազն 7600 անձ՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք, տեղահանվել են 3 մարզերից։ Նրանց վերադարձի անվտանգությունը դեռևս կասկածի տակ է։

Որոշ ընտանիքներ նույնիսկ չեն կարողացել դուրս գալ հակամարտության գոտուց և Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության  չտարբերակված թիրախավորման արդյունքում ստիպված են եղել իրենց երեխաների հետ թաքնվել մոտակա քարանձավներում։

Ադրբեջանի զինված հարձակումները ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Հատկապես մտահոգիչ է, որ հարձակման ընթացքում Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և մանկապարտեզներ։

Որոշ տարածքներում դպրոցները և մանկապարտեզները Ադրբեջանի զինված ուժերի ուղիղ կրակի տակ էին և թիրախավորված։ Մենք կարծում ենք, որ այս հաստատությունների թիրախավորումը դիտավորյալ էր, քանի որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումն ավելի  ինտենսիվ էր այն ժամերին, երբ երեխաները հաճախում էին դպրոց կամ մանկապարտեզ։ 

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորեցին երկու շտապ օգնության մեքենա Սյունիքի մարզում, ինչի արդյունքում վարորդներից մեկը մահացավ։

Ադրբեջանի օգտատերերի կողմից սոցիալական մեդիայում լայնորեն տարածվող տեսանյութերում երևում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարվող պատերազմական հանցագործությունները, հայ ռազմագերիների արտադատական սպանությունները, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումները, ինչպես նաև դիակների պղծումը։ Թեև  մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դատապարտվում են միջազգային համայնքի կողմից, դրանք գովաբանվում են Ադրբեջանի հասարակության կողմից՝ թողնելով խաղաղ գոյակցության և հաշտեցման շատ քիչ հույս։

2022թ․-ի սեպտեմբերի 16-ին և հոկտեմբերի 2-ին սոցիալական մեդիայում հայտնվեց երկու սարսափելի տեսանյութ։

Սեպտեմբերի 16-ին տարածված տեսանյութում ադրբեջանցի զինծառայողը ցույց է տալիս մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ երկու կանանց դիակներ։ Կանանցից մեկը մերկացված էր, իսկ նրա կրծքի և ստամոքսի հատվածում գրված էր ադրբեջանական հատուկ զորամասի անվանումը։ Նրա աչքի խոռոչի մեջ քար էր դրվախ, իսկ բերանում՝ կտրված մատ։ Հարկ է նշել, որ երկու կանայք էլ բուժախատողներ էին՝ ինչպես հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքների կողմից հրապարակված երկրորդ տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կամայականորեն սպանում մի խումբ հայ ռազմագերիների։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման ժամանակ։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ժողովրդավարական երկրներին՝

  1. զբաղվել ադրբեջանական իշխանությունների կողմից գերեվարված հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական սպանության դեպքերի քննությամբ՝ դիտարկելով ԵԱՀԿ մոսկովյան մեխանիզմի ակտիվացումը,

  2. աջակցել Հայաստանին՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փաստերը Միջազգային քրեական դատարան ներկայացնելու հարցում, ինչպես դա արվել է պուտինյան ռեժիմի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում արձանագրված հանցագործությունների դեպքում,

  3. մշտական կամ երկարաժամկետ միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին՝ հնարավորության դեպքում ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ-ի հետ միասին,

  4. պահանջել անմիջապես հայրենադարձել բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ովքեր գերության մեջ են պահվում 2020թ․-ից՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ,

  5. պահանջել ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից։»

 

 

Իսկ հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո»  թեմայով քննարկումը։ 

 

Միջոցառումը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ։  

Դիտումներ՝ 241

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????