Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին

May 25, 2020

COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

Մայիսի 18, 2020

Հեղինակ` Մայտե դը Ղյու

 

Քանի որ բանտերը վատ կենցաղային պայմաններ ունեցող,  հաճախ գերբնակեցված վայրեր են, դրանք COVID-19 կարգի համավարակի ընթացքում վարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Մի շարք երկրներ միջոցներ են ձեռնարկել քրեակատարողական հիմնարկների վրա ճնշումը թուլացնելու ուղղությամբ` ազատելով ազատազրկված անձանց կամ սահմանափակելով ազատազրկման վայրեր նոր ընդունվողների թիվը: Անկասկած այս մոտեցումը կարևոր է, հատկապես հաշվի առնելով աշխարհի բազմաթիվ բանտերի գերբնակեցվածության խնդիրը: Սակայն, սա միակ միջոցը չէ, որը պետությունները պետք է նախաձեռնեն առողջապահական ճգնաժամին արձագանքելու համար, քանի որ բազմաթիվ անձինք շարունակելու են մնալ բանտերում: Պետությունները նաև կրում են պարտավորություն ապահովելու ազատազրկված անձանց առողջության և կյանքի պաշտպանությունը:

 

Մասնավորապես ի՞նչ է ենթադրում նման պարտավորությունը համավարակի պայմաններում: Եվրոպայի խորհրդի, մասնավորապես` Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), ինչպես նաև ՄԱԿ-ի մշակած նորմերն ու չափանիշները կարող են օգնել պատասխանել այս հարցին և սահմանել հիմնական պարտականությունները, որոնք սահմանում են COVID-19-ից ազատազրկված անձանց պաշտպանելու պետության պարտավորությունները:

 

Ընդհանուր սկզբունքներ

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս նշել է, որ արգելանքի տակ գտնվող անձինք առանձնակի խոցելի վիճակում են և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն իշխանությունները պարտավոր են կազմակերպել նրանց բուժումը (Կաց և այլոք ընդդեմ Ուկրաինայի վճիռ): Պետությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն իրենց իրավազորության տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու ուղղությամբ (Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի վճիռ):

 

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը պարտավորեցնում է պետություններին պաշտպանել ազատությունից զրկված անձանց ֆիզիկական բարօրրությունը և, ի թիվս այլ բաների, ապահովել նրանց անհրաժեշտ բուժօգնությունը (Կուդլան ընդդեմ Լեհաստանի): Ազատազրկվածներին բուժօգնություն պետք է տրամադրվի այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են ազատության մեջ գտնվող հիվանդների բուժման պայմաններին և միաժամանակ հաշվի են առնում ազատազրկվածների հատուկ կարգավիճակը (բուժսպասարկման հավասարության սկզբունքը Մանդելայի կանոնների 24.1 կանոնում, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից): Ի վերջո, ՄԻԵԴ-ը նշել է, որ վարակիչ հիվանդությունների տարածումը բանտային միջավայրում հանրային առողջապահության հիմնախնդիր է (Կատալին Յուջին Միկու ընդդեմ Ռումինիայի):

 

Կանխարգելիչ բուժօգնություն

 

Բանտերում պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ: Իրականում, չափազանց կարևոր է հասկանալ, որ բուժսպասարկումը բանտերում չի սահմանափակվում հիվանդություն ունեցող ազատազարկվածների բուժումով: «Բանտարկյալների ֆիզիկական և հոգեկան առողջությունը գնահատելու, խթանելու, պաշտպանելու և բարելավելու» միջոցով բուժծառայության խմբերն ունեն կանխարգելիչ և ակտիվ դերակատարում (Մանդելայի կանոնների 25-րդ կանոն): Բացի այդ, բուժանձնակազմը պարտավոր է վերահսկել սանիտարահիգիենիկ պայմանները բանտերում (այդ թվում, օրինակ՝ հագուստի և անկողնային պարագաների մաքրությունը, հիգիենայի պարագաների և հոսող ջրի հասանելիությունը, սանիտարական տեխնիկայի առկայությունը):

 

COVID-19-ի հետևանքով առաջացած վտանգները հասցեագրելու նպատակով պետությունները պարտավոր են ձեռնարկել միջոցներ, որոնք, բացի հիվանդ ազատազրկվածներին և աշխատակիցներին հայտնաբերելուց և վարակվածներին բուժում ապահովելուց, կնպաստեն վարակի տարածման սահմանափակմանը:

 

Ի հավելումն, բանտային բուժօգնության ծառայությունը պարտավոր է ազատազրկվածներին և աշխատակիցներին տրամադրել իրազեկող տեղեկություններ վարակիչ հիվանդությունների մասին, որը կընդգրկի պաշտպանական միջոցների, ախտանիշերի և բուժման թեմաները: Աշխատակազմը պետք է անցնի ձեռնարկելիք կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հատուկ վերապատրաստում: Թեև կանոնները հիմնականում մշակվել են տուբերկուլյոզի, հեպատիտի և ՄԻԱՎ-ի համատեքստում` դրանք կիրառելի են նաև COVID-19-ի պարագայում:

 

Վարակի տարածումը կանխելու նպատակով ամբողջ աշխարհում մարդկանց ցուցված է կանոնավոր օճառով լվանալ ձեռքերը կամ օգտագործել ձեռքերն ախտահանելու նյութեր: Տարածումը տեղի է ունենում, երբ վիրուս պարունակող լորձը կամ կաթիլները` աչքերով, քթով կամ կոկորդով ներթափանցում են մարմին, և հաճախ դա տեղի է ունենում ձեռքերի միջոցով: Բանտարկյալները նույնպես պետք է ունենան ձեռքերը կանոնավոր լվանալու հնարավորություն, իսկ պետությունը պարտավոր է անձնական մաքրությունը պահպանելու համար բավարար քանակությամբ հիգիենայի պարագաներ, օրինակ` օճառ, և մշտական հոսող ջուր, ապահովել բոլոր ազատազրկվածներին (Մանդելայի կանոնների 18.1 կանոն): Հետևանքների տեսանկյունից սա իշխանությունների անհապաղ ձեռնարկելիք միջոցառումներից մեկն է, քանի որ բոլոր ազատազրկվածների համար օճառի և ջրի հասանելիության ապահովումը չափազանց կարևոր է բանտերում COVID-19-ի լայն տարածումը կանխելու համար:

 

COVID-19-ով ախտահարումը կանխելու տեսանկյունից կարևոր կանխարգելիչ միջոց է նաև խցերը մաքուր պահելը, քանի որ վիրուսը կարող է տարբեր մակերեսների վրա գոյատևել մի քանի ժամ: Բանտարկյալները պետք է կարողանան պատշաճ մաքրություն ապահովել իրենց խցերում, իսկ պետությունը, հետևաբար, պարտավոր է բանտարկյալներին ապահովել մաքրման բավարար նյութերով: Բացի այդ, կանոնավոր պարբերականությամբ պետք է լվացվեն ծածկոցները և սավանները:

 

Կանխարգելիչ բժշկությունը, բնականաբար, հատուկ կարևորություն ունի, երբ խոսքը վերաբերում է վարակիչ հիվանդություններին, ինչպիսին է COVID-19-ը: Բացի սանիտարա-հիգիենիկ միջոցառումների, բանտերում պետք է ակտիվորեն մշակել հատուկ բժշկական մոտեցում: Այսօր առկա է ընդհանուր ընկալում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում թեստավորումը կարևոր գործիք է, որը հնարավորություն է տալիս պատշաճ հայտնաբերել և բուժել հիվանդներին, ինչպես նաև կանխել հետագա տարածումը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վարակվածների մեկ երրորդը չունի ախտանիշեր (ասիմպտոմատիկ է): Համաձայն WHO-ի. «համայնքում COVID-19-ը վերահսկելու ջանքերը, ամենայն հավանականությամբ, ձախողելու են, եթե բանտերում և ազատազրկման այլ վայրերում չիրականացվեն վարակի կանխարգելման և վերահսկման, պատշաճ թեստավորման, բուժման և խնամքի խիստ միջոցառումներ»: ԽԿԿ-ը բազմիցս շեշտել է նոր ընդունվող բանտարկյալների բժշկական սքրինինգի կարևորությունը, «մասնավորապես` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով»: Նմանօրինակ սքրինինգը կարող է ընդգրկել վարակիչ հիվանդությունների թեստավորումը: Քննության արժանի է թեստավորման պարտադիր լինելու հարցը: Թեև ցանկացած բուժումից առաջ ազատազրկված անձի համաձայնություն ստանալը պարտադիր է, սակայն ԽԿԿ-ն և ԱՀԿ-ն խրախուսել են նոր ընդունվող ազատազրկվածներից վերցնել տուբերկուլյոզի թեստեր: Հաշվի առնելով դրա փոփոխական բնույթը և ախտանիշերի հնարավոր բացակայությունը` նույն կանոնը պետք է կիրառվի COVID-19-ի դեպքում: Կրկին զուգահեռներ անցկացնելով տուբերկուլյոզի հետ, ազատազրկվածների մեծ մասին պետք է հասանելի լինի կանոնավոր թեստավորման հնարավորությունը, իսկ եթե ազատազրկվածի կամ աշխատակցի թեստի արդյունքը դրական է, ապա թեստավորման հնարավորություն առաջարկվի այն ազատազրկվածներին և աշխատակիցներին, ում հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում շփումներ են ունեցել վարակված ազատազրկվածները:

 

Հանրային վայրերում դիմակ կրելը, հատկապես, եթե հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը, այսօր հանդիսանում է համատարած ընդունված միջոց, որի նպատակն է սահմանափակել COVID-19-ի լայն տարածման վտանգները: Ազատազրկված անձանց և աշխատակիցներին պետք է հասանելի լինեն դիմակներ, որոնք նրանք պետք է կրեն այլ անձնանց հետ շփվելիս: Սա բուժսպասարկման հավասարության սկզբունքի կոնկրետ կիրառում է, որը հաշվի է առնում նաև շփումների սերտությունը, որը բնորոշ է բանտային կյանքին:

 

Բուժման հասանելիություն

 

Կենսական նշանակություն ունի դեղորայքի և բուժման հասանելիությունը, իսկ ազատազրկված անձանց պետք է հասանելի լինի նույն բուժումը, ինչ հասարակության մյուս անդամներին: Բանտի վարչակազմը պետք է նաև ապահովի որակավորված անձնակազմի կողմից բուժման պատշաճ իրականացումն ու վերահսկողությունը (Բամուհամմադն ընդդեմ Բելգիայի): Եթե ազատազրկվածների առողջական վիճակը պահանջում է տեղափոխել նրանց հիվանդանոց, ապա պետք է նրանց փոխադրումը կազմակերպվի արագ և առողջական վիճակից բխող եղանակով (Ռաֆֆրայ Թադդեին ընդդեմ Ֆրանսիայի):

 

Այն ազատազրկվածներին, ովքեր չունեն դեղորայքի համար վճարելու ֆինանսական միջոցներ, այն պետք է տրամադրվի անվճար: Այս կանոնը պետք է կիրառվի նաև դիմակներով ապահովելուն, քանի որ դրանք կանխարգելիչ բուժօգնության մաս են:

 

Սոցիալական հեռավորություն

 

«Սոցիալական հեռավորության» կազմակերպումը բանտերում շատ զգայուն հարց է: Պետք է անդրադառնալ երեք խնդիրների` բանտարկյալների համար բնակելի տարածք, աշխատակազմի հետ շփումներ, կարանտինի և մենախցային մեկուսացման միջոցների կիրառում:

 

Աշխարհում բանտերի մեծ մասում բանտարկյալների համար բավարար կենսական տարածքի ապահովումը կառուցվածքային հիմնախնդիր է, քանի որ գերբնակեցումը բնորոշ է այդ բանտերից շատերին: ԽԿԿ-ն մշակել է դրան առնչվող նվազագույն չափանիշներ, որոնք ավելի են կարևորվում ընթացիկ ճգնաժամի պայմաններում. երկու և ավելի բանտարկյալներով բնակեցված խցերը պետք է 4 մ² բնակելի տարածք ապահովեն յուրաքանչյուր բանտարկյալին և սանհանգույցի հատվածը չի ներառվում այս հաշվարկում: Բազմաբնակիչ խցերի համար ԽԿԿ-ն նույնիսկ սկսել է խրախուսել «ցանկալի» ավելի բարձր ստանդարտներ  (երկու բանտարկյալների համար 10մ², երեքի համար` 14մ², չորսի համար` 18մ²), քանի որ համարում է, որ 4մ² դեռևս կարող է հանգեցնել նեղվածքի: Սակայն պարզ չէ, արդյո՞ք այս ստանդարտները բավարարում են COVID-19-ի համատեքստում սոցիալական հեռավության ապահովման պահանջներին: Բացի այդ, ԽԿԿ-ն բազմիցս քննադատել է ընդհանուր մեծ ննջարանային տարածքներով խցերի օգտագործումը, քանի որ դրանք անխուսափելիորեն ոչ միայն հանգեցնում են առանձնության բացակայության և ավելացնում ահաբեկման և բռնության վտանգները, այլև կարող են դառնալ բանտում COVID-19 վարակի բռնկման օջախներ: COVID-19- փոխանցումը զսպելու նպատակով բոլոր ազատազրկվածների համար պետք է իրականացվեն գերբեռնվածությունը նվազեցնելու և բնակության պայմանները բարելավելու միջոցառումներ, ինչպես արվել է տուբերկուլյոզի դեպքում:

 

Եթե պայմանները թույլ են տալիս, որոշ երկրներ` որպես սոցիալական հեռավորություն ապահովելու միջոց, կիրառել են փաստացի մենախցային մեկուսացում, երբ ազատազրկվածները գրեթե շուրջօրյա փակված են իրենց խցերում կամ կարանտինի մեջ են: Մենախցային մեկուսացման վնասակար ազդեցությունը հոգեկան, ֆիզիկական և սոցիալական առողջության վրա մանրամասն նկարագրել են ԽԿԿ-ն և ՄԱԿ-ի մարմինները: Բնականաբար կարող է առաջանալ վարակված կամ վարակված լինելու կասկած հարուցող ազատազրկվածի կարանտինի կամ մեկուսացման անհրաժեշտություն: Սակայն մեկուսացումը չպետք է լինի ավելի երկարատև, քան անհրաժեշտ է բժշկական ցուցումներից ելնելով, իսկ բանտարկյալի համար պետք է ապահովել ամենօրյա իմաստալից մարդկային շփումներ: Հաշվի առնելով բանտարկյալների բարեկեցության համար առաջացող վտանգները, պետք է արգելել դե ֆակտո մեկուսացման որևէ այլ ձև: Այլ խոսքով, անգամ եթե համավարակի ընթացքում պետք է ժամանակավորապես կասեցնել կենսական նշանակություն չունեցող գործունեությունը, բանտարկյալներին պետք է ամեն օր ապահովել առնվազ մեկ ժամյա զբոսանք, մարդկանց հետ շփումներ, իսկ ընտանիքի տեսակցությունների կասեցումը պետք է պատշաճ կերպով փոխարինվի հաղորդակցության այլ միջոցների ավելի մեծ հասանելիության միջոցով:

 

Վերջապես, բարդ հարց է փոխգործակցությունը ազատազրկվածների և աշխատակազմի ներկայացուցիչների միջև: Դրական փոխհարաբերությունները քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և ազատազրկված անձանց միջև կարևոր են առօրյա կյանքում և դրանք նպաստում են բանտի ներսում հսկողության և անվտանգության բարելավմանը: Համավարակի պայմաններում անձնակազմի և ազատազրկվածների միջև պետք է հնարավորինս պահպանել ֆիզիկական հեռավորություն: Սա առանձնակի կարևոր է մերկացմամբ ուղեկցվող անձնական խուզարկության ընթացքում, որը ենթադրում է սերտ շփում ազատազրկվածի և աշխատակիցների միջև: Չափազանց կարևոր է, որ մերկացմամբ ուղեկցվող անձնական խուզարկությունները կատարվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և անհատական ռիսկերի գնահատումից հետո՝ հաշվի առնելով դրանց ագրեսիվ և հնարավոր նվաստացնող բնույթը: COVID-19-ի առաջացրած վարակման վտանգները պետք է ստիպեն իշխանություններին կիրառել այս վաղեմի ստանդարտները: Եթե անհրաժեշտ է իրականացնել մերկացմամբ ուղեկցվող անձնական խուզարկություն, ապա անխոս պետք է կիրառվեն կանխագելիչ բոլոր միջոցները. նախապես պետք է լվանալ ձեռքերը և բոլորը պետք է կրեն դիմակ:

 

Թափանցիկության նոր ձևերի անհրաժեշտություն

 

Բազմաթիվ երկրներում իշխանությունների կիրառած մեկուսացման կանոնները և սահմանների փակումը թույլ չեն տալիս մշտադիտարկման մարմիններին` Կանխարգելման ազգային մեխանիզմներին (ԿԱՄ-եր), Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին (ԽԿԿ) և Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (ԽԿԵ) իրականացնել իրենց պարտականությունները: Ստուգումներն ու մշտադիտարկման այցերն առանցքային դերակատարում ունեն ազատազրկման վայրերում խոշտանգումները և վատ վերաբերմունքը կանխարգելելու հարցում: Համաձայն ԽԿԿ-ի` անկախ համավարակից «պետությունները պետք է շարունակեն ապահովել մշտադիտարկման մարմինների մուտքն ազատազրկման բոլոր վայրեր, այդ թվում` մարդկանց կարանտինի մեջ պահելու վայրեր»: ԽԿԵ-ն նույնպես խրախուսել են ԿԱՄ-երին շարունակել իրենց տեսչական առաքելությունների իրականացումը: Սակայն, թե՛ ԽԿԿ-ն, թե՛ ԽԿԵ-ն կոչ են արել մշտադիտարկման մարմիններին ձեռնարկել կանխարգելիչ բոլոր միջոցները և պահպանել «մի՛ վնասիր» սկզբունքը:

 

Հաշվի առնելով գործնական դժվարությունները, որոնց հետ այցերի ընթացքում առնչվում են մշտադիտարկման մարմինները, պետությունները պետք է թափանցիկություն ապահովելու լրացուցիչ պարտականություն ստանձնեն անազատության մեջ գտնվողների, նրանց ընտանիքների և հասարակության առջև: Նման բախտորոշ ժամանակաշրջանում բանտերը չեն կարող լինել անթափանց աշխարհ: Թափանցիկության այս ընդլայնված պարտականության սահմանումը դուրս է այս փաստաթղթի շրջանակից: Սակայն, երբ այն կիրառվում է վարակման վտանգից ազատազրկվածների կյանքն ու առողջությունը պաշտպանելու պարտականությունից ելնելով, այն` որպես հետևանք, պարտավորեցնում է պետություններին կանոնավոր հաղորդել զանազան տվյալներ, օրինակ` հայնտնաբերված դեպքերի և մահվան դեպքերի քանակը, ներառյալ` աշխատակիցների կազմում: Պետությունները պետք է նաև մանրամասն տեղեկություններ տրամադրեն կանխարգելիչ բժշկության, բուժօգնության և բանտարկյալների ռեժիմի առումով ձեռնարկված միջոցառումների մասին: Նման թափանցիկությունը բխում է բոլորի շահերից` սկսած հենց իշխանություններից, որոնք դրանով ցույց կտան իրենց հոգատարությունը հասարակության խոցելի ներկայացուցիչների հանդեպ:

 

**********

 

Դատարանը նշել է, որ արդարադատությունը չի կարող կանգնեցվել բանտի դարպասներին (Քեմպբելը և Ֆելն ընդդեմ Միացյալ Թագավորության): COVID-19-ը կանգ չի առնում բանտի դարպասներին: Ազատազրկման վայրում գտնվող անձինք չունեն այլ տարբերակ, քան դնել հույսն իրենց առողջությունը պաշտպանելու համար իշխանությունների ձեռնարկած միջոցների վրա: Պետությունը չունի այլընտրանք, քանի որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները սահմանում են ազատազրկվածների հանդեպ պետության հստակ պարտականությունները: Պետությունը չի կարող չձեռնարկել պատշաճ գործողություններ: Առանց հապաղելու։

 

Մայտե դը Ղյուն Բաց հասարակության հիմնադրամների Արդարադատության նախաձեռնության ծրագրային պատասխանատուն է և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախկին 1-ին փոխնախագահը

 

Աղբյուրը՝  Strasbourg Observer

https://strasbourgobservers.com/2020/05/18/access-to-healthcare-and-social-distance-during-covid-pandemic-cannot-stop-at-the-prison-gate/

 

osf.am

Դիտումներ՝ 1585

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????