Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն

March 28, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Համատեղ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ․ գործողությունների ծրագրով նախատեսվել է ոստիկանության համակարգում իրականացնել խորը ու համապարփակ փոփոխություններ։ Դրանց որոշ մասը իրականացվել են։ Ստեղծվել է նոր նախարարություն՝ Ներքին գործերի նախարարությունը, որն իր մեջ միավորել է

  • ՀՀ Ոստիկանությունը,
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
  • Փրկարար ծառայությունը։

 

Ոստիկանության համակարգը ՆԳՆ համակարգում ներառելը հնարավորություն է տվել ոստիկանության համակարգը բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ՝ մի բան, որը հնարավոր չէր անել նախկին համակարգի ներքո, քանի որ Ոստիկանությունը ֆորմալ առումով կառավարության մաս չէր կազմում։  Սա նշանակալի ձեռքբերում է, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, հատկապես արդյունավետ կառավարման երկու կարևոր հատկանիշների՝ թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով։ Այդուհանդերձ, նորաստեղծ ՆԳՆ-ի նկատմամբ դեռ չեն նկատվում խորհրդարանական կառավարման ակտիվ գործընթացներ։ Ազգային ժողովը չի ցուցաբերում ակտիվություն ու նախաձեռնողականություն ՆԳՆ-ի գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ։ Խորհրդարանական վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսին են խորհրդարանական լսումները,  հարցապնդումները, պատգամավորների բանավոր ու գրավոր հարցումները, մշտական ու ժամանակավոր հանձնաժողովների կողմից վերահսկողական լիազորությունները կիրառվել են սահմանափակ եղանակով ու անարդյունավետ կերպով։ Թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ունեցել է մասնակցություն օրենսդրական փաթեթների քննարկման գործընթացքում, սակայն այդ մասնակցության ծավալը, բովանդակությունը և արդյունավետությունը հանրությունը գնահատելու հնարավորություն չունի, քանի որ ոստիկանության բարեփոխումների քաղաքականության, օրենսդրության մշակման խորհրդարանական վերահսկողությունը չունի բավարար հանրայնություն։

 

2020-2022 թվականների բարեփոխումների ռազմավարական ծրագրի հաջորդ ուղղություններից մեկը քրեական դատավարության գործընթացում ոստիկանության համակարգի ներգրավվման հնարավորության ստեղծումն էր։ Մինչև 2014 թվականը ոստիկանության համակարգում գործում էր քննչական ենթակայության մարմին, որն իրականացնում էր քրեական գործերով նախաքննություն, իսկ մինչև 2022 թվականի հուլիս ամիսը ոստիկանությունը իրականացնում էր հանցագործությունների մասին հաղորդումներով հետաքննչական գործառույթ, որն, ըստ էության, քրեական գործի քննության նախնական փուլ էր։ Այդուհանդերձ, 2021 թվականի մայիսին Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումով, որն ուժի մեջ մտավ 2022 թվականի հուլիսից, գործնականում ռազմավարական այդ հայեցակարգի իրագործումը դարձրեց բացարձակապես անհնարին։ Այս լույսի ներքո հարց է բարձրանում, թե արդյոք ռազմավարության մշակողները 2020 թվականի դրությամբ չէին կարող կանխատեսել, որ նոր զարգացումների պայմաններում գործնականում անհնար կլիներ ռազմավարական այդ պլանի իրագործումը։

 

Ռազմավարական հաջորդ կարևոր ուղղությունը համայնքային ոստիկանության բարեփոխման հայեցակարգն էր, որով առաջարկվում էր օպտիմալացնել այս ոլորտը համայնքային ոստիկանությանը մի շարք ոչ ոստիկանական գործառույթներից ազատելով, օրինակ՝

  • դատական ծանուցագրերի հանձնումը,
  • կալանավորված անձանց ուղեկցումը,
  • զինվորական վարժական հավաքների կազմակերպչական աշխատանքներին օժանդակությունը և այլն։

 

Այդուհանդերձ, համայնքային ոստիկանությունը դեռ շարունակում է այս գործառույթների իրագործումը։ Սակայն նախատեսվում է մոտ ապագայում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որպեսզի սեղմ ժամկետներում մշակվի ոչ ոստիկանական գործառույթները այլ  ստորաբաժանումներին հանձնելու վերաբերյալ օրենքների փոփոխությունների նախագծեր։ Ռազմավարությամբ նախատեսված էր համայնքային ոստիկանության գործառույթներն իրականացնել բազմաֆունկցիոնալ ոստիկանության միջոցով, որի պայմաններում առաջարկվում էր համայնքային ոստիկնության որոշ գործառույթներ փոխանցել պարեկային կամ որևէ այլ ոստիկանական ծառայությանը։ Սակայն կայացվել է ռազմավարական որոշում, որ համայնքային ոստիկանության ծառայությունը պետք է իրականացնել ինքնուրույն կերպով, և վերջինիս գործառույթները պարեկային կամ որևէ այլ ոստիկանական ծառայության չեն փոխանցվելու։ Միևնույն ժամանակ, որոշվել է ընդլայնել համայնքային ոստիկանության լիազորություններ ու սահմանել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնելու նոր լիազորություններ համայնքային ոստիկանների համար։ Դեռ ընթացքի մեջ են համայնքային ոստիկանի վերջնական տեսլականի մշակումը և հայեցակարգի կազմումը։ Տեսլականը նախատեսված չի եղել 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարությամբ, իսկ հստակորեն մշակված հայեցակարգի բացակայությունը խոչընդոտում է բարեփոխումների իրականացումը։ Այս անորոշությունը նաև պայմանավորված է 2024-2026 թթ․ ռազմավարության մշակման անավարտ լինելու հանգամանքով։

 

Մշակվել է Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել ոստիկանական նոր ծառայություն, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարկական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևոր օբյեկտների պահպանության, պետական պատվիրակությունների ուղեկցման, ռազմական և  արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ։ Այս նախագծի կարևորագույն արդունքը լինելու է այն, որ ոստիկանության ուժերը կդադարեն մասամբ համարվել զինված ուժերի բաղկացուցիչ մաս, քանի որ ներկա կարգավորմամբ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո։ Նման հայեցակարգը չի բխում ոստիկանության խնդիրներից։ Կարևոր բարեփոխում է ՆԳՆ-ի օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծումը, որը հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և ահազանգերի ընդունման և հաշվառման կենտրոնացված, համընդհանուր հարթակ է։

 

Բարեվարքության համակարգի ներդրումը ՆԳՆ համակարգում բարեփոխման ռազմավարական ծրագրի կարևոր տարր է։ Սակայն, այս ուղղությամբ աշխատանքները դեռ անցումային փուլում են ու բավարար չափով չեն կատարվել։ Ներկայումս բացակայում է ոստիկանության բարեվարքության արդունավետ, ժամանակակից ու ամբողջական համակարգ, որը կբավարարի Հանրային ծառայության մասին օրենքի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ կարիք ունեն ոստիկանության ծառայողի վարքագծի ու ծառայողական քննության նյութաիրավական հիմքերը օրենսդրությունում, ինչպես նաև ներկա կարգապահական կանոնագիրքը։ Ոստիկանության ծառայողների կարգապահական պատասխանատվության մասին որոշումները չեն հրապարակվում, որի պատճառով անհնարին է գնահատել այդ որոշումների իրավաչափությունը։ Ատեստավորման գործընթացում չի քննվում ոստիկանության ծառայողի բարեվարքությունը, թեև այդ մասին նշվում է կարգավորող փաստաթղթում։ Այդուհանդերձ, կան նաև դրական միտումներ։ Ոստիկանության կադրերի համալրման գործընթացներում կիրառվում են բարեվարքության նորմեր ու սկզբունքներ։ Սակայն բարեվարքության համակարգի ամբողջական բարեփոխմանն ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ կան անելու։  

 

Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 360

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????