Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն
Հայաստանը Մաքսիմ Վայտկյավիչուսին ճանաչել է փախստական և տրամադրել ապաստան։
2024թ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը ձեռբակալում է Վրաստանից Հայաստան մուտք գործած Բելառուսի քաղաքացի Մաքսիմ Վայտկյավիչուսին։ Մաքսիմը Բելոռուսի ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին է մասնակցել ունի ընդդիմադիր հայացքներ, որոնց պատճառով էլ ցույցերից մեկի ժամանակ բերման է ենթարկվել, 15 օր պահվել կալանքի տակ, խոշտանգվել ու ենթարկվել անմարդկային վերաբերմունքի։
Վերջինիս նկատմամբ Բելառուսի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «զինվորական ծառայությունից խուսափելու» հիմքով։
Մաքսիմ Վայտկյավիչուսի իրավունքները և շահերը դատարաններում և ՀՀ պետական մարմիններում ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը։
Փետրվարի 9-ին Տավուշի մարզի Դատախազության կողմից միջնորդություն է ներկայացվում Դատարան Մաքսիմին կալանավորելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով, որ Բելառուսի իրավապահ մարմինները նրա հանդեպ հետախուզում են հայտարարել։ Արդյունքում դատարանը բավարարում է միջնորդությունը․ Մաքսիմը կալանավորվում է 40 օր ժամկետով, ապա անընդհատ ժամկետը երկարացվում էր։
ՀՀ գլխավոր դատախազությունը 2024 թ․ ապրիլին ստացել է Բելառուսի Հանրապետությունից հանձման մասին միջնորդություն։
Մաքսիմը ձերբակալվելուց անմիջապես հետո դիմել էր ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, հայցելով ապաստան։
Ապաստան տրամադրելու մասին որոշմամբ արժանահավատ են ճանաչվել քաղաքական հետապնդման ենթարկվելու փաստ և արձանագրել է, որ Բելառուսի իշխանությունը չի հանդուրժում այլակարծությունը․ անձինք տարբեր մեղադրանքներով կարող են դատապարտվել ազատազրկման։ Ապաստան տրամադրելու որոշման մեջ արձանագրվել է, որ կամայական ձերբակալությունները և կալանավորումները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների պարբերաբար խախտումներով։
Ապաստան տրամադրելու որոշման հիման վրա երեկ ուշ երեկոյան 4 ամիս անազատության մեջ պահվելուց հետո Մաքսիմ Վայտկյավիչուսը ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։