Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ
2021 թ․ օգոստոսի 25-ին Երևան քաղաքի դատարանում Սաշիկ Սուլթանյանի գործով առաջին դատական նիստն էր նշանակված։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։
Օգոստոսի 25-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ արձակուրդում գտնվելու պատճառով։
Հիշեցնենք՝ քրեական գործի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է՝ yezidinews.com լրատվամիջոցի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորման հետ կապված որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։
Եզդիերենով այս զրույցը ոչ ճշգրիտ թարգմանության ու բովանդակության խեղաթյուրման արդյունքում դարձել է շահարկումների առիթ, ավելին՝ հարուցվել է քրեական գործ։ Սա, թերևս, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ տարիներ շարունակ տեղի ունեցող հետապնդումների տրամաբանական շարունակությունն է։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու համար Սաշիկ Սուլթանյանը բազմիցս թիրախավորվել է։ Ինչ վերաբերում է այս քրեական գործին, ապա այն բացահայտ անհիմն է, ուղղորդված է և նպատակ ունի խոչընդոտելու Սաշիկ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեությունը։ Սաշիկ Սուլթանյանի պաշտպաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը գործի նախաքննության ընթացքում բաձրաձայնել են դրա մասին, ներկայացրել միջնորդություններ, բայց դրանք անտեսվել են։
Նշենք, որ ի պաշտպանություն Սաշիկ Սուլթանյանի հանդես են եկել ոչ միայն հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները, այլև Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Հայաստանում իրավապաշտպանների դեմ շարունակվող հետապնդումների շուրջ իր մտահոգությունն է հայտնել Մարդու իրավունքների տուն հիմնադրամը։ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարություն են տարածել ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների, խոսքի ազատության, իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող-փորձագետները և շեշտել, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ մտահոգությունների բարձրաձայնումը թշնամանքի հարուցում չէ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին։