Գործունեություն | Հրապարակումներ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող մի քանի կարևոր ռազմավարական գործերով արդեն արձանագրվել է այն մտահոգիչ մոտեցումը, երբ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի կողմից, առարկայական ընդդատությամբ պայմանավորված, առաջացել են գործերի պատշաճ քննությունն ապահովելու խնդիրներ։
Մասնավորապես, մի դեպքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և ՀՀ Հակակոռուպցիոն դատարաններից յուրաքանչյուրը իրեն ներկայացված բողոքին ի պատասխան որոշել է, որ տվյալ գործն ընդդատյա չէ իրեն և մերժել է բողոքի քննությունը՝ առանց գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու, իսկ մյուս դեպքերում՝ այս դատարանների միջև տեղի է ունեցել ներկայացված դատական գործի՝ «ըստ առարկայական ընդդատության» փոխանցումների անվերահսկելի շրջապտույտ, ինչը վկայելով այս դատարանների լիազորությունների և քննվելիք գործերի շրջանակի անհստակության մասին, միաժամանակ հանգեցնում է արդարադատության իրականացման ու գործի բուն էության քննման խաթարմանը։
Ստացվում է, որ դատավորների՝ բողոքի ընդդատության հետ կապված հարցը ճիշտ չկարգավորելու արդյունքում ոչ արդյունավետ է գործում դատական մատչելիության սկզբունքը, միաժամանակ՝ խախտելով գործի ողջամիտ քննության օրենսդրական պահանջը, ինչի արդյունքում չեն պահպանվում բողոքի քննության համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետները և դատական պաշտպանությունը նման դեպքերում դառնում է ոչ արդյունավետ։
Մեկ տարվա ընթացքում ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացվող ռազմավարական գործերից չորսով արդեն արձանագրվել է այս խնդիրը՝ երբ այս դատարանների միջև համանման “փոխանցումների” արդյունքում խախտվել է գրասենյակի ռազմավարական գործերի պատշաճ, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական երաշխիքը։ Ուստի, նման արատավոր դատավարական պրակտիկային համակարգային լուծում տալու նպատակով բոլոր այդ գործերի վկայակոչմամբ համապատասխան դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բարձրաձայնված խնդրի առնչությամբ ՀՀ դատական համակարգում միասնական պրակտիկայի ձևավորումն ապահովելու պահանջով։