Գործունեություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2021 թվականի մարտի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․3- րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառումն ապահովելու և դրան ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու պահանջների վերաբերյալ գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
Դեռևս 2016 թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 1087.3-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ․ «Խոշտանգումից տուժած անձի վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետությունը, որը փոխհատուցել է պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած փոխհատուցման չափով»:
Չնայած նրան, որ 2017 թվականին այս օրենքը ուժի մեջ է մտել, սակայն գործնականում դրա կիրառելիությունը լիարժեք ապահովված չէ․ այս հարցով 2019 թվականից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն։ Այսպես՝ կարող ենք նշել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած չորս վճիռները, որոնցում արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտումներ, պարտավորեցրել են ՀՀ-ին դիմումատուներին փոխհատուցել 33,600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ ՀՔԱՎ-ի դիմումին՝ պետության կողմից հետադարձ պահանջի ներկայացման մասին տեղեկատվություն տրամադրելու, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ այդ վճիռների կատարման նպատակով համապատասխան ֆինանսական միջոցները հատկացվել են ՀՀ արդարադատության նախարարությանը, քանի որ այլ պետական մարմնի կողմից համապատասխան հիմքեր չեն ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն հետադարձի պահանջի համար։
Այնուամենայնիվ, 1087.3 -րդ հոդվածի 7-րդ կետով ամրագրված է հետադարձ պահանջ կիրառելու պետության իրավունքը, ինչը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձին, ով խախտել է անձանց՝ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բացարձակ իրավունքները, ինչպես նաև կանխարգելել խոշտանգման հետագա դեպքերը։
Այսինքն՝ հետադարձ պահանջի (ռեգրեսի) ինստիտուտի կայացումը ոչ միայն նախատեսում է նյութական վնասի փոխհատուցում ստանալու իրավունք, այլ նաև պետության կողմից հետադարձ պահանջ է ներկայացնում այն պաշտոնատար անձին կամ անձանց, որոնց որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառվել է վնասը։
Այսպես՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2021 թ. մարտի 5-ի գրության՝ ՀՀ ԱՆ-ն նշել է, որ պաշտոնատար անձի նկատմամբ հետադարձ պահանջ կիրառելը պետության ոչ թե պարտականությունն է, այլ իրավունքը, և որ պետությունը, ըստ անհրաժեշտության, որոշում է` կիրառել այն, թե ոչ․ երբ պետությունը բավարար միջոցառումներ և քայլեր չի ձեռնարկում, պաշտոնատար անձը կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձը շատ դեպքերում պատասխանատվություն չի կրում, ինչը վկայում է նրանց անպատժելիության և խոշտանգման դեպքերի շարունակականության մասին։