Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զորակոչիկների իրավունքների պաշտպանության շրջանակում հաճախ է բախվում մի իրավիճակի, երբ զինծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները, համաձայն չլինելով որոշման հետ, բողոքարկում են այն և մերժում ստանում։ Նման իրավիճակներում, որպես կանոն, գործը հասնում է դատարան։ Վարչական դատարանն էլ այս գործերի քննությունն այնքան է ձգձգում, որ բողոք ներկայացնող զորակոչիկները լրացուցիչ խնդիրների առաջ են կանգնում՝ ընդհուպ մինչև քրեական գործեր։
Զորակոչի գործընթացում իրավասու պետական մարմինների վարքագծի վերաբերյալ ՀՔԱՎ ուսումնասիրության արդյունքներով, որի հիմքում 2020 թ․-ին և 2021-ի առաջին կեսին ՀՔԱՎ դիմած զորակոչիկների գործերն են, երբ զորակոչիկները զինծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչելու մասին որոշումները համապատասխան հիմնավորումներով բողոքարկում են Պաշտպանության նախարարին կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, բողոքի փաստական և իրավական հիմքերը պատշաճ քննության չեն արժանանում։ Նույն պատկերն է նաև զինծառայողների դեպքում, երբ նրանք անհամաձայնություն են ունենում իրենց վերաբերյալ կայացված որոշումների հետ և բողոքարկում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին։
Որպես կանոն՝ վարչական բողոքի վերաբերյալ կայացված որոշման մեջ նշվում է գործի նախապատմությունը, այնուհետև առանց փաստական և իրավական հիմնավոր վերլուծության՝ բողոքի վերաբերյալ որոշումը։ ՀՀ պաշտպանության նախարարության վարքագիծը տարիների կտրվածքով էական փոփոխության չի ենթարկվում։
Այսպիսի անհիմն որոշումներ ստանալուց հետո ՀՔԱՎ-ը զորակոչիկների ու զինծառայողների իրավունքները վերականգնելու նպատակով դիմում է դատարան։ Հուսադրող չէ պատկերը նաև Վարչական դատարանում։
Չնայած այս գործերի քննության դեպքում Վարչական դատարանը կողմնակալ վերաբերմունք չի դրսևորում, բայց շարունակում են մտահոգիչ մնալ զորակոչիկների գործերի քննության ժամկետները։ Որպես կանոն՝ գործերի քննությունը ձգձգվում է և չի հանգուցալուծվում մինչև զորակոչի ավարտը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։ Չնայած այս խնդիրը ՀՔԱՎ-ն արձանագրել է նաև նախկինում և առաջարկել հստակ ժամկետներ սահմանել, սակայն ինչպես տեսնում ենք, առաջարկը չի քննարկվել։
Բանն այն է, որ նման գործերի երկարատև քննության արդյունքում կամ զորակոչիկը նորից է կանչվում համապատասխան փուլերով անցնելու, կամ, եթե հրաժարվում է ծանուցագիրն ստանալուց, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում՝ զինծառայությունից խուսափելու համար։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նաև նրան, որ մինչև բոլոր ատյաններով ու ընթացակարգերով գործը անցնի, անձն այլևս ենթակա չլինի զորակոչի՝ 27 տարին լրանալու հիմքով։
Այս անհասկանալի իրավիճակից խուսափելու համար կրկին առաջարկում ենք պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչի ընթացքում ընդունված վարչական ակտերի, գործողության կամ անգործության դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերով օրենքով ամրագրել վարչական գործերի քննության և դրա շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների կատարման այնպիսի ժամկետներ, որ հնարավորություն կընձեռի դատարանի որոշումն ունենալ մինչև զորակոչի ավարտը, ինչպես օրինակ սահմանված է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով։
Նշենք, որ գործերի դատական քննության ժամկետների խնդիր կա նաև վաղաժամ զորացրված զինծառայողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման գործերով։