Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ պատերազմի դադարեցման հայտարարություն ընդունելուց հետո ԱՀ/ԼՂ ու ՀՀ առնվազն 10 քաղաքացի հայտնվել է ադրբեջանական գերության մեջ։ Այդ մասին հայտնի է դարձել ադրբեջանական սոցտիրույթում շրջանառվող հոլովակներից։
ԱՀ/ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ահազանգերն ստանալուց հետո պարզվել է բռնի անհետացածների ինքնությունը և տվյալները փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:
Եվրոպական դատարանը հրատապ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել գերության մեջ հայտնված ևս 17 զինծառայողի հարցով։ Այս մասին հայտնել են գերիների ընտանիքների անունից դիմումները ՄԻԵԴ ներկայացրած Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը։
Իսկ արդեն նոյեմբերի 20-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի. թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը: Իսկ նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը:
Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջոցով և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ արդեն հայկական կողմի 350 զինծառայողի դի է հայտնաբերվել կամ փոխանակվել Շուշի, Մարտունի, Կարմիր Շուկա, Մատաղիս բնակավայրերի ուղղությամբ։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին: Հայկական կողմը ԿԽՄԿ-ի պատվիրակությանը ներկայացրել է հատուկ մշակված քարտեզ` զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհայտ կորած անձանց գտնվելու վայրերի հստակ տեղանշումներով, որն ամենօրյա թարմացված ռեժիմով տրամադրվելու է ԿԽՄԿ պատվիրակությանը` որոնողական աշխատանքներն առավել օպերատիվ իրականացնելու նպատակով:
ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը իր թվիթերյան էջում հայտնել է, որ դիերի փոխանակման գործողությունների շրջանակում ԱՀ/ԼՂ երեք քաղաքացու դի ևս հայտնաբերվել է, դրանք ակնհայտ բռնության հետքեր են ունեցել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Արցախում/ԼՂ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ նոյեմբերի 17-ին տեսանյութ է հրապարակել, որում լրացուցիչ ապացույցներ կան ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների՝ մարդկության դեմ ուղղված ու պատերազմական հանցագործությունների մասին: Փաստահավաք աշխատանքներին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը: Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցել են միջազգային լրագրողներ և փորձագետներ, նրան ընդունել և ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունների մասին տվյալներ է ներկայացրել նաև ԱՀ/ԼՂ ՄԻՊ-ը։
Քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական կողմի վայրագությունների մասին փատեր Հայաստանում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ՀՀ ՄԻՊ-ը։
ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը, ապա նաև՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը վերահաստատել են ադրբեջանական կողմից օտարերկրյա զինյալների օգտագործումը և կոչ են արել անհապաղ դուրս հանել նրանց հակամարտության գոտուց։
Արցախի ՄԻՊ-ի և Կոլումբիայի համալսարանի միջև ստորագրվել է համաձայնագիր, որով մեկնարկել է հետազոտական նախագիծ` Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հանրահռչակման ուղղությամբ:
ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները միջազգային մարմիններին են ներկայացրել էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինուժի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը, որը վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին:
Պատերազմի սկզբից իվեր պաշտոնական աղբյուրները հայկական կողմից ադրբեջանական ագրեսիային զոհ գնացած 56 խաղաղ բնակչի մասին են հայտնել։
Լուսանկարը՝ facebook.com/RescueServiceOfTheNKR