Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոյեմբերի 13: Արցախի/ԼՂ դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դադարից հետո սկսվել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

November 14, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի 13-ին մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

 

Նշենք, որ հրադադարի մասին նախորդ երեք համաձայնությունների ձեռքբերումից հետո հրադադարի ռեժիմի չպահպանման պատճառով Կարմիր խաչը մարդասիրական գործողություններ իրականացնելու հնարավորություն չի ունեցել։ Չնայած նրան, որ հրադադարի պահպանման կոչեր են հնչել նաև միջազգային կառույցներից։ Դիակների փոխանակման անհնարինությամբ պայմանավորված իրավիճակի մասին ահազանգել էր նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

 

2020 թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները անհապաղ դադարեցնելու կոչով։

 

ՀՀ ԱԳՆ կայքէջում նշված է, որ Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965 թ. միջազգային կոնվենցիայով սահմանված կարգով:  

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էլ, ամփոփելով պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները, նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ կատարվել են խոշտանգումներ ու դաժանություններ միայն այն բանի համար, որ նրանք էթնիկ հայ են։ Ու այդ ամենը նրանք կատարել են բացառիկ ցինիզմով ու տեռորիստական մեթոդներով՝ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի, սեփականության ու շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումներով:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանը այս ահազանգը հնչեցրել է պատերազմի ողջ ընթացքում, ահազանգել է նաև ԱՀ/ԼՂ-ում շարունակվող հումանիտար աղետի մասին։

 

Նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված հումանիտար ճգնաժամի մասին էլ ահազանգել են ինչպես ՀՀ առողջապահության նախարարը, այնպես էլ միջազգային հանրությունը։

 

ԱՀ/ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների արձանագրված խախտումների մասին։

 

ԱՀ/ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը նախորդ օրերին ևս զեկույցներ է հրապարակել պատերազմի ընթացքում Ադրբեջանական զինուժի կողմից Արցախում մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների մասին։

 

Երեխաների կրթական իրավունքների խախտումների մասին էլ ավելի վաղ ահազանգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հայտարարություն էր տարածել նաև Երեխաների պաշտպանության ցանցը։

 

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակեց արտահերթ զեկույց՝  ՀՀ-ի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինուժի հարձակումների վերաբերյալ:

 

ՀՀ և ԱՀ/ԼՂ մարդու իրավունքների պաշտպանները Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների խախտումների մասին իրազեկել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին նրանց հետ հանդիպման ընթացքում։ Նրանք հրապարակումներ են արել նաև ադրբեջանական կողմի գերեվարած զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, բռնության, խոշտանգման դեպքերի մասին։

 

Նոյեմբերի 7-ին ՀՀ և ԱՀ/ԼՂ մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

 

Ահազանգեցին նաև գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին տիրանալու և էջերը կառավարելու մասին։

 

Նշենք, որ Հայկական միասնական տեղեկատվական  կենտրոնի հրապարակած տվյալներով՝ ողջ պատերազմի ընթացքում ադրբեջանական ագրեսիային զոհ է  գնացել 53 խաղաղ բնակիչ՝ Արցախում և Հայաստանում։ խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է շուրջ 150 վիրավոր, վնասվել է շուրջ 20.000 գույք-շենք և շինություն:

 

Ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններըհ դրսևորվել են ինչպես Արցախի/ԼՂ և Հայաստանի խաղաղ բնակչության, այնպես էլ տեղում աշխատող, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչ լրագրողների թիրախավորմամբ։

 

Արցախի/ԼՂ խաղաղ բնակչության նկատմամբ արգելված զինատեսակների կիրառման մասին ահազանգեցին միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ադրբեջանական զինուժի թիրախում հայտնվեց նաև ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի բժշկական կենտրոնը, որտեղ բուժում էին ստանում քաղաքացիական անձինք, երկու անգամ թիրախավորվեց նաև ծննդատունը։

 

Հոկտեմբերի 24-ին աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճաններ տվեց։

 

Պատերազմի առաջին օրերից հայկական կողմը հայտարարեց ադրբեջանակն կողմից Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ վարձկանների ներգրավման մասին, ավելի ուշ այդ փաստն արձանագրեցին ՌԴ-ը, Ֆրանսիան, միջազգային կառույցներ ու լրատվամիջոցներ։

 

Ադրբեջանը Արցախի/ԼՂ նկատմամբ կիրառեց նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող հրկիզվող զինատեսակ։ Ինչպես այդ՝ քիմիական տարրեր պարունակող զինատեսակի, այնպես էլ այլ զինատեսակների կիրառման հետևանքով ՀՀ-ում և Արցախում/ԼՂ ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք է ոչնչացել։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը այդ առիթով դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝պատերազմի դադարեցման հայտարարություն ընդունելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Ըստ հայտարարության՝ պատերազմը դադարեցվեց ժամը 01.00-ից։

 

Պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության թիրախավորման՝ Ադրբեջանի զինուժի գործողություններին ավելի մանրամասն անդրադարձել ենք մեր ամենօրյա ամփոփումներում և հայտարարություններում։

 

Լուսանկարը՝ www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter

Դիտումներ՝ 769

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????