Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կանայք զինված ուժերում․ միջազգային փորձն ու չափանիշները

May 5, 2023

Գործունեություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2023 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ դրեց օրենքի նախագիծ, ըստ որի իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել Զինված ուժերում: Այս նախագծով հնարավորություն է տրվում, որ կանայք կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինվորական ծառայություն անցնեն: Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարության նիստի ժամանակ նշեց՝ խնդիր են դրել, որ կանանց համար հնարավորինս նոր կամ շատ թարմ ենթակառուցվածքներ լինեն, քանի որ սա նոր էջ է, և պետք է նոր բովանդակությամբ և թարմությամբ այդ գործընթացը սկսել։ 

 

Ծառայության ավարտից հետո կանայք կստանան 1 մլն դրամ պարգևավճար։ Իգական սեռի զինծառայողներն իրավունք կունենան 6-ամսյա ծառայության հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել պայմանագրային զինվորական ծառյության 5 տարի ժամկետով։

 

Արդեն 2023 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կառավարությունը  օրենքի նախագիծը հաստատելու և ՀՀ Ազգային ժողովին ներկայացնելու մասին որոշում ընդունեց։ 

 

Նկատենք, որ Հայաստանը առաջին պետությունը չէ, որ ներդնում է զինված ուժերում կանանց ներգրավման ինստիտուտը։ Եվ բնականաբար հարց է ծագում, թե ինչքանով են ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբը հաշվի առել այլ պետություններում զինված ուժերում կանանց ներգրավման հետ փորձը, ինչքանով է պաշտպանության նախարարությունը հաշվի առել զինված ուժերում կանանց ծառայության կազմակերպման հետ կապված անխուսափելիորեն ծագող խնդիրները և ինչքանով է պատրաստ կառավարել կանանց զինծառայության հետ կապված խնդիրները, ռիսկերը։ Այս ամենի մասին չունենք որևէ տեղեկություն, չի ներկայացվել որևէ մոտեցում, հասկանալու համար, թե ՀՀ զինված ուժերում կատարվել են արդյոք անհրաժեշտ ինստիտուցիոնալ, իրավական, նյութատեխնիկական հարմարեցումներ, փոփոխություններ, ներդրվել են արդյոք համապատասխան կրթական ծրագրեր՝ ապահովելու համար զինված ուժերում կանանց արժանապատիվ ծառայության համար պայմաններ։

 

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ ներկայացվող հրապարակամն մեջ կներկայացնենք տարբեր պետությունների զինված ուժերում կանանց ներգրավման հետ կապված փորձերը, առաջացած խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները, որոնք, կարծում ենք՝ ցույց կտան այն մարտահրավերները, որոնց անխուսափելիորեն կառերեսվենք զինված ուժերում կանանց ներգրավման գործընթացում։

 

Որպես նման տեղեկատվության աղբյուր օգտվել ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից 2008 թվականին տպագրված «‎Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկից, որում ներկայացված է տարբեր պետությունների փորձը։

 

Ըստ ձեռնարկի՝ թեպետ շատ երկրներում կանանց դե յուրե թույլատրվում է ծառայել զինված ուժերում, դե ֆակտո նրանք դեռևս բախվում են սեռի հատկանիշով խտրական վերաբերմունքի դրսևորումների։ Զինված ուժերում կանայք հիմնականում չեն զբաղեցնում բարձր պաշտոններ ու դրա հետևանքով  կին զինծառայողները այն համոզմունքին են, որ իրենք պետք է կրկնակի և ավելի մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի վայելեն այն նույն հարգանքը, որն ունենում են  տղամարդ զինծառայողները։

 

Ձեռնարկում նշվում է նաև, որ կին զինծառայողները ծառայության ընթացքում բախվում են նաև սեռական ոտնձգությունների, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում պաշտպանության նախարարության և հավասար հնարավորությունների հանձնաժողովի կողմից 2006 թվականին անցկացված սոցիալական հարցման արդյունքների համաձայն` գրեթե բոլոր կին զինծառայողները, իրենց աշխատավայրում լսել են սեռական բնույթի կատակներ և պատմություններ, ինչպես նաև առնչվել են սեռական բառապաշարի օգտագործման ու սեռական բնույթի նյութերի։ 15 տոկոսն ունեցել է «առանձնապես վհատեցնող» փորձ, իսկ 4 տոկոսը հայտնել է, որ ենթարկվել է սեռական հարձակման։ Միացյալ Նահանգներում պաշտպանության դեպարտամենտն ընդունել է, որ 2005 թ.-ին եղել է սեռական հարձակման դեպքի մասին 2,374 հաղորդում։ Սա 40 %-ով ավելի է 2004 թ. ընթացքում տրված հաղորդումների թվից (1,700)։ Իսկ 2004 թ. վիճակագրությունը 25 %-ով գերազանցում էր 2003 թ. արձանագրված թիվը (1,012)։ 2003 թ. տվյալներով` 2002 թ. վիճակագրության համեմատ` աճը կազմել է 41 %։ Հաշմանդամության նպաստի համար դիմած կին վետերանների թվում մարտական գործողություններին մասնակցած վետերանների 69 և անմիջապես մարտական գործողություններին չմասնակցած վետերանների 86 %-ը հաղորդել են ծառայության ընթացքում կամ դրանից հետո սեռական հարձակման ենթարկվելու մասին։

 

Որոշ երկրներ, առերեսվելով զինված ուժերում կանանց նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերին, մշակել են տարբեր մեխանիզմներ դրանք կանխելու նպատակով։ Օրինակ՝ Դանիայի պաշտպանության ուժերի հրամանատարությունը, զինծառայող կանանց նկատմամբ սեռական հետապնդումները կանխելու և դրանց դեմ պայքարելու նպատակով ձեռնամուխ է եղել մի քանի միջոցառումների իրականացման, մասնավորապես՝ ստեղծել է հոգեբանական խորհրդատվության թեժ գիծ և հիմնադրել տեղական խորհրդատուների ծառայություն։ Խորհրդատուների ստանձնած դերն այժմ լայն ճանաչում ունի տեղական մակարդակով, և ինչպես ծառայակիցները, այնպես էլ ղեկավարությունը ծագող վեճերի լուծման նպատակով սկսել են ակտիվորեն դիմել նրանց օգնությանը։ Ավելին, 2006 թ. հունվարին Դանիայի զինված ուժերը ներդրել են այնպիսի հատուկ կանոններ և նորմատիվ ակտեր, որոնցով առանձին գործողություններ ճանաչվել են պատժելի։ Սակայն սա չի մեղմել իրավիճակը, քանի որ ոչ թե շեշտադրել է խնդրի բացառումը, այլ դրա հետևանքների մեղմումը։ Այս մասին է վկայում նաև 2022 թվականին   euromil.org-ում հրապարակված հոդվածը՝  «Կանայք խոսում են զինված ուժերում վիրավորական վարքագծի մասին» (Դանիա), որում նախկին և ներկայիս կին զինծառայողները պատմում են, թե ինչ ոտնձգությունների են ենթարկվել զինված ուժերում ծառայության ժամանակ։ 

 

Զինված ուժերում կանանց ներգրավման վերաբերյալ տարբեր պետությունների ունեցած դրական և բացասական փորձի հիման վրա ԵԱՀԿ ձեռնարկում առանձնացվել են մի շարք հանձնարարականներ, դրանք են՝ 

 

• Զինված ուժերի ոլորտում հավասար հնարավորությունների վերաբերյալ օրենսդրությունը պետք է կիրառվի` հիմնվելով բազմազանության կառավարման և գենդերային խնդիրների համակարգված կարևորման սկզբունքների վրա: 

•  Զինծառայողները պետք է հավաքագրվեն` ելնելով նրանց իրական, ոչ թե ենթադրյալ ունակություններից: 

•  Սպաներին պետք է համարժեք ուսուցում տրամադրվի, այդ թվում՝ մշակույթի, գենդերային հարցերի և գանգատարկման ընթացակարգերի վերաբերյալ: 

•  Հրամանատարներն իրենց դիրքը պետք է օգտագործեն վատ վերաբերմունքի դեպքերը կանխելու և պատժելու համար: 

•  Հրամանատարները պետք է խթանեն փոխադարձ վստահության և հարգանքի մշակույթը: 

•  Պետք է բացառվի հանդուրժողականությունը զինված ուժերում սեռական հետապնդումների և սեռական բռնության նկատմամբ։ Հետապնդման կամ բռնության դեպքում պետք է ապահովված լինի պատիժների արդյունավետ համակարգի առկայությունը: 

•  Ուսուցման ընթացքում զինծառայողները պետք է տեղեկացվեն այն մասին, թե որ վարքագիծն է համարվում հետապնդում: 

•  Հետապնդման կամ բռնության ենթարկված կին զինծառայողների համար պետք է ապահովվեն գանգատարկման արդյունավետ և կիրառելի մեխանիզմներ: 

•  Զինված ուժերում պետք է ստեղծվեն կանանց համար հատուկ խորհրդականների հաստիքներ: 

•  Պետք է խթանել զինված ուժերի համար կանանց օգտակարության առավել լավ ըմբռնումը: 

•  Զինված ուժերը պետք է օգտագործեն դրական գովազդը՝ կանանց հավաքագրելու նպատակով: 

•  Պետությունները պետք է կատարելագործեն և խթանեն զինված ուժերում կանանց հավաքագրելու, նրանց հետ կնքված պայմանագրերը նորոգելու և կանանց առաջխաղացումն ապահովելու հնարավորությունները։

 

«Կանայք զինված ուժերում. հավասարության խթանում, գենդերային հիմքով բռնության վերացում» 2016 թվականի թիվ 2120 բանաձևով ԵԽԽՎ-ն  կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ՝

 

Զինված ուժերի անդամների հավաքագրման և կարիերայի կառավարման հետ կապված․

 

•  հարմարեցնել հավաքագրման ռազմավարություններն այնպես, որ վերանան կարծրատիպերը և ավելի շատ կանայք ներգրավվեն զինված ուժերում, այդ թվում՝ զինվորական պարտականությունների կատարման համար,

•  հավաքագրման և կարիերայի կառավարման քաղաքականության մեջ շեշտը դնել այսօրվա զինված ուժերին վերապահված առաքելությունները կատարելու համար անհրաժեշտ հմտությունների բացահայտման վրա,

•  զինվորական ծառայության ներդրման, շարունակման կամ դադարեցման վերաբերյալ բոլոր քննարկումներում համակարգված կերպով ներառել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց

•  կատարել հետազոտություն այն դժվարությունների պատճառների մասին, որոնք առաջանում են ավելի մեծ թվով կանանց զինվորական ծառայության համար հավաքագրելու ժամանակ, պարզել, թե ինչու է կանանց զինվորական կարիերան ավելի կարճ տևում, քան արական սեռի ներկայացուցիչներինը, և պատճառները, թե ինչու կանայք և տղամարդիկ հեռանում են զինված ուժերից մինչև թոշակի անցնելու տարիքը կամ նրանց պայմանագրերի ավարտը.

 

Զինված ուժերում գենդերային հավասարության համար առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծման նպատակով

 

•   ակտիվ հանձնառություն ստանձնել հրամանատարական շղթայի բոլոր մակարդակներում՝ փոխել մտածելակերպը և զինված ուժերում ներքին մշակույթը, որպեսզի բոլոր տարբերությունները դրականորեն ընդունվեն և հաշվի առնվեն,

•   ներառել գենդերային հավասարության ուսուցումը ռազմական պատրաստության բոլոր փուլերում և ապահովել, որ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ դասավանդեն ռազմական ակադեմիաներում,

•   բոլոր մարմիններում ընդգրկել գենդերային խորհրդատուների, որպեսզի սեռը համակարգված կերպով հաշվի առնվի որպես ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս,

•   ստեղծել և աջակցել զինվորական կանանց ցանցերի գործունեությանը,

•   ապահովել, որ սարքավորումներն ու համազգեստները հարմար լինեն կանանց մարմնին, և որ բնակելի տարածքները հարմարեցված լինեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։

 

Զինված ուժերում գենդերային բռնության դեմ պայքարի հետ կապված․

 

•   ապահովել, որ զինված ուժերի անդամների նկատմամբ կիրառվող օրենսդրությունը, ներառյալ քրեական օրենքը, բացահայտորեն արգելի գենդերային հիմքով բռնության բոլոր ձևերը, ապահովել, որ վարքագծի ներքին կանոնները ներառեն խիստ դրույթներ այս կապակցությամբ, որոնք լայնորեն հայտնի լինեն և կիրառվեն բոլոր մակարդակներում,

•   ընդունել և ապահովել գենդերային բռնության նկատմամբ անհանդուրժողականության քաղաքականության պարբերական կիրառումը և իրազեկել ամբողջ զինվորական անձնակազմին, որ նման վարքագիծը զինված ուժերում անընդունելի է,

•   ստեղծել մեխանիզմներ, օրինակ՝ անվճար թեժ գծեր, որոնք հնարավորություն կտան տուժածներին գաղտնի և անանուն ոչ պաշտոնական բողոքներ ներկայացնել և ստանալ անաչառ խորհրդատվություն այդ իրավիճակի վերաբերյալ,

•   օգնություն և աջակցություն ցուցաբերել սեռական ոտնձգության զոհերին, երբ նրանք հայտնում են չարաշահումների մասին,

•   սահմանել արդյունավետ պատիժներ և կիրառել դրանք բռնություն գործադրողների նկատմամբ, քանի որ սեռական ոտնձգության զոհին պարզապես տեղափոխելը պատշաճ արձագանք ու վերաբերմունք չի հանդիսանում,

•   ստորագրել և/կամ վավերացնել, եթե դեռ չի արվել, Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան:

 

Հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը իրականացրել են վերը թվարկած քայլերը և գործողությունները, ապահովել են թվարկված պայմանները զինված ուժերում կանանց ներգրավման մասին քաղաքական  որոշումն ընդունելուց առաջ։ Ի վերջո, ՀՀ զինված ուժերը ունե՞ն անհրաժեշտ պատրաստությունը   կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու համար։ Հակառակ դեպքում հիմնավոր է այն պնդումը, որ կանանց ներգրավման միջոցով զինված ուժերը լուծում է միայն թվաքանակի խնդիր։

 

Դիտումներ՝ 560

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????