Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անդառնալի վնասի վտանգը շարունակում է մնալ չափազանց մեծ ու իրական. ՀՔԱՎ –ը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող զինծառայող Արա Ղազարյանի գործով

May 8, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Նորություններ

2019 թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Ավելին՝ ունենալով Ադրբեջանում հայերի հանդեպ վատ վերաբերմունքի դառը փորձը, նա ուղղակի սպառնալիք է տեսնում որդու ֆիզիկական անվտանգությանը՝ կասկածի տակ առնելով նրա գործով Ադրբեջանում պատշաճ դատաքննության  անցկացումն ու ազատ արձակումը: 

 

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին անգամ Արա Ղազարյանին Հայաստանի տարածքում տեսել են 2019 թ. օգոստոսի 12-ին: Ենթադրվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նա մոլորվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում, ուր սահմանագիծը շատ անորոշ է, սխալմամբ անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք և ձերբակալվել ադրբեջանցիների կողմից: 

 

Առկա տեղեկությունների համաձայն` 2019 թ. օգոստոսի 12-ին՝ ձերբակալվելուց ի վեր,  Արա Ղազարյանը Ադրբեջանի իշխանությունների հրամանով կամ գաղտնի համաձայնությամբ Ադրբեջանի տարածքում պահվում է կալանքի տակ՝ առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության: Այդ օրվանից նա ընտանիքի հետը կապը պահում է միայն Կարմիր խաչի միջոցով փոխանցվող նամակներով: Նրա գտնվելու վայրի և կալանքի պայմանների մասին ստույգ տեղեկություններ չկան:

 

Ադրբեջանական գերության մեջ ուղղակի սպառնալիքի տակ հայտնված որդու անվտանգությամբ մտահոգ Կարինե Մնացականյանը 2020 թ. փետրվարի 17-ին դիմել է ՀՔԱՎ գրասենյակ: Գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատավարական կանոնակարգի թիվ 39 կանոնով (հրատապ) նախատեսված ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ ձեռնարկելու  նպատակով

 

Դիմումի հրատապությունը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները հիմնավորել են մի շարք հանգամանքներով: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, այն, որ Ա. Ղազարյանը ձերբակալվել է հայկական զինվորական համազգեստով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում կամ մոտակայքում, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ կալանավորների հանդեպ դրսևորած դաժան վերաբերմունքի նախադեպերը` զինծառայողի մայրն իր անհանգստությունն է հայտնել այն մասին, որ ձերբակալման պահից ի վեր իր որդին անդառնալի ծանր վնասի ենթարկվելու իրական վտանգի առաջ է` Կոնվեցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման առումով:        Այսպես՝ օգոստոսի 12-ին Youtube.com կայքում տեղադրվել էր տեսանյութ, ուր Արա Ղազարյանը ցուցադրում էր իր մարմնական վնասածքները՝ ձեռքի վրայի այրվածքանման վնասվածքը, որն ամենայն հավանականությամբ առաջացել է ծխախոտը ձեռքի մատի վրա հանգցնելու պատճառով, գլխի շրջանում առկա հեմատոման և ոտքերի վրայի բազմաթիվ քերծվածքներն ու վերքերը: Բացի սրանից՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումի մեջ ՀՔԱՎ փաստաբանները  հիշատակել են Ադրբեջանում վատ վերաբերմունքի այլ դեպքեր ևս, մասնավորապես՝  2014 թ. մայիսի 20-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ հատվածում մոլորված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում մահացել էր՝ ադրբեջանական գերության ժամանակ ստացած վնասվածքներից: 2014թ. հունվարին ձերբակալված ու նույն թվականի մարտին ազատ արձակված Խոջոյանը, թեև անմիջապես հիվանդանոց էր տեղափոխվել, գերության ողջ ընթացքում ստացած մահացու վնասվածքների մասին որևէ տեղեկություն այդպես էլ չհրապարակվեց մինչ նրա մահը՝ 2014 թ. մայիսի 20-ը:

 

Ո´չ զինծառայողի  մայրը, ո´չ էլ ընտանիքի անդամները, Արա Ղազարյանի հետ անմիջական շփում չունեն: Նրա գտնվելու վայրի մասին միակ տեղեկությունները, նրա գրած և Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակի միջոցով ընտանիքին փոխանցված նամակներն են: Վերջին նամակն ստացվել է 2020 թ. փետրվարի 20-ին: Այդ  նամակներից և ոչ մեկն այդպես էլ լույս չի սփռում Ղազարյանի գտնվելու վայրի կամ առողջական վիճակի մասին:

 

ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում հիմնավորվել է կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգի հանգամանքների սպառնալիքը։  

 

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները Մնացականյանի անունից խնդրել են դատարանի համապատասխան բաժնի կամ պալատի նախագահին կամ հերթապահ դատավորին Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել հրատապ միջոցառումներ իրականացնելու պահանջ։ Դատարանը կայացրել է Միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշում: Ըստ այդմ՝ թիվ 15434/20 «Մնացականյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2020 թ. ապրիլի 2-ին Դատարանը ցուցում է տվել Ադրբեջանի կառավարությանը՝ 39-րդ կանոնի համաձայն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու դիմումատուի որդու՝ Արա Ղազարյանի կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Դատարանը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանների դիմումին որոշել է նաև առաջնահերթություն տալ՝ համաձայն Կանոն 41-ի և հայցել Ադրբեջանի կառավարությունից մի շարք  տեղեկությունների տրամադրումը՝ համաձայն Կանոն 54 §2(a)-ի, Կ. Մնացականյանի շահերի պաշտպաններին էլ՝ մինչև ապրիլի 30-ը  տրամադրել ժամանակ՝ գանգատ ներկայացնելու, ինչը և արվել է:  

 

ՄԻԵԴ-ը հայցվող բոլոր փաստաթղթերն անգլերեն թարգմանությամբ ներկայացնելու համար Ադրբեջանի կառավարությանը մինչև 2020 թ. մայիսի 14-ը ժամկետ է տրամադրել: 

Դիտումներ՝ 2145

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????