Գործունեություն | Իրավական աջակցություն | Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ
Ամիսներ շարունակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետական ու հասարակական կառույցներից տարատեսակ հումանիտար ու սոցիալական աջակցություններ են ստանում: Չնայած այդ ամենին՝առաջնային են մնում առողջապահական, զբաղվածության, նյութական խնդիրները:
Սոցապնախարարության տվյալներով մինչ օրս հաջողվել է աշխատանքի տեղավորել շուրջ 1000 բռնի տեղահանված անձի: Իրավապաշտպան կառույցների գնահատմամբ՝ սոցիալական ոլորտի ծառայությունների հասանելիությունը շարունակում է մտահոգիչ մնալ:
Արցախից բռնի տեղահանված Սյուզի Խաչատրյանի ամուսինը 2023-ի սեպտեմբերյան աղետալի պայթյունի ժամանակ այրվածքներ է ստացել: Տևական բուժումների պատճառով միայն նոյեմբերին են դիմել միասնական սոցծառայություն՝ դրամական աջակցություն ստանալու: Բոլոր փաստաթղթերը, ասում է, տարա, սոցծառայության աշխատակիցը լրացրեց, ամեն ինչ գրանցեց: Ասաց՝ սպասեք հաղորդագրության:
Նոյեմբերի գումարը ստացանք դեկտեմբերի կեսին ու վերջ: Հունվար- փետրվար ամիսների գումարը չկա, հիմնավորում նույնպես՝ ասում է երիտասարդ կինը. «21-ին ես գնացի, իմ տվյալները տարա, անձնագիր, որ 40+10.000 ու 50.000 լրացնեմ: Աշխատակիցը լրացրեց, մենակ մի 50.000-ը չեղավ, որովհետև ամուսնուս բանկային քարտը չկար: Բոլորիս տվյալները հաջողությամբ լրացրեց աշխատակիցը, ասեց սպասեք փողերի: Դեկտեմբերինsmsեկավ, մեկը՝ 25-ին, մյուսը՝ 27-ին: Մեկը սոցապնախարարությունն ա փոխանցել, մյուսը՝ Կարմիր խաչը: Դրանից հետո գումար չեղավ : Փետրվարի 6-ն էր սաղի փողերը նստել էր, իմը չկար: Նամակ եմ գրել սոցապնախարարին, հարցնում եմ բաց թողնվածը կստանա՞մ, ասում են՝ չգիտենք, դա ծրագրային խնդիր է, նորմալ պատասխան չեն կարողանում տալ»:
Աշխատանք միասնական սոցիալական ծառայությունում Սյուզիին չեն առաջարկել: 5 հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձորում: 100.000 դրամով բնակարան են վարձակալել: Աշխատանք չունենք, ասում է, մի կերպ տան վարձն ենք հասցնում: 3 անչափահաս ունեն: Մինչ օրս էլ ամուսնու վիրահատությունների հետ կապված հաճախակի են Երևան մեկնում: Արմինե Աթաբեկյանի ընտանիքն էլ է բախվել խնդիրների՝ սոցիալական աջակցության ծրագրերին դիմելիս: Սեպտեմբերի 19-ին քույրն ամուսնու ու 2 անչափահասների հետ տեղափոխվել է նախ Մասիս, ապա՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղ:
Մասիսի սոցծառայությունում 40+10000 դրամական աջակցության փաստաթղթային փաթեթը լրացրել ու սպասել է աջակցությանը, հետո պարզել, որ իր երեխաների գումարն ստացել է անծանոթ մի կին՝ որպես խնամակալ. «Քույրս մոտեցել է Մասիսի սոցիալական, ինքնուրույն չի կարողացել հարցում կատարել 50.000-ի համար, թղթերը տարել է: Ծրագիրը, որ բացում ես, հարցնում է՝ ունե՞ք անչափահաս երեխա: Ոնց է եղել՝ չգիտեմ, բայց իրեն ավարտ են տվել և Սարգսյան Զարինե անուն ազգանունով մեկի վրա կցել այդ գործերը` որպես քրոջս երեխաների խնամակալ: 3 ամիս անցել է, 50.000-ները չի ստացել, գնացել է Լոռու մարզի սոցիալական բաժին` որ չեմ ստանում, ի՞նչն է խնդիրը: Բացել են, տեսել, որ 3 ամիս է` այդ գումարներն ստանում է տվյալ անձնավորությունը: Քույրս Արցախբանկի քարտապան է, տվյալ անձը՝ Հայբիզնեսբանկի: Քույրս գնացել է Մասիս՝պարզելու ի՞նչն է պատճառը, կոնկրետ ոչինչ չեն պատասխանել, ոչ էլ ասել, որ գումարները ետ կտան: 2 անգամ տեղահանվել է, Հադրութից եկել Մարտակերտ, էնտեղից էլ՝ էստեղ, դա մեծ գումար է իր համար: Երեխան կոշիկ չունի, կոշիկ կառներ թեկուզ»:
Արմինեն հաշվապահի 13 տարվա փորձ ունի: Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղի համայնքապետարանում է աշխատել: Նաև ինքնուրույն մատնահարդարում սովորել: Դիմել է Միասնական սոցծառայության Վանաձորի կենտրոն՝ փորձելով մատնահարդարի մասնագիտական դասընթացներ անցնել. «Մտածելով, որ դժվար կլինի Վանաձորում գործ գտնելը, դիմել եմ, որ արհեստ սովորեմ, ասենք՝ մատնահարդարում: Փորձ ունեի, տանն աշխատում էի: Մտածեցի վերապատրաստվեմ: սոցապ նախարարությունն ասում է ծրագրերը գործում են, բայց իրենց դիմում ենք, ասում են՝ դեռ չի գործում»:
Սոցապ նախարարության տվյալներով՝ Արցախի մեր հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված 3 ծրագրերով վճարումները շարունակվում են: 100.000 դրամ միանվագ աջակցություն վճարվել է 112. 765 անձի: Հոկտեմբեր-հունվար ամիսներին 40+10 հազար դրամներ վճարվել են ընդհանուր թվով ավելի քան 387.000 տեղահանվածի: Նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին էլ երկամսյա 50.000–ական դրամ է վճարվել ընդհանուր թվով 161.000-ից ավելի անձի։ Շուտով կգործարկվեն նաև զբաղվածության ծրագրերը, այժմ դիմումներ են հավաքվում։
Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով՝ միայն ուղղորդումների արդյունքում հազարից ավելի արցախցիներ աշխատանքի են տեղավորվել:
Ընդհանուր առմամբ Լոռու մարզում ապաստան են գտել 6000-ից ավելի արցախցիներ, որոնցից միայն 3500-ը՝ Վանաձոր խոշորացված համայնքում:
2 ամիս է՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անվճար իրավական աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց։ Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ հիմնական նպատակն է՝ պարզել պետական կառույցների առաջարկած ծառայությունների հասանելիությունն ու իրավական մեխանիզմների բացերը: 600-ից ավելի արցախցիների գրասենյակն աջակցել է տարբեր հարցերում: Սաքունցի դիտարկմամբ՝ քաղաքացիները խնդիրների բախվում են հիմնականում սոցիալական ոլորտում: Մեր սոցիալական կառույցներում, ասում է, ապրումակցման պակաս կա:
Ի վերջո, աջակցության ծրագրերի մասին որոշում կայացնելով՝ պետությունը նաև հստակ պարտավորություն է ստանձնել: Այդ պարտավորությունների կատարման բովանդակային առումով որոշակի խնդիրներ կան. «Բոլոր ենթադրյալ ու առկա խնդիրները ի մի բերելով՝ կարող եմ ասել, որ սոցիալական միասնական ծառայության աշխատանքը պետք է լինի շատ ավելի ապրումակցային, ոչ թե չոր ու ցամաք՝ հասնում է, չի հասնում: Պետք է նաև մարդկանց օգնել, ուղղություն ցույց տալ: Պետությունը երբ որոշում է կայացնում աջակցության ծրագրերի, պարտավորություն է վերցնում: Խոսքը պետության քաղաքականության մասին է՝ նման արտակարգ վիճակներում բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների մշակմանը: Էն խնդիրները, որոնք լուծում չեն ստանում, որոնք հաշվի չեն առնվում, այդ տեղեկությունների հիման վրա առաջարկներ կներկայացնենք աջակցությունները համակարգող մարմնին»:
Արցախցիներն աշխատող են, ամենակարևորը զբաղվածության ապահովումն է, որը կբերի նաև մյուս խնդիրների աստիճանական կարգավորման՝ Արթուր Սաքունցն է ասում: Պետության դերակատարումն այս հարցում շատ ավելի մեծ է: Իրավական աջակցությունից զատ, գրասենյակը, նաև աշխատանքներ է տանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի աշխատանքային խմբերում բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Արդեն իսկ 180 տարաբնույթ հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սեփականության իրավունքի, նյութական, բարոյական և այլ վնասների փոխհատուցման պահանջներով:
Leave a Reply