Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ըստ ԿԸՀ նախագահի, Տիգրան Ավինյանի օգտին ընտրողների ցուցակագրումը վարչական ռեսուրսի չարաշահում չէ

August 15, 2023

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին

Մինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարում է, թե Տիգրան Ավինյանի օգտին ընտրողների ցուցակագրումը Սպիտակում ու հարակից գյուղերում վարչական ռեսուրսի չարաշահում չէ, այս բացահայտման հեղինակները շարունակում են հակառակը պնդել։

 

Ավելին` ընտրական գործընթացները դիտարկող «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Վարդինե Գրիգորյանը տարակուսած է՝ ինչպե՞ս կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նման հրապարակային կարծիք հայտնել՝ դրանով իսկ ազդելով հարցի քննության վրա։

 

«Սա մեկնաբանելու իրավասություն ունի ԿԸՀ-ն ու պետք է օգտագործի այդ հնարավորությունը՝ նաև ապացուցելու, որ ինքը կողմնակալ չի: Մեր ԿԸՀ -ն այս դեպքում, իհարկե, ապացուցելու շատ բան ունի, որովհետև հստակ է, որ մենք ունենք այդ կանխավարկածն ու վերաբերմունքը: Ակնհայտ է, որ մենք չենք կարող փոխել մեր վերաբերմունքն իր կուսակցականության նկատմամբ, քանի դեռ չենք տեսել հակառակ վարքը», - ասաց Գրիգորյանը:

 

Շաբաթներ առաջ մեծ աղմուկ հանած հետաքննական հրապարակման հեղինակները պատմել էին, թե ինչպես են Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում մարզերում բնակվող, բայց Երևանում հաշվառված՝ Ավինյանին ձայն տվող ընտրողներին։

 

Որպես իշխանական Գևորգ Պապոյանի օգնական ներկայացած «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել էր խոշորացված Սպիտակի փոխքաղաքապետին, 15 գյուղերի վարչական ղեկավարներին։ Նրանցից առնվազն վեցը հայտնել էին, որ արդեն ունեն կամ շուտով կունենան Ավինյանի օգտին քվեարկողների ցուցակները։ Եվ Սպիտակի փոխքաղաքապետ Հովիկ Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ իր անմիջական ղեկավարը՝ Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, զբաղվում է այս հարցով։

 

Ձայնագրություն. - Նիկողոսյանը նորմալ աշխատո՞ւմ ա էդ ուղղությամբ:

- 100 տոկոս, Սևակ, ինքն ա էդ պարտականությունը կատարում:

- Մի խոսքով դու գարանտիա ես տալի՞ս իրա վրա:

- Ես, ախպերս, քեզ ասում եմ էն, ինչը հիմա արվում ա:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն օրերս լրագրողներին ասել էր՝ անձամբ է լսել ողջ ձայնագրությունն ու եզրահանգել՝ խախտում չկա, բայց նաև շտապել էր հավելել՝ սա իր կարծիքն է, ու որպեսզի ԿԸՀ-ն եզրահանգում անի, իրենց գրավոր դիմում պետք է ուղարկեն։

 

«Իմ անձնական կարծիքով այդ ձայնագրությունում վարչական ռեսուրսի չարաշահման փաստ, կրկնում եմ, մի բան է ձեր պատկերացմամբ կամ ցանկացած քաղաքացու պատկերացումը վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ, մեկ այլ բան է օրենսդրությունը», - ասել է Հովակիմյանը:

 

Նույն կարծիքն էին հայտնել շաբաթներ առաջ Վահագն Հովակիմյանի նախկին կուսակիցները։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը հերքել էր, որ ցուցակագրել են Ավինյանի ընտրողներին ու հայտարարել՝ Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են և կարող են զբաղվել քաղաքականությամբ։

 

 
Անկախ դիտորդի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը, սակայն, հակադարձում է իշխող ուժի երբեմնի ներկայացուցիչ Հովակիմյանին ու պնդում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարծիք հայտնելու փոխարեն սեփական նախաձեռնությամբ արդեն պետք է քննություն աներ՝ պարզելու՝ կա՞ վարչական ռեսուրսի խախտում, թե՝ ոչ:
 
 

«Այդ փաստերի հիման վրա վարույթ հարուցել ու հանգամանքներին ծանոթանալով կարծիք արտահայտել, ոչ թե իմանալ, որ նման ահազանգ, չհարուցել վարույթ, այսինքն, անգործություն ցուցաբերել ու միաժամանակ անձնական կարծիք հայտնել, որ իհարկե նշանակում է, որ այդ կարծիքը շարունակելու է պնդվել նաև քննության ընթացքում, եթե այդպիսին լինի», - ընդգծեց Գրիգորյանը:

 

Ընտրական գործընթացները դիտարկող մասնագետները շարունակում են պնդել՝ իրենց բացահայտումը հենց Սպիտակում վարչական ռեսուրսը չարաշահելու օրինակ է, երբ համայնքի ղեկավարը ենթակաների հետ միասին օգտագործում է համայնքի ռեսուրսը քարոզչության համար՝ նրանց հրահանգելով զբաղվել աշխատանքին չառնչվող գործերով։ Օրենքով վարչական իրավախախտումը միայն նախընտրական շրջանին չի վերաբերում, ընդգծում է մասնագետը:

 

«Չի հստակեցվում, որ դա պետք է լինի անպայման նախընտրական քարոզչության ժամանակահատվածում», - ասաց նա:

 

Վարդինե Գրիգորյանն ասում է՝ չնայած անվստահությանը, դիմում, այնուամենայնիվ, կներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ թեկնածուների գրանցումից հետո: Այժմ ամբողջացնում են տվյալները, երկու շաբաթ առաջվա բացահայտմանը ավելացրել են նորերը, որոնք նույնպես առնչվում են իշխանության կողմից վարչական ռեսուրսի խախտումներին։

 

«Վարչական ռեսուրսի հետ կապված ընդհանրապես միշտ կարելի է կասկածել՝ ինչպես են դրան վերաբերում, որովհետև մեկնաբանությունները ևս վարչական ռեսուրսի, շատ անտեսանելի ու ըստ էության դժվար է բացառել՝ որտեղ է գիծը քարոզչության ու վարչական ռեսուրսի օգտագործման: Որովհետև միշտ կարող են մեկնաբանել, որ փաստացի ի պաշտոնե արված ցանկացած գործունեություն նաև քարոզչություն է, ու կարելի է մեկնաբանել որպես վարչական ռեսուրսի չարաշահում», - նշեց Գրիգորյանը:

 

Մինչ դիտորդները շարունակում են հավաքագրել իշխանության կողմից առերևույթ խախտումները, Գլխավոր դատախազությունում արդեն երկու շաբաթ է ստուգում են՝ արդյո՞ք հետաքննական բացահայտումն իր մեջ պարունակում է հանցագործության տարրեր։ Դատախազությունից փոխանցեց՝ մոտ օրերս մանրամասներ կհրապարակեն։

Դիտումներ՝ 46

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????