Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կքննարկվի տարիներ առաջ օրենքի խախտմամբ մասնավորեցված «Արցախ» պուրակը Վանաձոր համայնքին վերադարձնելու հարցը

December 2, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Վանաձորի քաղաքապետարանում կքննարկվի պատմական հուշարձան հանդիսացող «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու հարցը։

 

Իրավապահները քննել ու պարզել են, որ պուրակը մասնավորեցման ենթակա տարածք չի եղել, մինչդեռ 13 տարի առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի միանձնյա որոշմամբ այն վաճառվել է երկու ընկերությունների։

 

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Վանաձորի համայնքապետին՝ առաջարկելով քննարկել նախկին քաղաքապետի՝ օրենքի խախտմամբ ընդունած ոչ իրավաչափ որոշումն «ամբողջությամբ անվավեր ճանաչելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու հարցը»։

 

Համայնքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասաց, որ առաջիկայում այն կքննարկեն բոլոր կողմերի հետ․ - «Կանենք այնպես, որ համայնքի շահերը պաշտպանված լինեն: Մոտակա օրերին կունենանք քննարկում դատախազության և շահագրգիռ կողմերի միջև, որպեսզի օպտիմալ տարբերակի հանգենք: որովհետև ամեն ինչ չէ, որ մեր իրավազորության շրջանակներում է: Ընդհանուր կոնսենսուսի պայմաններում կորոշենք, թե մեր քայլերը ոնց ենք վերադասավորում»:



Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր դատախազության միջնորդագիրն ու գրառում արել, թե «գնդակն այժմ Վանաձորի համայնքապետի ու համայնքապետարանի դաշտում է»։

 

Ի պատասխան, Մամիկոն Ասլանյանը հրապարակային «ընդունել էր իրենց դաշտ նետված գնդակն» ու շեշտել. - «Բոլոր օրինական միջոցներով պատրաստ եմ գործի հետագա ընթացքի լուծման համար։ Ես երբևէ որևէ անօրինական գործընթացի կողմնակիցը չեմ եղել ու բացի օրենքից, այլ երևույթներով բացարձակ կաշկանդվածություն չունեմ»:

 

Հիշեցնենք, «Արցախ» պուրակը «Գ. և Մ.» ու «Կինոթատրոն Մոսկվա» ընկերություններին վաճառվել է 13 տարի առաջ՝ Վանաձորում պարբերաբար հանրահավաքներ կազմակերպելու շրջանում։ Ընդդիմադիրները մինչև այսօր էլ շեշտում են, որ դա արվեց միայն հանրահավաքներն արգելելու նպատակով։

 

Չնայած այդ սեփականաշնորհման և տարածքում կինոթատրոն կառուցելու ծրագրի դեմ հանրության դժգոհություններին ու բողոքի ակցիաներին, պատմական հուշարձան հանդիսացող տարածքի վաճառքը հնարավոր չեղավ կասեցնել, բայց կինոթատրոն չկառուցվեց։

 

Ուղիղ 10 տարի անց՝ 2017 թվականին արդեն համայնքի ներկայիս ղեկավարը սեփականատերերից մեկին՝ «Գ. և Մ.» ընկերությանը տվեց «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոն կառուցելու թույլտվություն։ Անցած մեկուկես տարում կառուցվել ու արդեն ավարտուն տեսքի է բերվել կենտրոնը։

 

«Ազատության» հարցին, թե արդյոք իրավաչափ է համարում շինարարության թույլտվությունը՝ օրենքի խախտմամբ սեփականաշնորհված տարածքում, Վանաձորի համայնքապետը պատասխանեց՝ որևէ իրավական նորմ չեն խախտել։



Բայց դեռ անցած տարի ամռանը Վանաձորի քաղաքապետը գրավոր պահանջ էր ստացել մշակույթի նախարարությունից՝ դադարեցնել «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի շինարարությունը՝ պատճառաբանությամբ, որ նախագծային փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգով, չեն համաձայնեցվել նախարարության հետ:

 

Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն «Ազատության» եթերում հայտարարել էր, որ իրենց գործակալությունը երբևէ Վանաձորի «Արցախ» պուրակում շինարարություն իրականացնելու համաձայնություն չի տվել։ Ավելին՝ ըստ նրա, Վանաձորի գլխավոր հատակագծում, որին միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել, «Արցախ» պուրակը եղել է միայն կանաչ գոտի՝ առանց կառուցապատման հնարավորության։



Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հաստատեց՝ նախարարությունը համաձայնություն է տվել մի հատակագծի, որտեղ «Արցախ» պուրակում կառուցապատում նախատեսված չէր․ -«Նույնիսկ հուշարձանի դեպքում Մշակույթի նախարարությունն իր համաձայնությունը տվել էր այդտեղ շինարարություն կատարելու: Բայց գլխավոր հատակագծի էն ժամանակաշրջանի վերաբերյալ, որին մենք թույլտվության ենք տվել, նման նշում չի եղել»:



Մինչդեռ նախկինում «Արցախ» պուրակի սեփականաշնորհման գործընթացը կասկածի տակ առած իրավապաշտպանների բոլոր բողոքները թե՛ դատախազություն և թե՛ դատարան, մերժվել են։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էր անցած տարի դատի տվել քաղաքապետարանին։ Վիճարկել էին պուրակն օտարելու և շինթույլտվություն տալու մասին Վանաձորի երկու քաղաքապետերի որոշումների օրինականությունը։ Սակայն դատարանը մերժեց իրավապաշտպան կազմակերպության հայցը, իսկ պատմական հուշարձանի տարածքում մանկական զբաղվածության կենտրոնի շինարարությունը շարունակվեց ու ավարտվեց։

 

Չնայած տարածքի սեփականատերերն ըստ պայմանագրի պարտավորվել են բարեկարգել տարածքը, բայց անցած տարիներին որևէ աշխատանք չեն իրականացրել։ Այս տարվա ամռանը համայնքապետարանը կառավարության համաֆինանսավորմամբ սկսել է «Արցախ» պուրակի սեփականաշնորհված երկու տարածքները բարեկարգելու ծրագիր։

 

Երկու ամիս առաջ, Վանաձորի տոնին մարզկենտրոն էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարությանը ծանոթանալիս եղավ նաև «Արցախ» պուրակում։ Որպես նախկին ընդդիմադիր, մտաբերեց, որ առաջներում շատ դժվար էր այստեղ հանրահավաքներ անցկացնել, հիմա այն բավականին հարմարացվել է բազմամարդ հանրահավաքներին։



Համայնքապետ Մամիկոն Ասլանյանը «Ազատությանը» հայտնեց, որ պուրակի սեփականատերերից մեկը՝ «Կինոթատրոն Մոսկվա» ընկերությունը, նախնական համաձայնություն է տվել իրեն պատկանող հատվածը համայնքին հետ հանձնելու մասին:

 

azatutyun.am

Դիտումներ՝ 377

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????