Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2018թ. դեկտեմբերի 1-ից Երևանում կգործի «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնը»

November 23, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Նորություններ

2018թ. նոյեմբերի 21-ին Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցում տեղի ունեցավ «Խոշտանգում վերապրած անձանց  վերականգնողական հայկական կենտրոնի» բացման արարողությունը:

 

Վերականգնողական կենտրոնը բացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրով՝ «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի կողմից: Կենտրոնը կսկսի գործել 2018թ.դեկտեմբերի 1-ից:

Վերականգնողական կենտրոնի բացմանը ներկա էին ինչպես ՀՀ պետական կառույցների՝ ՀՀ Առողջապահության, Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչներ, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենը և այլ ներկայացուցիչներ, այնպես էլ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Բացման արարողությանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի գործադիր տնօրեն Լելա Ցիսկարիշվիլին ներկայացրին «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները:

 

Ողջույնի խոսք հղեց նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան: Նա ներկայացրեց Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող մյուս ծրագրերը ևս:

 

 

 

Աշխարհում խոշտանգում վերապրած անձանց վերականգնման կարևորության և կանխարգելման, վերականգնման և հաշվետվողականության միջև կապի մասին խոսեց Խոշտանգման զոհերի ռեաբիլիտացիայի միջազգային խորհրդի (IRCT) եվրոպական գրասենյակի տնօրեն Մուշեղ Եկմալյանը և ներկայացրեց այդ ոլորտում միջազգային փորձը:

 

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը խոսեց Ստամբուլյան արձանագրությունների մասին և թե ինչպես կարելի է այն կիրառել խոշտանգումների դեմ պայքարում:

 

Նա առանձնահատուկ շեշտեց խոշտանգումների դեմ պայքարում իրավապաշտպաններին այլ կառույցների և մասնագետների աջակցության կարևորությունը:

 

Բոլոր բանախոսներն իրենց խոսքում կարևորեցին խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական միջոցառումներում և խոշտանգումների կանխարգելման գործում տարբեր շահագրգիռ կողմերի, մասնագետների ու հատկապես պետական կառույցների մասնակցությունը:

 

Ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Դավիթ Գևորգյանը մանրամասն ներկայացրեց վերականգնողական կենտրոնի կողմից իրականացվելիք գործողությունները, հնարավոր գործընկերներն ու թիրախ խմբերը: Ընդգծեց, որ նախատեսվում է խոշտանգում և այլ դաժան և անմարդկային վերաբերմունք վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին ցուցաբերել համակողմանի աջակցություն՝ հոգեբան/հոգեթերապևտի, սոցիալական աշխատողի, բժիշկ-թերապևտի ու հոգեբույժի ներգրավմամբ:

 

 

Նախատեսվում է Կենտրոնի գործունեության առաջիկա 10 ամիսների ընթացքում աջակցություն ցուցաբերել շուրջ 150 անձի՝ համագործակցելով իրապաշտպան և պետական կառույցների հետ:

 

Դավիթ Գևորգյանը ներկայացրեց նաև աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու մեխանիզմները, գործունեության ընդլայնման հնարավորությունները:

 

 

 

ՀՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարցեր ուղղեցին և իրենց դիտարկումները ներկայացրին Կենտրոնի գործունեության մասին, պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու իրենց գործունեությանն առնչվող ոլորտներում:

 

Դիտումներ՝ 2834

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????