Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում. coe.int

March 23, 2020

COVID-19 | Գրադարան

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) 2020 թ․ մարտի 20-ին հրապարակել է ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքներ՝ Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում։

Ներկայացնում ենք փաստաթղթի հայերեն տաբերակը՝ ՀՔԱՎ-ի թարգմանությամբ։

 

Կորոնավիրուսի (COVID-19) համավարակը արտակարգ մարտահրավերներ է առաջացրել Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ պետությունների իշխանությունների համար։ Այս մարտահրավերներն ունեն հատուկ և ինտենսիվ  բնույթ ազատազրկման տարբեր վայրերում, մասնավորապես՝ ոստիկանության կալանավայրերում, քրեակատարողական հաստատություններում,  միգրանտների պահման կենտրոններում, հոգեբուժական հիվանդանոցներում և սոցիալական խնամքի տներում, ինչպես նաև կարանտինում պահվող մարդկանց համար նոր հիմնված հաստատություններում/գոտիներում աշխատող անձնակազմի համար։  Հաշվի առնելով COVID-19-ի դեմ պայքարելու համար ուժեղ միջոցառումներ ձեռնարկելու պարտավորությունը՝ ԽԿԿ-ն պետք է հիշեցնի բոլոր դերակատարներին՝ խոշտանգման և անմարդկային կամ  նվաստացնող վերաբեմունքի արգելքի բացարձակ բնույթի մասին։ Պաշտպանության միջոցները երբեք չպետք է հանգեցնեն ազատազրկված անձանց հանդեպ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի։ ԽԿԿ-ի տեսանկյունից՝ հետևյալ սկզբունքները  պետք է կիրառվեն այն բոլոր համապատասխան մարմինների կողմից, որոնք պատասխանատու են ազատազրկված անձանց համար Եվրոպայի Խորհրդի տարածքում:

 

1) Հիմնարար սկզբունքը պետք է լինի բոլոր հնարավոր գործողությունների ձեռնարկումը՝ պաշտպանելու ազատազրկված անձանց առողջությունն ու անվտանգությունը։ Նման գործողությունների ձեռնարկումը նաև նպաստում է անձնակազմի առոողջության ու անվտանգության պահպանմանը։

 

2) Ազատազրկման բոլոր վայրերում պետք է հաշվի առնվեն և լիովին իրականացվեն ԱՀԿ-ի՝ համավարակի դեմ պայքարելու վերաբերյալ ուղեցույցները, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազգային առողջապահական և կլինիկական ուղեցույցները։

 

3)Անհրաժեշտ է ապահովել անձնակազմի հասանելիությունը, և անձնակազմը պետք է ստանա այն մասնագիտական աջակցությունը, առողջապահական և անվտանգության պահպանման միջոցները, ինչպես նաև  վերապատրաստումը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նրանք շարունակեն կատարել իրենց առաջադրանքները ազատազրկման վայրերում։

 

4) COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով ազատազրկված անձանց հանդեպ կիրառվող ցանկացած սահմանափակող միջոց պետք է ունենա իրավական հիմք և լինի անհրաժեշտ ու համաչափ, ինչպես նաև հիմնված մարդու արժանապատվության հանդեպ հարգանքի վրա և ունենա ժամանակային սահմանափակում։ Այս բոլոր միջոցների մասին ազատազրկված անձինք պետք է ստանան համապարփակ տեղեկություն՝ իրենց հասկանալի լեզվով։ 

 

5) Քանի որ մոտիկ անձնային կոնտակտը նպաստում է վիրուսի տարածմանը, համապատասխան բոլոր մարմինները պետք է գործադրեն հստակ ջանքեր՝ անցնելու ազատազրկման այլընտրանքային տարբերակների։ Նման մոտեցման անհրաժեշտությունը առաջնային է հատկապես ազատազրկման վայրերի գերբնակեցման պայմաններում։ Դրանից բացի՝ իշխանությունները ավելի շատ պետք է օգտվեն մինչդատական կալանքի այլընտրանքներից, պատժի ժամանակահատվածի կրճատումից, վաղաժամ ազատումից և պրոբացիայից։ Նրանք պետք է նաև վերագնահատեն հոգեբուժական հաստատություններում անձանց ոչ կամավոր տեղափոխման անհրաժեշտությունը և դիտարկեն այդ անձանց՝դուրս գրվելու կամ համայնքային խնամքին, իսկ հնարավորության դեպքում՝ սոցիալական խնամքի տներին հանձնվելու հնարավորությունը, և, որքան հնարավոր է, խուսափեն միգրանտներին կալանավորելուց։  

 

6) Առողջապահական խնամքի առումով անհրաժեշտ կլինի հատուկ ուշադրություն դարձնել ազատազրկված անձանց հատուկ կարիքներին, հատկապես խոցելի և/կամ ռիսկային խմբերին, մասնավորապես՝ տարեց անձանց և արդեն իսկ որևէ հիվանդություն ունեցող անձանց։ Սա ընդգրկում է, ի թիվս այլոց, COVID-19-ի առկայությունը ստուգելու համար կատարվող սկրինինգ և ինտենսիվ խնամքի ապահովում՝ ըստ անհրաժեշտության։ Բացի այդ, այս ժամանակահատվածում անձնակազմը պետք է  կալանավորված անձանց տրամադրի հոգեբանական աջակցություն։

 

7) Թեև ոչ էական գործողությունների կասեցումը արդարացված և ողջամիտ է, համավարակի ժամանակ անհրաժեշտ է լիարժեք հարգանք ցուցաբերել ազատազրկված անձանց հիմնարար իրավունքների նկատմամբ։ Մասնավորապես, սրա մեջ մտնում է  բավարար անձնական հիգիենա պահպանելու իրավունքը (այդ թվում՝ տաք ջրի և օճառի հասանելիությունը) և ամեն օր բացօդյա տարածքում գտնվելու իրավունքը (առնվազն մեկ ժամ)։ Ավելին՝ արտաքին աշխարհի հետ կոնտակտի, այդ թվում՝ այցելությունների ցանկացած սահմանափակման փոխարեն, ազատազրկված անձինք պետք է ունենան այլընտրանքային հաղորդակցման միջոցների ավելի մեծ հասանելիություն (օրինակ՝ հեռախոս կամ ձայնային հաղորդակցություն ինտերնետի միջոցով)։

 

8) Եթե մեկուսացվում կամ կարանտինի պահպանման վայր է տեղափոխվում ազատազրկված անձը, ում՝ SARS-CoV-2 վիրուսով վարակված լինելը հաստատված է կամ հնարավոր, անհրաժեշտ է ապահովել, որ այդ անձն ամեն օր ունենա իմաստալից մարդկային շփում այլ մարդկանց հետ։

 

9) Իրավապահ մարմինների կալանքի տակ գտնվող անձանց վատ վերաբերմունքի դեմ հիմնարար երաշխիքները (փաստաբանի հասանելիություն, բժշկի հասանելիություն, կալանքի մասին ծանուցում) պետք է պահպանվեն բոլոր պայմաններում և մշտապես։ Որոշ հանգամանքներում նախազգուշական միջոցառումները (օրինակ՝ պահանջ, որ ախտանշան ունեցող անձինք կրեն պաշտպանիչ դիմակ) կարող են լինել արդարացված։

 

10) Անկախ մարմինների կողմից, այդ թվում՝ Ազգային կանխարգելիչ մեխանիզմների և ԽԿԿ-ի կողմից մշտադիտարկումը կարևոր երաշխիք է վատ վերաբերմունքի դեմ։ Պետությունները պետք է շարունակեն մշտադիտարկող մարմինների համար երաշխավորել հասանելիություն բոլոր կալանավայրերին, այդ թվում՝ այն վայրերին, որտեղ մարդիկ գտնվում են կարանտինում։ Այնուամենայնիվ, բոլոր մշտադիտարկող մարմինները պետք է ձեռնարկեն նախազգուշական միջոցներ՝ հետևելու «չվնասել» սկզբունքին, հատկապես, երբ գործ ունեն տարեց անձանց և ուղեկցող հիվանդություն ունեցող անձանց հետ։

 

Ներբեռնել փաստաթուղթը

Աղբյուրը՝ rm.coe.int

Դիտումներ՝ 1580

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????