0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման համար

March 10, 2021

Նորություններ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն առ այսօր ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանում կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) դեմ պայքարին աջակցելու և համավարակի հետևանքները չեզոքացնելու նպատակով: Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում ԲՀՀ-Հայաստանը լսելի է դարձրել քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, պատշաճ արձագանքել մարդու իրավունքների, հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, քանի որ ցանկացած ճգնաժամի դեպքում առավել հաճախ վտանգվում և խախտվում են հենց խոցելի խմբերի իրավունքները:

Հանրապետությունում ՔՈՎԻԴ-19-ի բռնկման և տարածման ընթացքում ԲՀՀ-Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է եղել  միայնակ տարեցների, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ընտանեկան բռնությունից տուժածների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների և սոցիալապես խոցելի ընտանիքների իրավունքների պաշտպանության վրա:

Ստորև ներկայացնում ենք համավարակի դեմ պայքարի շրջանակում ԲՀՀ-Հայաստանի կողմից արդեն ֆինանսավորված և ընթացիկ ծրագրերը:

 

Հրատապ աջակցություն խոցելի խմբերին

 

«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության միջոցով մեկ ամսվա սննդամթերքի փաթեթներ են տրամադրվել Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող 2160 տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց:

Լուսանկարը՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սննդամթերք և հիգիենայի պարագաներ է տրամադրել Արմավիր և Մեծամոր քաղաքներում բնակվող 115 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Մարտունի քաղաքում և 14 հարևան համայնքներում բնակվող 120 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկ ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Ալավերդի, Վանաձոր քաղաքներում և Լոռու մարզի 18 գյուղական համայնքներում բնակվող 370 խոցելի անձանց:

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Լոռու մարզում (Տաշիր, Ստեփանավան) և Երևանում բնակվող 300 անձանց, ովքեր ունեն հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ:

«Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում գտնվող սիրիահայ փախստականների 120 ընտանիքների, որոնք ՔՈՎԻԴ-19-ի ինքնամեկուսացման պատճառով զրկվել են եկամտի աղբյուրներից: Նրանց միջոցներ են տրամադրվել կացարանի և սննդամթերքի երկու ամսվա ծախսերը հոգալու համար: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել սիրիահայ փախստականների կազմակերպած սոցիալական ձեռնարկություն-ճաշարանի գործունեությանը՝ ճաշի առաքում կազմակերպելով հիվանդանոցներում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին բուժող 100 բուժաշխատողների և կամավորների համար: Ծրագրի նպատակն է եղել նաև պաշտպանել Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված փախստականների աշխատանքային իրավունքները՝ արձանագրելով իրավունքների խախտումների դեպքերը, բարձրացնելով իրազեկությունը պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ և իրավաբանական խորհրդատվությունը հասանելի դարձնելով փախստականներին:

 
Լուսանկարները տրամադրել է «Հալէպ» կազմակերպությունը

Մանկական զարգացման հիմնադրամը սննդամթերքի փաթեթներ է հասցրել Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում բնակվող 209 ընտանիքների:

Լուսանկարը՝
Մանկական զարգացման հիմնադրամը

«Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը մեկ ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Վանաձոր քաղաքում և Լոռու մարզի Սպիտակի և Գուքարքի տարածաշրջանների 13 համայնքներում բնակվող 240 խոցելի ընտանիքների, որտեղ բնակվում են հաշմանդամություն ունեցող անձինք:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկ ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է հասցրել Երևանում և Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերի 27 համայնքներում բնակվող եզդիական համայնքի 400 ներկայացուցիչների:

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան» նորածիններին անհրաժեշտ հագուստ և հիգիենայի պարագաներ պարունակող մանկական փաթեթներ է պատրաստել և հասցրել Նոյեմբերյանում, Բերդում և Տավուշի մարզի 27 հեռավոր գյուղական համայնքներում բնակվող 250 ընտանիքների:

Լուսանկարը՝ «Համալսարանական
կրթությամբ կանանց ասոցիացիա»

«Ագաթ» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Գյումրի քաղաքում և Շիրակի մարզի 5 շրջաններում բնակվող շահառուներին:

130 խոցելի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցելու համար Արմավիրի զարգացման կենտրոնը վեց ամիս շարունակ տնային պայմաններում մատուցվող սոցիալական ծառայություններ և հոգեբանական խորհրդատվություն է կազմակերպել Արմավիրում և Մեծամորում բնակվող շահառուների համար:

ՀՀ Արդարադատության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ իրականցրել է ծրագիր, որի նպատակ է եղել աջակցել անձանց սոցիալական վերականգնմանը և վերաինտեգրմանն ազատազրկման վայրից ազատ արձակումից հետո, ինչպես նաև նվազեցնել կրկին անգամ հանցանք գործելու ռիսկը և կանխել արտակարգ իրավիճակի հետևանքներն համավարակի ընթացքում: Ծրագրի շրջանակում տրամադրվել է խորհրդատվություն, մարդասիրական օգնության փաթեթներ, և վերահսկողություն է իրականացվել հասցեագրվող խմբերի համար՝ հիմնվելով կարիքների համապարփակ գնահատման վրա: Կազմակերպվել են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ պրոբացիայի ծառայողների համար:

 

Աջակցություն հանրային առողջապահության ոլորտին

 

ԲՀՀ-Հայաստանը կազմակերպել է 2,200 ՊՇՌ թեստերի գնումը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

ԲՀՀ – Հայաստանն անհատական պաշտպանության միջոցներ է ձեռք բերել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի բուժաշխատողների համար:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունն աջակցել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող անձանց: Կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրել այս խմբերին այն մասին, թե ինչպես հակազդել ՔՈՎԻԴ-19-ին և ինչպես պաշտպանել առողջապահական համարժեք ծառայություններ ստանալու իրենց իրավունքները: Սննդամթերք, դեղորայք և անհատական պաշտպանիչ միջոցներ են տրամադրվել 150 շահառուների ընտանիքներին:

 
Լուսանկարները՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ

«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրատապ աջակցություն է ցուցաբերել ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում բուժառուների և ազատությունից զրկված անձանց՝ առողջապահական համարժեք ծառայություններ ստանալու իրավունքի պաշտպանությանը: 100 հոգուց բաղկացած կամավորների խումբը վերապատրաստվել է վարակի կանխարգելման և վերահսկողության միջոցառումների թեմայով և ստացել է անհատական պաշտպանության միջոցներ և արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ այլ միջոցներ:

«Խնամք» հասարակական կազմակերպությունը խորհրդատվություն է իրականացրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև խուլ-համրերի համար՝ ՔՈՎԻԴ-19-ին հակազդելու եղանակների և անվտանգության միջոցառումների մասին: 126 խուլ-համրերի ընտանիքներ ստացել են սննդամթերքի փաթեթներ, անհատական պաշտպանության միջոցներ և հիգիենայի պարագաներ:

«Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրատապ աջակցություն է տրամադրել Հայաստանի հոգեբուժական հաստատություններին՝ ՔՈՎԻԴ-19-ի բռնկման ընթացքում անվտանգության միջոցառումների արդյունավետությունը բարելավելու նպատակով, մշակելով վարակի կանխարգելման և վերահսկողության համարժեք ծրագրեր: Առողջապահության ոլորտի մասնագետների համար կազմակերպվել է վերապատրաստում՝ նվիրված վարակի վերահսկողության միջոցառումներին: Նրանց տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ: Համագործակցելով հոգեբուժական հաստատություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի հետ, ծրագիրը վերահսկել է արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի իրագործումը և վարակի կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների պատշաճ իրագործումն առողջապահական ոլորտի մասնագետների կողմից:

Լուսանկարը տրամադրել է «Ամբրա»
հոգեկան բարեկեցության կենտրոն
հասարակական կազմակերպությունը

Առողջապահության ազգային ինստիտուտը զարգացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բուժանձնակազմի կարողությունները՝ ազատազրկման վայրերում ՔՈՎԻԴ-19-ն արդյունավետորեն կանխելու և վերահսկելու նպատակով: 

 

 

Աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին

 

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի իրականացրած ծրագիրը նպատակ է ունեցել օգնել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի ձեռնարկատերերին՝ հաղթահարելու ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամի առաջ բերած մարտահրավերները: Այդ նպատակով նախաձեռնության շրջանակում ընտրված 50 փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ վերապատրաստվել են ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված անվտանգության միջոցառումներ կազմակերպելու թեմայով: Փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել համավարակի հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելու և ձեռնարկությունների վերականգնման անհատական ծրագրերի իրագործման թեմայով: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրել 15 ձեռնարկությունների, որոնց գոյատևման միակ հնարավորությունն այդ ֆինանսական օգնությունն էր:

«Անգել» սոցիալական կրթամշակութային հասարակական կազմակերպությունը աջակցել է Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներից մեկում կանանց կողմից ղեկավարվող կարի փոքր ձեռնարկությանը: Այդ նպատակով կազմակերպությանը կարի սարքավորումներ և հումք է տրամադրվել՝ հնարավորություն ընձեռելով ձեռնարկությանը շարունակել արտադրությունը, ինչպես նաև օգնել այնտեղ աշխատող 10 շահառու կանանց՝ վերականգնելու եկամտի աղբյուրը:

 

Աջակցություն ընտանեկան բռնությունից տուժած անձանց

 

ԲՀՀ-Հայաստանն աջակցություն է ցուցաբերել Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությանը, որպեսզի վերջինս օգնի ընտանեկան բռնություն վերապրած այն կանանց, ովքեր աշխատում են առանց գրանցման և ունեն ցածր եկամուտ: Կազմակերպությունն օգնություն է հասցրել Երևանում և 7 մարզերում բնակվող իր 30 շահառուներին՝ հոգալով վերջիններիս հիմնական կարիքները: Ինքնամեկուսացման շրջանում լայնորեն տարածվել է տեղեկատվություն ընտանեկան բռնության դեպքերի ահազանգման թեժ գծերի մասին: Կանանց աջակցման կենտրոնն ապահովել է ապաստարանի ծառայությունների անվտանգ գործունեությունը համավարակի պայմաններում:

Մերձավոր Արեւելքի հիմնադրամն արտակարգ սոցիալական աջակցություն (սնունդ, դեղորայք, կացարան) է տրամադրել ցածր եկամուտ ունեցող և ընտանեկան բռնության ենթարկված 32 կանանց Լոռիում, Սյունիքում և Երևանում:

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունն օգնություն է տրամադրել Շիրակի մարզում բնակվող իր 30 շահառուներին՝ ճգնաժամի ընթացքում չորս ամիս հոգալով նրանց հիմնական կարիքները: Այս ծրագրի շրջանակում կազմակերպությունն ապահովել է թեժ գծի գործունեությունը և իրավաբանական ու հոգեբանական խորհրդատվություն է իրականացրել ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ:

 

Աջակցություն մարգինալացված խմբերին

 

ԲՀՀ-Հայաստանն աջակցել է «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, որպեսզի վերջինս հրատապ սոցիալական աջակցություն ցուցաբերի ԼԳԲՏ անձանց, ովքեր համավարակի պատճառով կորցրել են աշխատանքը և միջոցներ չունեին սննդամթերք գնելու, բնակարանի վարձը վճարելու և բուժօգնություն ստանալու համար: Նրանք սոցիալական աջակցություն են ստացել ինքնամեկուսացման ընթացքում:

 

Երեխաների ներառումը կրթության մեջ համավարակի ընթացքում

 

ԲՀՀ – Հայաստանը քայլեր է ձեռնարկել՝ ապահովելու կրթության հասանելիությունը սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների, հատկապես՝ հեռավոր բնակավայրերում ապրող երեխաների համար: Հիմնադրամի աջակցությամբ «Ցայգ» մարզային հեռուստաալիքը հայերենի և մաթեմատիկայի հեռուստադասեր է նկարահանել և հեռարձակել Շիրակի մարզի դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար: Հիմնադրամը նաև աջակցել է «Գեղամա Թի-Վի» և «Լոռի Թի-Վի» մարզային հեռուստաալիքներին, որպեսզի դրանք Գեղարքունիքի և Լոռու մարզերում վերահեռարձակեն «Ցայգ» հեռուստաալիքի պատրաստած հեռուստադասերը:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի ծրագիրը կօգնի բարելավել Տավուշի մարզի Բերդի և Իջևանի տարածաշրջանների 6 գյուղական դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները՝ այդ կերպ երաշխավորելով դպրոցներում կրթության շարունակականությունը համավարակի ընթացքում: Հայ օգնության ֆոնդն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ կանխելու համար ՔՈՎԻԴ-19-ի բացասական հետևանքները: Ծրագրի շրջանակում դպրոցական պարագաներ են տրամադրվել խոցելի ընտանիքների 165 առաջին դասարանցիների:

 
Լուսանկարները՝ Հայ օգնության ֆոնդի

«Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության ծրագիրն աջակցություն է տրամադրում աուտիզմ և զարգացման խնդիրներ ունեցող մոտ 80 երեխաների, ովքեր ավելի խոցելի են դարձել ՔՈՎԻԴ-19-ի պատճառով: «Քայլ առաջ» կազմակերպությունը ցուցաբերում է անհրաժեշտ մասնագիտական օգնություն, կազմակերպում է կրթական դասընթացներ՝ օգնելով զարգացնել այդ երեխաների անկախ կյանքի և սոցիալական ներառման հմտությունները:

«Կաթիլ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է ծրագիր՝ մեղմելու ինքնամեկուսացման ազդեցությունը շաքարային դիաբետ ունեցող ավելի քան 700 երեխաների կյանքի որակի վրա, ովքեր չեն կարողացել ակտիվ և առողջ կենսակերպ վարել համավարակի ընթացքում: Հիմնադրամը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում Երևանում և Հայաստանի 5 մարզերում 18 բժիշկների և դպրոցների 950 բուժքույրերի համար՝ կատարելագործելու նրանց գիտելիքը և հմտությունները շաքարային դիաբետով ապրող երեխաների համար դպրոցներում առաջին բուժօգնության կազմակերպման և նրանց կրթության շարունակականությունը երաշխավորելու համար: «Կաթիլ» բարեգործական հիմնադրամը նաև հոգեբանական աջակցություն է տրամադրում շաքարային դիաբետով ապրող երեխաների ծնողների համար, ովքեր նույնպես լրացուցիչ մարտահրավերների են բախվել համավարակի ընթացքում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում  է ծրագիր, որի շրջանակում Տավուշի մարզի Բերդավան, Այգեձոր, Ոսկեպար և Ներքին Ծաղկավանի 4 գյուղական դպրոցների նորոգման, դրանց հիմնական սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման միջոցով կապահովվի երեխաների կրթության շարունակականությունը համավարակի պայմաններում:

 

Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում

 

Քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում դիտորդական առաքելություն իրականացնող՝ քաղաքացիական հասարակության խմբերը Հիմնադրամի աջակցությամբ ստացել են անհատական պաշտպանության միջոցներ և անցել վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված առողջության և անվտանգության պայմաններին առնչվող միջազգային ստանդարտներին, ինչպես նաև այդ հիմնարկներում և հաստատություններում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Հիմնադրամը ռազմավարական դատավարության շրջանակներում օժանդակություն է ցուցաբերել նաև փաստաբաններին՝ կամայական, չհիմնավորված կալանքի վերաբերյալ գործերով այն դեպքերում, երբ պատշպանյալները եղել տարիքային կամ առողջական խնդրի բերումով բարձր ռիսկային խմբի ներկայացուցիչներ։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է կատարել և մշտադիտարկման է ենթարկել ՔՈՎԻԴ-19-ին պետության արձագանքը, մասնավորապես՝ ազատությունից զրկման տեսանկյունից, աջակցելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների արդյունավետ իրագործմանը:

«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը պաշտպանել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները՝ կատարելով մշտադիտարկման այցեր հոգեբուժական հաստատություններ, վերահսկելով մարդու իրավունքներին առնչվող հանձնառությունների կատարումը և վարակի կանխարգելման և անվտանգության միջոցառումների իրագործումն այդ հաստատություններում:

 

Հանրության իրազեկվածության բարձրացումը համավարակի ընթացքում

 

ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը և «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանրության իրազեկվածության բարձրացման արշավներ են իրականացրել՝ պատրաստելով տեսանյութեր և պաստառներ, կազմակերպելով վեբինարներ և առցանց քննարկումներ, որոնք նպատակ են ունեցել հանրությանը կրթել ՔՈՎԻԴ-19-ի մասին և խրախուսել մարդկանց՝ դրսևորելու սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ:

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ընթացքում զբաղվել է հանրային անվտանգության կանոնների տարածմամբ և պահպանմամբ՝ մշտադիտարկելով այդ կանոնների պահպանումը տնտեսվարողների կողմից և բարձրացնելով անվտանգության միջոցառումների՝ հանրային ընկալման մակարդակը: Ծրագրի շրջանակում նաև աջակցություն է ցուցաբերվել մասնավոր ձեռնարկությունների կողմից անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության կատարելագործմանը:

ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ «Ֆակտոր Թի-Վի»-ն, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Բուն Թի-Վի» հեռուստաալիքը, «Հոդված 3» ակումբը, «Միտք» հասարակական կազակերպությունը, Քաղաքականության հետազոտական կենտրոն և մի շարք այլ կազմակերպություններ աջակցել են ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ՝ փաստերի և գիտության վրա հիմնված հանրային ընկալման ձևավորմանը և այս թեմայով ապատեղեկատվության դեմ պայքարին:

 

osf.am

Դիտումներ՝ 34

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????