0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարում

July 21, 2020

Ընթացիկ հայտարարություններ

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար: Երկրում համաճարակի տարածման առաջին օրերից Հիմնադրամը, հավատարիմ իր առաքելությանը, շարունակել է պաշտպանել բաց հասարակության արժեքները՝ մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքը, թափանցիկ ու հաշվետու կառավարումը, արդարադատության հասանելիությունը, քաղաքացիական հասարակության աջակցումը:

 

Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում Հիմնադրամը բարձրաձայնել է երկրի քաղաքացիական հասարակության տեսակետները՝ պատշաճ արձագանքելու մարդու իրավունքների, մասնավորապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, քանի որ ցանկացած ճգնաժամի պարագայում առավելապես խախտվում և վտանգվում են հենց խոցելի խմբերի իրավունքները: ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի շրջանակում Հիմնադրամի ուշադրությունը կենտրոնացած է միայնակ տարեցների, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ընտանեկան բռնության ենթարկվածների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, սոցիալապես խոցելի ընտանիքների իրավունքների պաշտպանության վրա: Հիմնադրամի աջակցությամբ բարձրաձայնվել են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև նրանց տրամադրվել է ուղղակի սոցիալական աջակցություն՝ հաղթահարելու համաճարակի և ինքնամեկուսացման հետևանքով առաջացած դժվարությունները:

 

Երկրի առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու, բնակչության առավել լայն շրջանում թեստավորում իրականացնելու նպատակով՝ Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՊՇՌ թեստեր ձեռք բերելու համար: Անհատական պաշտպանության միջոցներ ու հանդերձանք է տրամադրվել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտվնող բժիշկների ու բուժանձակազմի համար:

 

Հաշվի առնելով փակ ու կիսափակ հաստատություններում կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգը, և այդ հաստատություններում բնակվող անձանց՝ առողջապահական ծառայություններին սահմանափակ հասանելիությունը՝ ԲՀՀ Հայաստանի ֆինանսավորմամբ և ՀՀ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտն իրականացնում է վարակի կանխարգելման ու կառավարման դասընթաց, մասնագիտական աջակցության վերապատրաստում քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմի համար: Այս հեռավար դասընթացների պատշաճ կազմակերպման նպատակով ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներին նվիրաբերվել է 13 համակարգիչ: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկների համար Հիմնադրամը նվիրաբերել է 10 հազար անհատական պաշտպանիչ դիմակ:

 

Հիմնադրամն ապահովել է առողջապահական ծառայություների պատշաճ մատուցումը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պալիատիվ խնամքի շահառուներին, որոնք գտնվում են վարակման բարձր ռիսկային խմբում: 150 պացիենտներն ապահովվել են կենսական անհրաժեշտության դեղորայքով:

 

Հրատապ սոցիալական աջակցություն է տրամադրվել Երևանում ու մարզերում ինքնամեկուսացված ավելի քան 5000 քաղաքացիների, մասնավորապես՝ միայնակ տարեցներին, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն ունեցող, ՄԻԱՎ-ով, անբուժելի հիվանդություններով ապրող անձանց, սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ նրանց հատկացնելով սննդի ու հիգիենիկ պարագաների փաթեթներ: Սոցիալական աջակցություն է տրամադրվել Հայաստանում բնակվող սիրիահայերի 120 ընտանիքի: Հրատապ օգնություն է հատկացվել Հայաստանի եզդիական համայնքի այն ընտանիքներին, որոնց անդամները համաճարակի հետևանքով զրկվել են աշխատանքից ու ապրուստի միջոցներից: Ճգնաժամի ազդեցությունը նորածին երեխաներ ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելու նպատակով Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ նորածնի հագուստ և հիգիենայի պարագաներ տրամադրելու Տավուշի մարզի հեռավոր բնակավայրերի 250 ընտանիքի:

 

Կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը հավելյալ դժվարություններ է ստեղծել կանանց, առավել ևս ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար: Հիմնադրամն ավելի քան 30 հազար դոլար է հատկացրել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպութուններին՝ հրատապ աջակցություն տրամադրելու Երևանում ու Հայասանի մարզերում ինքնամեկուսացված, ընտանեկան բռնւթյան ենթարկված ավելի քան 100 կանանց:

 

ԿՈՎԻԴ-19 համաճարակն առավել ակնհայտ դարձրեց սոցիալական անհավասարության խնդիրը Հայաստանի կրթական համակարգում, ինչի մասին Հիմնադրամը մշտապես բարձրաձայնել է։ ԲՀՀ – Հայաստանը միջոցներ է ձեռնարկել համաճարակի պայմաններում կրթությունը հասանելի դարձնելու հատկապես այն երեխաների համար, որոնք բավարար տեխնիկական միջոցներ կամ հմտություններ չեն ունեցել՝ ներգրավվելու պետության կողմից կազմակերպված հեռավար կրթություն մեջ: Հիմնադրամն աջակցել է Շիրակի մարզի հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար մայրենի լեզվի և մաթեմատիկա առարկաներից 176 հեռուստադասի պատրաստմանն ու հեռարձակմանը, ինչպես նաև այդ դասերի վերահեռարձակմանը Գեղարքունիքի ու Լոռու մարզերում:

 

Հիմնադրամի օժանդակությամբ կազմակերպվել են համաճարակի մասին հանրային իրազեկման արշավներ, վեբինարներ ու առցանց քննարկումներ՝ խրախուսելու քաղաքացիներին դրսևորել բարձր սոցիալական պատասխանատվություն և հետևել հակահամաճարակային կանոններին:

 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, գործընկերների հետ միասին, շարունակում է հետևել երկրում ընթացող գործընթացներին՝ երաշխավորելու, որ համաճարակի դեմ պայքարում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը թույլ չտան նահանջ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից:

 

osf.am

Դիտումներ՝ 145

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը