Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակներով դիմել է Human Rights Watch-ին և Amnesty International-ին եւ խնդրել աջակցել «Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ադրբեջանցիների ոտնահարված իրավունքների վերականգնմանը»: Սա այն դեպքում, երբ Արցախում այս օրերին իրականացվում է ցեղասպանություն եւ էթնիկ զտում:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը, որը նաեւ, ի թիվս հայաստանյան այլ ՀԿ-ների, դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հորդորելով Բերձորի միջանցքի բացման հետ կապված բանաձեւ ընդունել, ասաց. «Ամեն մեկը սկզբունքորեն կարող է գլխին ինչ տալիս է՝ նամակ ուղարկի, բայց տվյալ դեպքում նախ ամբողջ իրողությունը կայանում է նրանում, որ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները եւ Ադրբեջանում բնակվող հայերը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղում բնակչության, էթնիկ ոչ թե զտման, այլ ոչնչացման այդ ամբողջ գործողությունները իրականացվել են, կատարվել են Խորհրդային միության օրոք:
Այսինքն, պատասխանատուն, եթե վերցնենք մեծ առումով, Խորհրդային միությունն է: Եթե հիշենք, 3 ժամ էր ուշացել Սումգայիթում բռնությունները կանխելու համար, դա եղել է Խորհրդային միությունում: Մինչեւ 92 թվականը՝ պաշտոնական Խորհրդային միության վերացումը, Բելովեժյան պայմանագիրը, երբ որ Ելցինը, Շուշկեւիչն ու Կրավչուկը կնքեցին եւ Խորհրդային միությունը լուծարվեց, մինչեւ այդ տեղի էին ունեցել այդ տեղափոխությունները: Հիմա, եթե կոնկրետացումներ են ուզում, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, ապա պետք է հիշատակեն ոչ միայն Սումգայիթի ջարդը, այլ նաեւ Կիրովաբադի ջարդը, 90-ի Բաքվի կոտորածը:
Այն ժամանակ Խորհրդային զորքերը մտցվեցին Բաքու ոչ թե հայերին փրկելու, այլ ավելի շուտ իրենց ազգային ճակատի կողմից իշխանություն վերցնելու պրոցեսը կասեցնելու, ճնշելու: Եթե իրենք պրետենզիաներ ունեն, պետք է ներկայացնեն Խորհրդային միության ղեկավարությանը եւ նրա իրավահաջորդ ՌԴ-ին: Դրան զուգահեռ պետք է նկատել, որ հենց նույն ԽՍՀՄ-ի օրոք տեղի ունեցավ կազմակերպված տեղափոխում Հայաստանից ադրբեջանցիներ եւ Ադրբեջանից՝ հայություն: Արդեն 92թ.-ին Շահումյանի ամբողջ շրջան ռուսական զորքերի կողմից հայ բնակչությունը հեռացվեց:
Հիմա այս փաստերի պատկերի վրա երբ որ նման դիմումներ են ներկայացնում, ես դա որակում եմ որպես Ադրբեջանի ռեժիմի կողմից մարդկանց օգտագործման միջոցով ագրեսիայի շարունակություն Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի ռեժիմի համար մարդու իրավունք, նման արժեքներ ընդհանրապես գոյություն չունեն: Դա կիրառվեց այսպես կոչված էկոակտիվիստների ներգրավմամբ Լաչինի միջանցքի բլոկադայի սկսման ժամանակ եւ հիմա էլ շարունակվում է արդեն ճնշումներ բանեցնելու, նաեւ ագրեսիա կիրառելու քայլերը: Հենց այդ նույն ժամանակ Բաքվում քաղաքական այլախոհները ազատազրկվում, սպանվում էին, ընդհուպ մինչեւ արհմիության ներկայացուցիչներին էին արդեն հետապնդում: Հետաքրքիր օրինաչափություն է՝ նացիստական ռեժիմի նման»:
Արթուր Սաքունցն ասաց, որ նույն Human Rights Watch-ը և Amnesty International-ը ժամանակին հենց Ադրբեջանի տարածքում էթնիկ հայ բնակչության նկատմամբ բռնությունների մասին է Սովետական միության օրոք արտահայտվել. «Բռնությամբ են պատասխանել ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությանը, բայց այս ամենը նորից Խորհրդային միության օրոք, որովհետեւ ԽՍՀՄ-ը միայն բռնության գործիքը գիտեր, որը ժառանգեց հենց Ադրբեջանի ռեժիմը՝ ամենադաժան ձեւով»:
Չնայած Ադրբեջանը Արցախում շրջափակման, էթնիկ զտման, սովամահության հասցնելու ֆոնին ուզում է հակակշիռ գտնել իր ցեղասպան գործողություններին՝ պահանջելով վերականգնել ադրբեջանցիների ոտնահարված իրավունքները, բայց Սաքունցի համոզմամբ, հնարավոր չէ դրանք նույն հարթության վրա դնել ու համեմատել. «Արցախի՝ ԼՂ-ի, եւ Լաչինի միջանցքի բլոկադայի հետ կապված ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կա: Դա բարձրագույն դատական իշխանությունն է ՄԱԿ-ի:
Սա մի ամբողջ տարածքի բնակչության նկատմամբ զանգվածային գործողության մասին է խոսում, որը չի կատարում Ադրբեջանը: Բայց դատարանի մեկ այլ որոշում չկա, որին հղում կարող է անել որեւէ ադրբեջանցի: Իհարկե, չպետք է խայծը կուլ տալով՝ սկսել այդ դիսկուրսի մեջ մտնել, 500 հազարից ավելի էթնիկ բնակչություն եղել է Ադրբեջանում՝ ԼՂ-ից դուրս, մոտ 280 հազարի կարգի ադրբեջանցիներ՝ Հայաստանի տարածքում, բայց այդ ամբողջը, կրկնում եմ, եղել է ԽՍՀՄ-ի օրոք: Եթե դուք պրետենզիա եք ներկայացնում, ապա պետք է պրետենզիա ներկայացնեք իրապես ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկն է հանդիսանում, նա այդպես է իր կարգավիճակը պահպանել ու շարունակել անդամակցել: Այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջներ ներկայացնում ՌԴ-ին՝ որպես իրավահաջորդի՝ հանձինս պուտինյան ռեժիմի: Սա վկայում է այն մասին, որ հրահանգավորված է Բաքվի ռեժիմի կողմից, որովհետեւ իրենք շատ ավելի ընդհանրական գործիքակազմ ունեն կառավարման առումով պուտինյան ռեժիմի դեմ ու իրենք մեկը մյուսի դեմ խնդիրներ չեն առաջացնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/15/1361697/