2016 թ․ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների ընթացքում մահացության դեպքերի, հանգամանքների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացրել էր վերլուծություն և արդյունքները հրապարակել 2016 թ․ նոյեմբերի 16-ին՝ «2016թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցի ձեւով:
Ուսումնասիրության արդյունքում ՀՔԱՎ-ը արձանագրել էր, որ
զոհված զինծառայողների հարազատները պատշաճ իրազեկված չեն իրենց հարազատների զոհվելու հանգամանքների եւ պատճառների մասին,
պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվելու պատճառների թվում են զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ՝ զինամթերքի ոչ պատշաճ մատակարարում, հետախուզական տվյալների ոչ ժամանակին օգտագործում, զինտեխնիկայի անսարքություն,
անհատական անվտանգության միջոցները պատշաճ ապահովված չեն,
ապահովված չէ պատշաճ բժշկական ծառայությունը,
առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինծառայողները ներգրավված են մարտական բարձր պատրաստվածություն պահանջող զինծառայության մեջ,
որոշ զոհված զինծառայողների հարազատներ ունեն դիակների նույնականացման վերաբերյալ խնդիրներ:
Այս խնդիրների հիման վրա ՀՔԱՎ-ը առաջարկներ էր ներկայացրել իրավասու պետական կառույցներին։ Սակայն դրանք անկատար էին մնացել նաև հաջորդող տարվա ընթացքում և խնդիրներն արձանագրվել ու նախորդ տարի ներկայացված առաջարկները վերահաստատվել էին նաև 2017-ին։
📃 Տեղեկանք: Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց