Helsinki Citizens' Assembly-Vanadzor

ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում անցկացված լրագրողական մրցույթների՝ 2019 թ․-ի մրցանակակիրները հայտնի են

November 26, 2019

Activities | Project։ Combatting Torture and Ill Treatment in Georgia, Armenia and Ukraine | News | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring

 

ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում լրագրողական նյութերի մրցույթներն ամփոփվեցին։ 17 լրագրողական աշխատանքներ և լրատվամիջոցներ արժանացան մրցանակների։

 

«Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ» մրցույթը հայտարարվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում 2019 թ․ փետրվարին։

 

Լրագրողական աշխատանքների մրցույթը այս ծրագրի շրջանակում հայտարարվել էր արդեն երկրորդ անգամ և նպատակ ուներ խթանելու խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի լուսաբանումը և ուշադրություն հրավիրել մարդու իրավունքներին նաև այս համատեքստում, բարձրացնել խնդիրը լուսաբանելու որակը։

 

2018 թ․-ին կայացած մրցանակաբաշխության մասին՝ այստեղ։

 

2019 թ․-ի նոյեմբերի 15-ին մրցանակաբաշխության շրջանակում ամփոփվեցին նաև Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Հանրային լրագրության ակումբ»-ի և «Հետաքննող լրագրողներ»-ի կողմից համատեղ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքները։

 

Հանրային լրագրության ակումբի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարած մեդիա մրցույթներն ավելի մանրամասն ներկայացված են այստեղ և այստեղ:

 

Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացած մրցանակաբաշխությանը նախորդեց «Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» խորագրով համաժողովը՝  «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի շրջանակում։

 

Համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանատների, ՀՀ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փորձագետներ։

 

Ողջույնի խոսք հղեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Իր խոսքում նա կարևորեց ազատ ու անկախ լրատվամիջոցների գործունեությունը Հայաստանում։

 

Photo is loading

 

«Եվրոպական միությունը ազատ և անկախ լրատվամիջոցների աջակիցն է։ Մենք կարևոր ենք համարում, որ այսպիսի մի դաշտ ձևավորվի նաև Հայաստանում, որովհետև սա ժողովրդավարության զարգացման խթանիչ ուժն է» դեսպան Անդրեա Վիկտորին

 

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն էլ ընդգծեց այն փաստը, որ ծրագրերը մեկնարկելիս Հայաստանը այլ իրավիճակում էր, հիմա՝ այլ։

 

Photo is loading

 

«Խոշտանգումները ոչ միայն իրականություն էին, այլ օրենսդրության մակարդակով էր այդ իրավունքը խախտվում։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ այսքան մեծ բազմության ներկայութամբ կարող ենք բաց խոսել այդ հարցերի մասին։ Ունենք Մարդու իրավունքների ռազմավարություն, որը սկզբունքորեն տարբերվում է նախորդից»  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյան

 

Երկու մրցույթների արդյունքում ստացած 90 նյութերից մասնագիտական ժյուրիի գնահատմամբ 17-ը արժանացան մրցանակների հետևյալ անվանակարգերում։

 

  • Լավագույն հետաքննական նյութ
  • Լավագույն մարդկային պատմություն 
  • Լավագույն հեռուստահաղորդում
  • Լավագույն հեռուստառեպորտաժ
  • Լավագույն առցանց նյութ
  • Լավագույն մուլտիմեդիա նյութ

 

 «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում հատուկ անվանակարգ էր սահմանվել լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։

 

Մրցույթներին ներկայացված որոշ նյութեր արժանացան հատուկ և խրախուսական մրցանակների։

 

«Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ» մրցույթի շրջանակում «Լավագույն մարդկային պատմություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Մհեր Ենոքյանը՝ «Բանտի հոգեբույժին պետք է բարձր պարգևի ներկայացնել» նյութով։

 

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը արդեն 24 տարի անազատության մեջ է։ «Հետք» էլեկտրոնային թերթին թղթակցությամբ նա պատմում է բանտային կյանքի մասին ներսից։

 

Photo is loading

 

2018 թ․-ին հայտարարված մրցույթի շրջանակում ևս Մհերն արժանացել էր մրցանակի։

 

«Բանտի հոգեբույժին պետք է բարձր պարգևի ներկայացնել» նյութը պատմում է բանտային բժշկության որակի ու բուժաշխատողների թվի մասին։ Այս հոդվածում Մհերն անդրադառնում է ՔԿՀ-ի բժիշկի աշխատանքի՝ ոչ գրավիչ լինելուն, նրանց աշխատանքային վատ պայմաններին և լուծումներ է առաջարկում։

 

Մասնագիտական ժյուրիի անդամ, լրագրող, Հայաստանի հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Արմեն Սարգսյանն այս կարծիքն է հայտնել նյութի մասին․

 

«Մենք շատ ենք կարդում հետազոտություններ և տարեկան զեկույցներ տարբեր ոլորտների մասին։ Այս հոդվածը տարեկան չէ, այն 23 տարվա ուսումնասիրություն է՝ ներսից, որտեղ համակարգը նկարագրվում է առաջին ձեռքից»։  

 

Ժյուրիի անդամ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանն էլ այս կարծիքն է հայտնել․

 

«Նյութում հեղինակը, իր առօրյան ու բանտայի կյանքը ներկայացնելով, ավելի պատկերավոր է դարձնում բանտային բժշկության խնդիրները, դրա բացասական ազդեցությունը մարդկանց կյանքի որակի վրա»:

 

Մրցանակը հանձնելիս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը նշեց, որ սա եզակի դեպք է, երբ ցմահ ազատազրկված անձը ներկայացնում է ազատազրկման վայրում աշխատակցի ունեցած խնդիրները։

 

Մրցույթի շրջանակում համակարգային խնդիրները լուսաբանելու համար խրախուսական մրցանակի արժանացավ Ռոզա Վարդանյանի «Չի կարող խոշտանգումների գործն անաչառ լսել այն մարմինը, որի ներկայացուցիչը հնարավոր հանցագործությունը կատարողն է». ՀՔԾ-ի փոխարինումը ՔԿ-ով՝ մտահոգությունների առիթ» նյութը։

 

Photo is loading

 

Ռոզա Վարդանյանի նյութը անդրադառնում է ՀՀ 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրով նախատեսվող փոփոխություններին։ Դրանով նախատեսվում է խոշտանգումների քննության գործառույթը ՀՔԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցել։ Նյութի հեղինակն ահազանգում է դրա հնարավոր վտանգների մասին։

 

Ժյուրիի անդամ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս մտահոգիչ  է համարում դա․

 

«Հոդվածում վերհանած խնդիրը իսկապես ունի համակարգային բնույթ և այս հարցի լուծումից է կախված գործերի քննության անկողմնակալությունը, անաչառությունը և արդյունավետությունը։

 

Իրենց բնույթով այս գործերը առավել խոցելի են, և բացահայտման համար անհրաժեշտ է ապահովել անկողմնակալության հատուկ  պայմաններ և երաշխիքներ»։

 

«Լավագույն առցանց նյութ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մարինե Խառատյանի «Հազվադեպ են հաշմանդամներին կալանավորում, հիմնականում բանտային պայմաններից են դառնում հաշմանդամ» նյութը։

 

Photo is loading

 

Հոդվածում հեղինակն անդրադառնում է անազատության մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին և այն հանգամանքին, որ ազատազրկված անձինք հաշմանդամություն հիմնականում ձեռք են բերում բանտային պայմաններում։

 

Ժյուրիի անդամ, իրավապաշտպան Արման Ղարիբյանը այս կարծիքն է հայտնել հոդվածի մասին․

 

«Այս հոդվածը միաժամանակ երկու խնդրի է անդրադառնում ցմահ ազատազրկվածների իրավունքների ոտնահարումը և դատապարտյալների առողջական խնդիրներն ու քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման որակը։ Կատարված է պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանք»։

 

«Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ» մրցույթը խնդիրը մշտապես լուսաբանող լրագրողներին խարխուսելուց զատ նաև լուրջ ազդակ եղավ խթանելու այլ լրագրողների ևս անդրադառնալու այս խնդրին։

 

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում մրցանակներ ստացան․

 

 

«Հայացք ներսից» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սոնա Մալումյանի  «Ո՞վ է իրավասու դատապարտելու», Հովիկ Բաբայանի  «Անվերնագիր», Զաքար Զոհրաբյանի «Մարդու իրավունքներ: Ներքին աշխարհ: Ներքին պայմաններ» նյութերը։

 

Հատուկ մրցանակներ շնորհեցին «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի գործընկերները։

 

  • Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հատուկ մրցանակին արժանացավ Շուշան Ստեփանյանը՝ «Ես կյանքս չեմ ավարտել բանտում, ես այնտեղ նորից եմ ծնվել» նյութի համար
  • Արդարադատության նախարարության հատուկ մրցանակն ստացավ Ռաֆիկ Ենգիբարյանը «Նռնաձոր. Հայաստանի ամենահարավային գյուղում դատապարտյալները կարող են ազատ տեղաշարժվել, աշխատել և իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ» նյութի համար
  • ՀՀ Առողջապահության նախարարության հատուկ մրցանակն ստացան Մարինե Մարտիրոսյանն ու Վահե Սարուխանյանը «Հայաստանի «փակ քաղաքները»․ հոգեբուժարաններ» նյութի համար։

 

Մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը հասանելի էր Ա1+-ի եթերում։

 

 

 

Լուսանկարները հասանելի են այստեղ։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանրային կապերի մասնագետ Նարինե Եգանյանի հետ (0322) 72268 հեռախոսահամարով կամ communication@hcav.am էլփոստով։ 

 

ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում անցկացված լրագրողական մրցույթների՝ 2019 թ․-ի մրցանակակիրները հայտնի են

 

---------------

Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

This material has been produced with the assistance of the European Union. Its contents are the sole responsibility of HCA Vanadzor and do not necessarily reflect the views of the European Union.

    
views: 1693

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color