Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել այն մասին, որ Մարտի 1-ի գործով ամենամեծ բացթողումը մեղադրյալի կարգավիճակում Սերժ Սարգսյանին չներգրավվելն էր:
Հատված հրապարակումից. «Մարտի 1-ի գործով դատավարության ամենահիմնական և միակ բացթողումը նրանում է, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ նշված քրեական գործում, որպես 2008թ. մարտի 1-ին թե որպես ՀՀ վարչապետ, թե որպես ՀՀ նախագահի թեկնածու, որի նախագահության համար էլ տեղի է ունեցել սահմանադրական կարգի բռնի զավթումը»:
365news-ի հետ զրույցում Սաքունցը նշեց, որ գլխավոր դատախազն ու Հատուկ քննչական ծառայությունը պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակում չեն ներգրավվել:
«Ես ուղղակի արձանագրում եմ, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, երբ որ այդ ամենը, այդ պետական ահաբեկչությունն իրականացվում էր, և դա իրականացվում էր զուտ այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը դառնա Հանրապետության նախագահ, և ինքը նաև պաշտոնատար անձ է եղել՝ երկրորդ դեմքն, ըստ էության, և նաև նախագահի թեկնածու, ներգրավված չէ այդ քրեական գործում:
Առնվազն, ոչ միայն որպես մասնակից, այլ նաև իրազեկ մարդ, որ գուցե և չի մասնակցել, այլ բացարձակապես անգործության է մատնված եղել: Այսինքն՝ չկա որևէ պատճառ, հանգամանք, որը կարող է բացառել նրա՝ այդ գործում ներգրավված չլինելը»:
Սաքունցը նշեց, որ Սերժ Սարգսյանն առնվազն դրսևորել է կանխամտածված անգործություն: Նա համոզված է, որ չկա որևէ հանգամանք, որը կարող էր բացառել Սերժ Սարգսյանի մեղսակցությունն այդ պետական ահաբեկչության մեջ: