COVID-19 | Media about us | Human Rights in the State of Emergency
Այսօր «Մեդիա կենտրոնում» 14 օր սահմանել խիստ կարանտինային ռեժիմ մի շարք հասարակական կազմակերպությունների՝ առաջարկի քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեցին՝ արտակարգ դրության օրերին կանոնները չեն պահպանվել, հիմա էլ մարդիկ դիմակ չեն կրում, երբ այն պարտադիր է: Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց՝ Covid 19-ի մասին կեղծ լուրեր տարածելը, ասենք՝ որոշ ուղղորդված խմբեր, երբ հայտարարում են, թե այս վիրուսը սուտ է կամ ասում են՝ սա արվում է, որպեսզի հետո պատվաստանյութերը վաճառեն եւ այն, արդյոք չե՞ն ազդում հանրության գիտակցության վրա, եւ դրանից էլ բխում է հանրային բացասական եւ անպատասխանատու վարքագիծը:
«Կեղծ լուրը կարող է մարդ սպանել, կեղծ լուրերի ճնշող մեծամասնությունը հանգեցնում է նրան, որ վիճակն ավելի է վատանում»,-ասաց Իոաննիսյանը: Նրա խոսքերով՝ կեղծ լուրեր են տարածում, որ դիմակները չեն օգնում եւ այլն, սրա մոտիվացիայի մի մասը իշխանությանը խփելն է: Բանախոսի խոսքերով՝ եթե դիմակների վրա գրված է, որ դիմակը կորոնավիրուսի դեպքում չի օգնում, բայց ալկոգելի վրա էլ գրված չի նման բան, բայց դրանք պաշտապանիչ միջոցներ են. «Կեղծ լուրեր են տարածում իշխանությանը խոցելու համար, ասում են՝ իշխանությունը դիմակների բիզնես է անում, պարտադիր են սարքում, որպեսզի վաճառեն, մարդիկ էլ ասում են՝ որ սուտ է, չկրենք: Տարբեր մոտիվներով կեղծ լուրեր են տարածում կորոնավիրուսի հետ կապված, էլ 5G ցանցեր, էլ չիպավորում, դեղագործական կորպորատիվ շահեր եւ այլն, սա հանգեցնում է նրան, որ վիճակը վատթարանում է ու մարդիկ են մահանում»: Ըստ Իոաննիսյանի, իշխանությունը հանրային հաղորդակցության լրջագույն խնդիր ունի, ամենապարզ ուղերձը չեն կարողանում հասցնել հանրությանը:
Սաքունցն էլ նկատեց՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել մարդկությանը, այս «Խնջույք ժանտախտի ժամանակ» անպատասխանատու վարքագիծ է հենց իրենց սահմանված կանոնների նկատմամբ. «Ճիշտ է, ներողություն խնդրեցին, բայց դրանից հետո պետք է կոնկրետ գործողություններ լինեին»:
Ինչ վերաբերում է կեղծ լուրերին, ըստ Սաքունցի, այս պարագայում իշխանությունը պարտավոր է դրա դեմն առնել ամենօրյա ճշգրիտ տեղեկատվությամբ. «Բացի թվերից ուրիշ բան չենք տեսնում, չենք տեսնում ջանքերը բժիշկների տեսքով: Այս պայմաններում, տեսեք, պարգեւավճարների մոտեցումը փոխվե՞լ է, ի վերջո սա պատերազմական վիճակ է, կամ՝ հիմա Քայլող մարդու արձան դնելու ժամանա՞կն է»: Սաքունցը զուգահեռներ տարավ դպրոցների եւ մանկապարտեզների միջեւ, ասաց՝ անտրամաբանական է, երբ դպրոցներում հեռավար ուսուցում են կազմակերպում, իսկ մանկապարտեզները բացում են. «Սա խոսում է այն մասին, որ համակարգային մոտեցում ու գիտակցումը բացակայում է: Պետք է ամենօրյա մոտ 4 հազար թեստ արվի, ոչ թե մի օր շատ արվի՝ շատ դեպք գրանցվի, մի օր քիչ արվի՝ քիչ գրանցվի: Սա իրական պատկերը կտա»:
Իոննիսյանն էլ կասկածի տակ դրեց, որ օրինակ պարետ Ավինյանը շրջում է քաղաքներում, որպեսզի տեսնի՝ ինչ է կատարվում, ինչպես են համատարած խախտվում կանոնները, հատկապես Վանաձորում ու Գյումրիում. «Այո, սա պատերազմ է, եւ ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունում որոշները չեն տիրապետում իրավիճակին: Իրավիճակին տիրապետող հրամանատարությունը չէր կարող այս իրավիճակին հասցնել»: