Ներքաղաքական լարվածության ներկա իրավիճակում և արդեն իսկ հայտարարված արտահերթ ընտրությունների նախաշեմին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանգամանալից քննարկումն առանձնահատուկ կարևորություն է ստանում։ Հայաստանի առջև ծառացած բարդագույն մարտահրավերները կարող է հաղթահարել միայն հանրության վստահությունը վայելող իշխանությունը, իսկ ձևավորվելիք իշխանությունների որակը մեծապես կախված է նաև ընտրությունների որակից։ Դա էլ իր հերթին պայմանավորվելու է Ընտրական օրենսգրքի որակով։ Հետևաբար՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հղթահարման առանցքային բաղադրիչներից են։ Արտահերթ ընտրությունների գնալու ենք գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրակարգով։ Նա շեշտել է՝ քննարկումների արդյունքում արձանագրել են, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, և որոշում է կայացվել, որ պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների, և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի։
Քննարկմանը մասնակցում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Կարապետյանը։