Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Բարեվարքության թղթապանակներ. ՍԴ դատավորի երկու թեկնածուների մասին

August 21, 2020

Library

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ԹՂԹԱՊԱՆԱԿ  № 1․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

 

1.1 ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ (առաջադրված ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից)

 

1.1.1. Նախկին վարքագիծը՝ ՀՀ տնտեսական դատարանի դատավորի պաշտոնում

 

Երվանդ Խունդկարյանը 2001-2008 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։ Նրա անունը կապվում է «Ա1+» և «Նոյյան Տապան» անկախ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումների գործընթացի հետ և կասկածի տակ է դնում նկա անկախությունը։

 

«Ա1+» և «Նոյյան Տապան» լրատվամիջոցների չեզոքացումն ակնհայտորեն եղել է ՀՀ գործող իշխանությունների քաղաքական պատվերը, որը, հնարավոր է, պայմանավորված է եղել 2003թ. նախագահական ընտրություններով, սակայն, ինչպես փաստվել է հետագայում, զգալի հարված է հասցրել Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեությանը։

 

2002 թ․ դեկտեմբերին ՀՀ տնտեսական դատարանը՝ դատավոր Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ վարույթ է ընդունել «Ա1+» և «Նոյյան Տապան» ընկերությունների մրցակիցների (27-«Դար-21», 31-«ԱրմենԱկոբ», 39-«TV-5», 51-«Երևան», 58-«Էվ») համատեղ հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) և որպես հայցի ապահովման միջոց ընտրել է ՀՌԱՀ կողմից հայտարարված հեռուստատեսային 5 կապուղիների մրցույթի կասեցումը։ Վերոնշյալ ընկերությունների պահանջն էր ՀՌԱՀ-ին՝ վերադարձնել դեռևս 2002թ. նոյեմբերին իրենց ներկայացված մրցութային առաջարկները՝ դրանք լրամշակելու համար, որի վերաբերյալ, ստանալով հանձնաժողովի մերժումը, դիմել էին դատարան։ Դրանից առաջ մրցույթը հետաձգվել էր «Նոյյան Տապանի» դատարան դիմելու պատճառով, քանի որ ՀՌԱՀ-ը մերժել էր ընդունել վերջինիս դիմումը։ Վերնոշյալ հինգ ընկերություններն իրենց ակնհայտ արհեստական ու համակարգված դիմումը տնտեսական դատարան հիմնավորել էին առ այն, որ մրցույթը արդեն մեկ անգամ հետաձգվել է։

 

Արդյունքում՝ խիստ վիճահարույց նախագահական ընտրությունների նախօրեին, փաստորեն, անհնարին է դարձել կայացած և մինչ այդ արդյունավետ կերպով գործունեություն ծավալող հեռուստանկերությունների աշխատանքը։ Ի վերջո՝ 2003 թ․ մարտի 14-ին, դատական նիստը երեք անգամ հետաձգելուց և ՀՀ նախագահական ընտրությունների երկու փուլերից հետո (համապատասխանաբար՝ փետրվարի 19, 2003թ․ և մարտի 5, 2003թ․), տնտեսական դատարանը մերժել է հինգ հեռուստաընկերությունների հայցը։[1]

 

Այն, որ կոնկրետ «Ա1+»-ի նկատմամբ գործընթացը քաղաքական էր փաստվում է նրանց առաջ ծագած բազմաթիվ խոչընդոտներով, որոնք ճանաչվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մելտեքս ՍՊԸ-ն և Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (17 հունիսի 2008)։ ՄԻԵԴ-ը, մասնավորապես, ընդգծել է անկախ հեռուստաընկերությանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից լիցենզիա տրամադրելու 7 անգամ անհիմն մերժվելու փաստը և պետության կողմից Մարդու իրավունքների կոնվենցիայի Հոդված 10-ով նախատեսված արտահայտման ազատության իրավունքների խախտումը։[2]

 

1.1.2. Նախկին վարքագիծը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում. ճնշումներ դատավորների վրա

 

2008 թ. հոկտեմբերի 8-ին Ե․Խունդկարյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր[3], իսկ 2010 թ․ սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ[4]:

 

2013 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների հիման վրա բացահայտվել և նշված զեկույցում ամփոփվել են ՀՀ դատական համակարգում գործող կոռուպցիոն մի շարք սխեմաներ, որոնցում առանցքային դերակատարում են ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները։[5]

 

Զեկույցում, նախաբանի փոխարեն, Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը արձանագրել էր հետևյալը․

 

«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում տրասնպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5- ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի , Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ - երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:

 

Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահն երը արդարություն ապահովեին , ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ:»

 

2013 թ․ ՄԻՊ-ի գրասենյակի կողմից անցկացրած հարցումների արդյունքում բացահայտվել էին դատական համակարգում գործող հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը:

 

Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կայացրած վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:

 

Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կայացրած վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև: Կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում․ առաջին ատյանում՝ 500-10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2,000-15,000 ԱՄՆ դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10,000-50,000 ԱՄՆ դոլար:

 

Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկում և հրանգավորում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամը:

 

Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը, Վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը: Այսինքն՝ գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում և իր խնդիրը «կարգավորում» է միայն Վճռաբեկ դատարանում:

 

ՄԻՊ զեկույցում ասված է, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական և հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի և ստորադաս դատավորների միջև, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը։ Նշված է, որ Արդարադատության խորհուրդն է հանդիսացել այն լծակը, որի միջոցով Վճռաբեկ դատարանը դատավորների նկատմամբ իրականացրել է ուղղակի և անուղղակի ճնշումներ:[6]

 

Ըստ զեկույցի, «ՀՀ վճռաբեկ դատարանում ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ: Ձևավորված է, այսպես կոչված, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորը իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքներ»-ի ներկայացման միջոցով: Բացի զոնալ դատավորի ինստիտուտից Վճռաբեկ դատարանում ներքին հանցավոր «հրովարտակով» հաստատված են այն գործերի տեսակները, որոնցով, մինչև որևէ վճիռ կայացվելը, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն:»[7]

 

Հարկ է նշել, որ ՄԻՊ զեկույցում արձանագրված փաստերը երբևէ չեն վիճարկվել այդ թվում՝ անուններով մատնանշված դատավորների կողմից։ Ընդհակառակը՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող գրեթե բոլոր դատական գործընթացները փաստել են վերը նկարագրված սխեմաների հավանականության բարձր աստիճանը։

 

Նմանատիպ մի գործի օրինակ է «Հրազդան» տոնավաճառի նախկին տնօրեն Գալուստ Աբաջյանի 2018 թ․ հաղորդումը դիմումն ընդդեմ անշարժ գույքի գործակալ Գևորգ Սանամյանի, որն, ըստ դիմումատուի, նրանից խարդախությամբ խլել է բնակարանը և առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները խնդրահարույց գործընթացներով որոշում են կայացրել ի օգուտ Սանամյանի։ Աբաջյանի խոսքերով՝ տվյալ գործերով հովանավորը Ե․Խունդկարյանն է, և Սանամյանը բազմիցս շատ տեղերում ասել է, որ «ինքը Երվանդ Խունդկարյանի հետ հարցերը լուծել է  և ասել է՝ նայի ես իրան ոնց եմ տնից հանելու»:[8]

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրահարույց է, որ ի արձագանք ՄԻՊ-ի զեկույցի՝ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Ե․Խունդկարյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[9]։ Հետագայում՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Ս․Սարգսյանի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։[10]

 

1.1.3. Նախկին վարքագիծը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում. մարդու իրավունքների խախտումներ

 

Ե. Խունդկարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ընդունված որոշումների առնչությամբ առկա են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներ, որոնք արձանագրել են սեփականության իրավունքի վերաբերյալ գործերով ՀՀ դատական համակարգի կողմից կայացված որոշումներում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Դրանք առնչվում են Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում Թեղուտ-Շնող գյուղերի բնակիչների հողամասերի՝ բացառիկ գերակա հանրային շահի անվան տակ օտարմանը, ներառյալ՝ Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի, Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի, Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի, Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի, Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի, Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի, Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի, Պապոյանն ընդդեմ Հայաստանի, Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի գործերը: [11]

 

1.1.4. Գույքը և եկամուտները

 

Առկա է որոշակի անհամապատասխանություն Ե.Խունդկարյանի 2018թ․ և 2019թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերի դրամական միջոցներ բաժնում։ Այսպես, 2018թ․ տարեկան հայտարարագրում տարվա վերջի դրությամբ որպես դրամական միջոց հայտարարագրվել է 6,000 ԱՄՆ դոլար և 22 մլն ՀՀ դրամ։ 2019թ․տարեկան հայտարարագրում տարվա սկզբի դրությամբ բացի նշված միջոցներից, որոնք ներկայացված են կանխիկ գումարի բաժնում, հայտարարագրված են 1,220 եվրո և 837,723.00 ՀՀ դրամ չափով բանկային հաշիվների մնացորդներ։ Հարկավոր է ստուգել նշված անհամապատասխանության պատճառը:

 

2019 թ․ հայտարարագրում նշված է, որ նրա անչափահաս զավակը՝ Դավիթ Երվանդի Խունդկարյանը 2019 թ․ Անիկ Արտաշի Բաղդասարյանից ստացել է 2 միլիոն դրամ, որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց։ Ա․Բաղդասարյանի կապը Ե․Խունդկարյանի հետ անհասկանալի է և բացատրության կարիք ունի։

 

1.1.5. Առաջադրման գործընթացը

 

Երվանդ Խունդկարյանը ՀՀ սահմանադրական դատարանի թեկնածու է առաջադրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թ․ հուլիսի 31-ին կայացած նիստին։ Տվյալ ժողովի ընթացքում տեղի է ունեցել երկու ընտրություն՝ Սահմանադրական դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի։ Վերջինի արդյունքների հաշվարկի ժամանակ հաշվիչ հանձնաժողովի կողմից բացահայտվել է տասը քվեաթերթիկի լցոնում։[12] Չնայած, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության արձանագրված արդյունքների վրա հենց տասը քվեաթերթիկի տարբերությունը չէր կարող ազդել, գործընթացի ընթացքում տեղ գտած բացահայտ կեղծարարությունն ինքնին առաջացնում է քվեարկության արդյունքների վավերության հարց:[13]

 

1.2 ԱՐԹՈՒՐ ԳՐԻՇԱՅԻ ՎԱՂԱՐՇՅԱՆ (առաջադրված ՀՀ նախագահի կողմից)

 

1.2.1 Նախկին վարքագիծը՝ ԵՊՀ դասախոսի պաշտոնում

 

2009 թ․ «Միասին» երիտասարդական շարժումը իրականացրել էր կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երևանի մի շարք բուհերում», որի նպատակն էր բուհերի ուսանողների ուժերով վեր հանել կոռուպցիոն երևույթները և հրապարակել բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաև ուսանողների և բուհերի անունները: 2009 թ․ մարտի 11-ին մի շարք բուհերի դասախոսների լուսանկարները հայտնվեցին Երևանի շենքերի պատերին: Փակցված էր շուրջ երեսուն լուսանկար, յուրաքանչյուրի վերնամասում գրված էր. «Համաձայն ուսանողների շրջանում անցկացրած հարցումների և «Միասին»-ի էլեկտրոնային փոստին ուղարկված նամակների»: Նկարների մեջ կար նաև ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի նկարը։[14]

 

Խիստ վերապահումներ ունենալով հանդերձ «Միասին» շարժման և դրա իրական մոտիվացիաների առումով, առաջարկում ենք ստուգել նշված տեղեկատվությունը։

 

Ընդհանուր առմամբ՝ բարեվարքության ստուգման շրջանակներում ԿԿՀ-ին առաջարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի աջակցությամբ քննության առարկա դարձնել ակադեմիական բարեվարքության՝ գիտական աստիճանի շնորհման գործընթացի օրինականության հարցը:

 

ԹՂԹԱՊԱՆԱԿ  № 1 (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆ

1.3 ԷԴԳԱՐ ԷԴՈՒԱՐԴԻ ՇԱԹԻՐՅԱՆ  (առաջադրված ՀՀ կառավարության կողմից)

1.3.1 Նախկին վարքագիծը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

Էդգար Շաթիրյանը 2015 թ. հունիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի առաջարկությամբ նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թ. հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով[1]։ Պաշտոնավարումը հետագայում երկարաձգվել է և ավարտվել 2019 նոյեմբերի 19-ին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմամբ։

2019թ․ նոյեմբերի 19-ին Էդգար Շաթիրյանը եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներից միակը, ով առաջադրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, ինչը շատերի կողմից դիտվել է որպես դրական քայլ՝ նշված կառույցների ինստիտուցիոնալ շարունակականությունն ապահովելու տեսանկյունից։ է․Շաթիրյանն, «Իմ քայլը» խմբակցության առաջադրմամբ, ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ 96 կողմ և 6 դեմ ձայներով ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։

Մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 26-ին գումարած նիստին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԿԿՀ նախագահի թեկնածու են ինքնաառաջադրվել  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը  և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը: Հանձնաժողովի անդամները քվեարկության արդյունքում որոշել են նախագահ ընտրել Հ․Հարությունյանին։ Չընտրվելով հանձնաժողովի նախագահի պաշտոնին՝ Է․Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել՝ այդ մասին առաջինը հայտարարություն տարածելով իր ֆեյսբուքյան էջում, չնայած որ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 147-ի համաձայն ԱԺ կողմից ընտրված պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պետք է պաշտոնապես ներկայացվեր ԱԺ նախագահին, որն այդ մասին պետք է հանդես գար հայտարարությամբ։

Է․Շաթիրյանը ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում իր հրաժարականը հիմնավորել է հանձնաժողովի անդամների վստահության բացակայությամբ՝ թեև նա հանձնաժողովի անդամների մյուս թեկնածուների համեմատ ստացել էր ԱԺ պատգամավորների առավելագույն «կողմ» ձայները։[2] Անհասկանալի է մնացել, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության կողմից նրան նախապես տրվել էին նախագահի պաշտոն ստանալու խոստումներ կամ արվել էին համապատասխան ակնարկներ, որոնք չիրականացվելը Է.Շաթիրյանին ստիպել է ընդունել ԱԺ պատգամավորների մեծամասնության կողմից իրեն վստահված պաշտոնից հրաժարվելու մասին որոշում: Բոլոր դեպքերում, անկախ պատճառներից, Է․Շաթիրյանի տվյալ վարքագիծը հանրության մոտ ձևավորել է որոշակի ընկալումներ ՀՀ Ազգային ժողովի ու հանրության, ինչպես նաև օրենսդրության պահանջների նկատմամբ անհարգալից և անպատասխանատու վերաբերմունքի առումով։[3]

Ինչպես և առաջարկվել է նախկինում՝ բարեվարքության ստուգման շրջանակներում ԿԿՀ-ին առաջարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի աջակցությամբ քննության առարկա դարձնել ակադեմիական բարեվարքության՝ գիտական աստիճանի շնորհման գործընթացի օրինականության հարցը։

 

transparency.am

transparency.am

views: 469

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color