Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Համավարակից հետո մարդու իրավունքները կօգնեն մեզ վերակառուցել վստահությունը և ամրապնդել անվտանգությունը

July 15, 2020

Գրադարան

COVID-19-ի «հարձակումն» իր հետ միասին բերեց գլոբալ մասշտաբի առողջապահական արտակարգ իրավիճակ: Սա մեծ մարտահրավեր դարձավ երկրների առաջնորդների և ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի, ինչպես նաև մարդկանց համար: Դժբախտաբար, այն դարձավ նաև պատրվակ մարդու իրավունքների խախտումների համար, որոնցից շատերը մինչ օրս շարունակվում են: 

 

Մենք բոլորս հասկանում ենք, որ բնակչությունը COVID-19-ի համավարակից պաշտպանելու համար կառավարություններին անհրաժեշտ է եղել գործել հապշտապ: Մենք նաև հասկանում ենք, որ այս նպատակով կարող են անհրաժեշտ լինել արտակարգ միջոցառումներ: Այդուհանդերձ, արտակարգ դրությունը պետք է համաչափ լինի իր նպատակին և տևի միայն այնքան ժամանակ, որքան այն միանգամայն անհրաժեշտ է: Իրավապահ մարմիններին և զինուժին լրացուցիչ լիազորություններ տալու դեպքում պետք է պարզ լինի դրա պատճառը: Եթե հանրային հավաքները արգելված են և քաղաքացիներին արգելվում է ազատ տեղաշարժվել, այս կանոնները պետք է կիրառվեն բոլորի համար և ոչ թե միայն ընդդիմադիր կուսակցությունների աջակիցների, որոշակի կրոնի հետևորդների կամ մաշկի որոշակի գույն ունեցող անձանց դեպքում: Կալանավորումը և տուգանքները պետք է լինեն լավ հիմնավորված և երբեք չպետք է լինեն կամայական:

 

ԵԱՀԿ բոլոր երկրները պարտավորվել են պահպանել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը նաև արտակարգ դրության ժամանակ: Չկա այնպիսի իրավիճակ, որում կարող է անհրաժեշտ, օրինական կամ համաչափ լինել իշխանությունների տարանջատման խարխլումը, ինչը ցանկացած ժողովրդավարության հիմքն է: Ընդհակառակը, հենց ժողովրդավարական փոխզսպումն ու հակակշռումն է ապահովում, որ մեր կառավարությունները գործեն ի օգուտ մեզ և ոչ թե հակառակը: Ուժեղ է այն պետությունը, որը խոսում է իր քաղաքացիների հետ և հարգում նրանց իրավունքները: 

 

ԺՀՄԻԳ-ն ուշադրությամբ մշտադիտարկում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը, քանի որ դրանք մեր առջև ծառացած մարտահրավերների լուծումների հիմքն են, և նաև քանի որ վերջին ամիսների իրադարձություններն ու որոշումները մեծապես ազդել են դրանց վրա:  

 

Անհանդուրժողականություն տեսնելու դեպքում մենք բարձրաձայնում ենք այդ մասին և աշխատում ենք հասնել ավելի ընդարձակ հասկացողության առ այն, որ մեր բազմազանության ուժի միջոցով է, որ կհաղթահարենք այս ճգնաժամը:  Քաղաքական առաջնորդներն, ովքեր հանդուրժում են մարդու իրավունքների խախտումներ և  սրում են տարբեր համայնքների միջև լարվածությունը հանուն կարճաժամկետ (և անհեռատես) քաղաքական շահի, հետևաբար նաև վտանգում են սոցիալական համախմբվածությունն ավելի երկարաժամկետ  կտրվածքով: Ինչպես ականատես ենք եղել վերջերս, նրանք, ովքեր զգում են, որ ներառված չեն, կարող են նաև ունենալ այնպիսի զգացողություն, որ կորցնելու ոչինչ չունեն: 

 

Համավարակը հատուկ դժվարությունների ժամանակաշրջան է արդեն իսկ մարգինալացված համայնքների համար. գնչուների համար, ովքեր հաճախ խիտ բնակեցված թաղամասերում են՝ գերբնակեցված բնակելի տարածքներում, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանի միգրանտների և փախստականների համար, ովքեր ապրում են գերբնակեցված ճամբարներում՝ հակասանիտարական պայմաններում, և չունեն վարակից նույնիսկ նվազագույն պաշտպանություն: 

 

Կան նաև այլ մարտահավերներ: Իշխանության չարաշահման կանխարգելման գլխավոր ձևերից մեկը ժողովրդավարական ընտրություններն են, իսկ ընտրությունների դիտորդությունը ԺՀՄԻԳ-ի գլխավոր գործողություններից մեկն է: COVID-19-ի պատճառով մենք ժամանակավորապես չենք կարողանում իրականացնել դիտորդական առաքելությունն ավանդական ձևով, սակայն մենք օգտագործում ենք այս ժամանակը՝ էլ ավելի զարգացնելու դիտորդության մեր մեթոդաբանությունը, որը տարիներ շարունակ զարգացել է՝ ի պատասխան փոփոխվող իրավիճակների: 

 

Շատ երկրներում համավարակը նաև մեծ մարտահրավերներ է առաջացրել օրենքի գերակայության համար, քանի որ իշխանության ժողովրդավարական հավասարակշռությունը ուղղություն է բռնել դեպի կառավարություն: Որպեսզի ժողովրդավարությունը գործի, խորհրդարաններն ու դատարանները պետք է շարունակեն աշխատել՝ չնայած պարետային ժամերին և տնամեկուսացմանը: 

 

Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ ես շարունակում եմ լինել լավատես: Համավարակի և դրա՝ մեր ընդհանուր արժեքները վերահաստատելու համար ստեղծած հնարավորություններից զատ, ես նաև այլ պատճառներ ունեմ դրա համար: Այս ամիս մենք նշում ենք Կոպենհագենյան փաստաթղթի երեսունամյակը, որում ԵԱՀԿ բոլոր պետությունները արտահայտել են «իրենց համոզմունքն առ այն, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու խթանումը կառավարության հիմնական նպատակներից մեկն է»: 

 

Այն պետությունները, որոնք ստորագրեցին համաձայնագրերը Կոպենհագենում և նույն տարի ավելի ուշ Փարիզում, թե հեռատես, և թե խիզախ էին: Նրանք ոչ միայն հիմք էին ստեղծում տարածաշրջանում ծնունդ առնող ժողովրդավարությունների զարգացման համար, այլև նայում էին խաղաղության և բարգավաճման անմիջական մարտահրավերներից անդին:

 

1990 թվականին սա անխուսափելի չէր: Այդ ժամանակի մարտահրավերներն ահռելի էին և շատերին հաղթահարելի էին թվում միայն այդ ժամանակ տիրող լավատեսության և «մենք կարող ենք դա անել» մթնոլորտի արդյունքում: Համավարակից հետո մեզ պետք է վերագտնել այդ հնարավորության զգացողությունը, և այն զգացողությունը, որ յուրաքանչյուր անհատ կարող է դրական փոփոխություն անել, և այս փոփոխությունները հավաքականորեն հսկայական կլինեն հասարակությունների համար:  

 

Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը մարդկության պատասխանն է իր առջև ծառացած ընդհանուր խնդիրներին թե համավարակի ընթացքում, և թե դրանից հետո:  

 

Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիր, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն (ԺՀՄԻԳ)

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

osce.org

Դիտումներ՝ 422

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????