0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հայաստան․ օրենքը սահմանափակում է գաղտնիության իրավունքը COVID-19-ի դեմ պայքարում․ hrw.org

April 3, 2020

COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

(Բեռլին). «2020 թվականի մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց  օրենսդրական նախագիծ, որն իշխանություններին տվեց վերահսկողության լայն լիազորություններ՝ օգտագործելու բջջային հեռախոսներով կատարված զանգերի և ուղարկված հաղորդագրությունների տվյալները՝ կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերելու համար»,-այսօր ասել է Human Rights Watch-ը։ Փոփոխությունները սահմանափակում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և թույլ են տալիս իշխանություններին ունենալ հասանելիություն վիրուսակիր անձանց վերաբերյալ բժշկական գաղտնի տեղեկություններին։

 

Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում կար COVID-19-ի 663 հայտնաբերված դեպք։ Կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց մարտի 16-ից մինչև ապրիլի 14, մարտի 26-ին հայտարարեց համապետական տնամեկուսացում և միջոցներ ձեռնարկեց՝ վիրուսի տարածումը կանխելու համար։

 

«Հայաստանի կառավարությունը բախվում է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակին, և տեխնոլոգիան կարևոր դեր ունի առողջապահության վերաբերյալ ուղերձներ հղելու և առողջապահության հասանելիությունը խթանելու հարցում»,-ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցիացիայի տնօրեն Գեորգի Գոգիան։ «Սակայն միևնույն ժամանակ իշխանությունները պետք է գործեն այնպես, որ զանգվածային վերահսկողության կիրառումը չխաթարի մարդու իրավունքները»։

 

Խորհրդարանն ընդունել է օրենքը մարտի 31-ին՝ այն նույն օրը ավելի վաղ մերժելուց հետո։

 

Օրենքը պահանջում է հեռահաղորդակցման ընկերություններից՝ իշխանություններին տրամադրել բոլոր հաճախորդների հեռախոսի տվյալները, այդ թվում՝ նրանց կատարած զանգերի և ուղարկած տեքստային հաղորդագրությունների հեռախոսահամարները և գտնվելու վայրը, ժամանակն ու ամսաթիվը։ Իշխանությունները պետք է օգտագործեն տվյալները՝ հայտնաբերելու, մեկուսացնելու կամ ինքնամեկուսացման մեջ պահելու, ինչպես նաև վերահսկելու COVID-19-ով վարակված անձանց կամ վարակված անձանց հետ շփում ունեցած անձանց։ Իշխանությունները տեղեկություն կստանան՝ պարտադրելով  բուժաշխատողներին՝ տվյալներ հաղորդել «թեստավորված, վարակված, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդանոցում բուժում ստացող կամ հիվանդի հետ շփում ունեցած անձանց մասին»։

 

Ըստ կառավարության՝ օրենքը իշխանություններին թույլ է տալիս հավաքագրել միայն հեռախոսի տվյալները և նրանք հասանելիություն չեն ունենա անձնական հաղորդակցման բովանդակությանը։ Human Rights Watch-ը նշել է, սակայն, որ նման տեղեկությունը կարող է բացահայտել անհատի ինքնության, գտնվելու վայրի, վարքի, կապերի և գործողությունների հետ կապված զգայուն տվյալներ։

 

Թեև համավարակի տարածումը կանխելու նպատակով գաղտնիության պահպանման իրավունքի սահմանափակումները կարող են թույլատրելի լինել, Կառավարությունը պետք է ապահովի, որ նման սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ ու համաչափ։

 

Օրենքը պահանջում է զանգերի և ձեռք բերված այլ տվյալների ոչնչացում արտակարգ դրության ավարտից հետո։ Այնուամենայնիվ, Կառավարությունը պետք է նաև խիստ սահմանափակումներ սահմանի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների հավաքագրման, դրանց օգտագործման կամ համադրման նպատակների, ինչպես նաև այն գործակալությունների կամ պաշտոնատար անձանց համար, ովքեր կարող են հասանելիություն ունենալ այս տեղեկությանը։ Բացի դրանից՝ անհրաժեշտ է տեղեկացնել մարդկանց, թե երբ են հավաքագրվել նրանց տվյալները։

 

Human Rights Watch-ը նշել է, որ կառավարությունը պետք է նաև սահմանի տվյալների անվտանգության արձանագրություններ, որոնք նվազագույնի կհասցնեն տվյալների արտահոսքի ռիսկը և կպաշտպանեն մարդկանց թվային անվտանգությունը։

 

Եթե արտակարգ դրությունը շարունակվի երկար ժամանակ, Կառավարությունը պետք է պարբերաբար դիտարկի հեռախոսազանգերի տվյալների ոչնչացման հնարավորությունը։ Ակտիվիստները քննադատում են օրինագիծը՝ վիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ և արդյունավետ չլինելու համար։ 

 

Հայաստանի օմբուդսմենը նույնպես իր մտահոգությունն է հայտնել օրենքի՝ մարդու իրավունքների բավարար երաշխիքներ չունենալու վերաբերյալ։

 

Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է հեռահաղորդակցության և բժշկական տեղեկությունների գաղտնիությունը։ Միջազգային օրենքը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիրը նույնպես պաշտպանում են «գաղտնիության, ընտանիքի, տան կամ նամակագրության» իրավունքը կամայական կամ ապօրինի միջամտությունից։ Հայաստանը վավերացրել է թե Կոնվենցիան և թե Դաշնագիրը, սակայն թույլ է տվել շեղումներ կամ վերապահումներ մարտի 20-ին՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո։

 

«Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը հարգել են COVID-19 –ով վարակված անձանց գաղտնիության իրավունքը, սակայն հանրային առողջապահական արդյունավետ հակազդման համար անհրաժեշտ վստահությունը չկորցնելու նպատակով նրանք պետք է բացատրեն, թե ինչպես են շարունակելու հարգել գաղտնիության իրավունքը, և հավաստիացնեն, որ թվային վերահսկողության այս միջոցառումները խստագույնս համապատասխանում են մարդու իրավունքների երկարաժամկետ երաշխիքներին», ասել է Գոգիան։

 

hrw.org

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

Դիտումներ՝ 407

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

Ընտրեք տեքստի դիտման
Ձեզ մատչելի տարբերակը

Ընթացիկ հայտարարություններ


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը