«Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ, և թե ինչ կառավարման մոդել կլինի հայաստանում, հայտնի կդառնա այդ հայեցակարգի նախագծով»,- «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը․ ո՞ւմ և ինչի համար են փոխվում գլխավոր կանոնները» թեմայով քննարկմանն այս մասին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա դիտարկմամբ՝ անկախ կառավարման մոդելից, անցած 30 տարիների ընթացքում ձախողվել է իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը:
«Մեր որևէ Սահմանադրություն, նաև ներկայումս գործողը, չի երաշխավորում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, սա է ամենամեծ խնդիրը և ձախողումը, և ամենամեծ դասը պետք է սրանից քաղել. որպես ելակետային դրույթ այս սկզբունքը պետք է ընդունվի դիրքորոշում արտահայտելիս և որոշումներ կայացնելիս:
Իշխանության ամենից կարևոր երկու ճյուղերը երբեք Սահմանադրության մակարդակով երաշխավորված անկախություն չեն ունեցել. դատական իշխանությունը մշտապես գտնվել է գործադիր իշխանության հսկողության ներքո՝ մեխանիզմների առումով գործադիր իշխանությունը դատական իշխանության վրա ունեցել է ուղղակի և անուղղակի ազդեցության լծակներ՝ անկախ կառավարման մոդելից:
Մենք չենք ունեցել նաև օրենսդիր մարմինների երաշխավորված լիակատար անկախություն. խորհրդարանական մեծամասնությունը միշտ ունեցել է բացարձակ իշխանություն,- նշեց Սաքունցը: Նրա խոսքով՝ միակուսակցական մտածելակերպը քաղաքական մշակույթում հաղթահարված չէ. հակակշիռներ չկան: