Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դպրոցի տնօրենը հետապնդում է ուսուցչուհուն՝ ոստիկանների ներգրավմամբ

April 6, 2020

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Դատարանը հակաօրինական է ճանաչել տնօրենի որոշումները 

 

2019 թվականի  նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի Հաղարծին համայնքի դպրոցի տեխնոլոգիա առարկայի ուսուցչուհի Լ.Մ-ն, ի զարմանս իրեն, դպրոցի հայտարարությունների պատին փակցված փաստաթղթում կարդում է հետևյալ բովանդակությամբ  գրառում. «2019 թ. հոկտեմբերի 25-ին, խախտելով Հաղարծինի միջնակարգ դպրոցի ներքին կարգապահական կանոնները, առանց թույլտվության, աշխատանքի ժամին աշխատավայրը լքելու պատճառով տեխնոլոգիայի ուսուցչուհի Լ. Մ.-ին հայտարարել նկատողություն»:

 

2019 թվականին ՀՔԱՎ գրասենյակի իրավախորհրդատու Սոֆյա Պետրոսյանի աջակցությամբ  Լ. Մ.-ը հայց է ներկայացնում դատարան՝ ընդդեմ դպրոցի տնօրենի՝ պահանջով անվավեր ճանաչել կարգապահական տույժ կիրառելու մասին նրա հրամանը:

 

2020 թ. մարտի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Կուրեխյանի նախագահությամբ, բավարարում է Լ. Մ.-ի քաղաքացիական հայցը:

 

Հաղարծինի դպրոցի տնօրենը հայցադիմումի` իր պատասխանում մասնավորապես նշում է, որ Լ.Մ.-ն, իրեն շրջանցել է, դիմել  փոխտնօրենին՝ ժամանակից շուտ աշխատավայրից գնալու խնդրանքով, անտեսելով պատճառաբանությունը, որ նա նման հարցերով իրավասու չէ: Լ.Մ.-ն ինքնակամ գնացել է՝ պատճառաբանելով, որ տնօրենը տեղում չի եղել, այնինչ այդ պահին ինքը համակարգչային օպերատորի հետ մարզպետարան փաստաթղթեր ուղարկելիս է եղել:  Լ.Մ.-ն կարող էր նաև զանգով հարցնել թույլտվություն, ինչը ևս չի արել: Փոխտնօրենը հեռախոսով Լ.Մ.-ին տեղեկացրել է իր արարքի մասին բացատրագիր ներկայացնելու պահանջի մասին, ինչը, Լ.Մ.-ը չի արել: Հաջորդ օրը, Լ.Մ.-ը մի խումբ ուսուցիչների ներկայությամբ այդ իրավական ակտի վրա փակցրել է ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ)՝ այդպիսով անհարգալից ու արհամարական վերաբերմունք ցուցաբերելով  փաստաթղթի նկատմամբ: 

 

Ղեկավարվելով օրենքի պահանջներով և դպրոցի ներքին կարգապահական կանոններով` տնօրենը նրա նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողության տեսքով, ինչի մասին հրամանը փակցվել է ուսուցչանոցի տեսանելի վայրում:

 

Տնօրենի այս պատասխանին անմիջապես հաջորդել է Լ.Մ.-ի առարկությունը, որով նա  դատարանին տեղեկացրել է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը՝ տնօրենն իրենից կարգի խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջել, հետևաբար` իր հանդեպ  կարգապահական տույժն անհիմն է կիրառվել: Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին ինքը փաստացի տեղեկացել է հայտարարությունների պատից, ինչը նշանակում է, որ զրկված է եղել բացատրություն ներկայացնելու իր իրավունքից: 

 

Դատաքննության ընթացքում Լ.Մ.-ն պնդել է իր հիմնավորումները: Հիվանդ ծնողին խնամելու նպատակով աշխատանքից վաղ հեռանալու  և Դիլիջան գնալու թույլտվություն ստացել է փոխտնօրենից, որովհետև տնօրենն ու ուսումնական աշխատանքի գծով տեղակալն այդ պահին դպրոցում չեն եղել: Հաշվի առնելով այն, որ տնօրենի բացակայության դեպքում իրեն փոխարինում են տեղակալները, Լ.Մ.-ն բացակայելու թույլտվություն է խնդրել և ստացել տնօրենի մյուս տեղակալից, ուստի` անհիմն է կարգապահական տույժի կիրառումը:

 

Հիմք ընդունելով այս ամենը՝ նա խնդրել է դատարանին անվավեր ճանաչել կարգապահական տույժի մասին տնօրենի հրամանը:

 

Տնօրենն առարկել է հայցի դեմ ամբողջությամբ՝ նշելով, որ Լ.Մ.-ը խախտել է դպրոցի ներքին կարգապահական կանոնները և չի գրել բացատրություն:


Դատարանի համար ուշագրավ է եղել այն փաստը, որ փոխտնօրենն իր ցուցմունքներում նշել է, որ զանգահարել է Լ.Մ.-ին՝ բացատրություն գրելու հարցով, բայց որևէ ժամկետ չի նշել՝ այդ գործողության համար:

 

Լսելով կողմերին և գնահատելով գործով ապացույցները՝ դատարանն իր եզրահանգումներն է արել. տեղի են ունեցել աշխատանքային օրենսդրության խախտումներ:

 

Այսպես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, 221-րդ հոդվածով՝ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը, 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով էլ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը. /.../ խիստ նկատողություն, ընդ որում, օրենսգրքի 226-րդ հոդվածն էլ սահմանում է, որ  մինչ կարգապահական տույժի կիրառումը՝ գործատուն պետք է աշխատողից գրավոր պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց դրա: Օրենքը հստակ սահմանել է նաև բացատրություն տալու համար աշխատողին ողջամիտ ժամկետ տրամադրելու գործատուի պարտականության մասին, որն, ի դեպ, վերապահված է գործատուին, այսինքն նա է սահմանում այն ողջամիտ ժամկետը, որը բավարար է աշխատողին՝ բացատրություն ներկայացնելու:


Դա երաշխավորում է հստակ ժամկետում աշխատողի իրավունքի իրացման հնարավորությունը, միաժամանակ նաև ժամկետային սահմանափակում ենթադրում աշխատողի համար, ինչը նշանակում, է որ աշխատողը պետք է վստահ լինի, որ մինչև այդ ժամկետի լրանալն իր նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվի և գիտակցի, որ սահմանված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում՝ այն կարող է կիրառվել նաև առանց բացատրության:
 

Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում չեն պահպանվել օրենքի վերոհիշյալ կետերը:   Լ.Մ.-ից բացատրություն պահանջելու՝ դպրոցի տնօրենի գրության մեջ բացատրություն ներկայացնելու հստակ ժամկետ նշված չէ: Նման պայմաններում դատարանն արդարացի է համարել Լ.Մ.-ի այն փաստարկը, որ չունենալով գրավոր բացատրության համար ժամկետային սահմանափակումներ, զրկվել է նման բացատրություն ներկայացնելու հնարավորությունից, իսկ երբ ցանկացել է ներկայացնել այն, կարգապահական տույժը՝ խիստ նկատողության ձևով արդեն իսկ կիրառված է եղել:

 

Այս ամենից դատարանը եզրահանգել է, որ Լ.Մ․-ի նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է օրենքի խախտմամբ. գործատուն նրան չի տրամադրել ողջամիտ ժամկետ՝ գրավոր բացատրություն ներկայացնելու համար՝ խախտելով ՀՀ ԱՕ-ի 226-րդ հոդվածը և վճռել անվավեր ճանաչել Լ.Մ.-ին կարգապահական տույժի ենթարկելու՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենի հրամանը:

 

Լ.Մ․-ն դատական կարգով վիճարկել է նաև Հաղարծինի միջնակարգ  դպրոցի տնօրենի  2019 թվականի նոյեմբերի 4-ի հրամանը՝ իր նկատմամբ խիստ նկատողություն՝ կարգապահական տույժ կիրառելու մասին այն բանի համար, որ Լ.Մ.-ն այդ հրամանի վրա ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ) էր փակցրել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ա Կուրեխյանի նախագահությամբ 2020 թ. մարտի 13-ի վճռով բավարավել էր այս հայցը նույնպես։

 

Հավելենք, որ Լ.Մ.-ի հետ տեղի ունեցած միջադեպն այսքանով չի ավարտվում: Նա ՀՔԱՎ գրասենյակին տեղեկացրել է, որ 2019 թ. նոյեմբերի 14-ին Հաղարծինի միջնակարգ դպրոց է այցելել Տավուշի մարզի ոստիկանապետը՝ մի խումբ ենթակաների հետ՝ հանդիպելու և «դաստիարակչական աշխատանքներ տանելու» այն ուսուցիչների հետ, ովքեր հանդգնել են բարձրաձայնել  իրենց աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի մասին՝ իրավասու ատյաններին: 



Ոստիկանները, մասնավորապես, անդրադարձել են դպրոցում արձանագրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործերին ու նախատինքի խոսքեր ասել  բոլոր այն ուսուցիչներին, ովքեր փորձել են տեր կանգնել իրենց աշխատանքային իրավունքներին և բարձրաձայնել են այդ մասին: Հաղարծինի դպրոցի տնօրենն այդ հանդիպման ընթացքում չի շրջանցել Լ.Մ.-ին կարգապահական տույժ հայտարարելու և այդ փաստաթղթի վրա սմայլիկ փակցնելու՝ Լ.Մ-ի արարքի մասին թեման, ինչին ի պատասխան՝ Տավուշի մարզի ոստիկանապետն ասել է. «Թարգեք, թարգեք, արդեն 2 տարի է սա եփում է, հիմա արդեն եռում է, եռալու ընթացք է, թարգեք, թե չէ տխուր կլինի մի երկու հոգու համար», ինչից Լ.Մ.-ն սպառնալիք է զգացել՝ ենթադրելով, որ մարզի ոստիկանապետի այցն ի պաշտպանություն տնօրենի է և իրեն սաստելու նպատակ ունի: Այս միջադեպի մասին 2019 թ.-ին ՀՔԱՎ գրասենյակը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ խնդրելով իրականացնել ծառայողական  քննություն և իրավախախտում կատարած անձանց ենթարկել պատասխանատվության: Գրությանը Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից պատասխանել են, որ ուսումնասիրելով միջադեպի հանգամանքները, պարզել են, որ ոստիկանության աշխատողները կարգապահական բնույթի որևէ խախտում թույլ չեն տվել, հետևաբար՝  նպատակահարմար չէ ծառայողական քննություն հարուցելն ու ծառայողական քննություն անցկացնելը: 

 

ՀՔԱՎ գրասենյակը, ոչ պատշաճ համարելով սույն գործով ոստիկանության ձեռնարկած գործողությունները, 2020 թ. մարտի 9-ին նոր գրությամբ է դիմել ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ հանցագործության մասին հաղորդում տված ուսուցիչների նկատմամբ հետապնդում իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին, սույն դեպքի առիթով հարուցել ծառայողական քննություն և պատասխանատվության ենթարկել իրավախախտ պաշտոնատար անձանց: ՀՔԱՎ գրասենյակը միաժամանակ չի զլացել գրությամբ տեղեկացնել Ա. Սարգսյանին, որ դպրոցների ներսում միջանձնային հարաբերությունները կարգավորելու իրավասություն ոստիկանության ներկայացուցիչները չունեն:  Համաձայն «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքների՝ դպրոցների լիազոր մարմինները մարզպետարաններն են, հետևաբար՝ նրանք են իրավասու՝ ապահովելու դպրոցների բնականոն ու պատշաճ գործունեությունը, մինչդեռ Լ.Մ․-ի հայտնած տեղեկություններից ակնհայտ է, որ Տավուշի մարզի ոստիկանապետն, այցելելով դպրոց, իրեն վերապահել է հանրակրթական դպրոցի լիազոր մարմնի իրավասություններ և հորդորել ուսուցիչներին վերջ դնել դպրոցում տիրող լարված մթնոլորտին:

 

Ելնելով վերոշարադրյալից՝ ՀՔԱՎ գրասենյակը ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարից ակնկալում է քննության առնել գրության մեջ նշված հանգամանքները, նշանակել ծառողական քննություն ու պատասխանատվության ենթարկել իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց:

 

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հասցեագրված ՀՔԱՎ գրասենյակի մարտի 9-ի գրությանը 2020 թ. մարտի 17-ին դարձյալ նույնաբովանդակ գրությամբ պատասխանել են  Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից՝ նշելով որ, արդեն իսկ իրականացված ուսումնասիրությամբ դպրոցի անձնակազմի նկատմամբ «դաստիարակչական աշխատանքների անցկացման» հանգամանքներ փաստող տվյալներ ձեռք չեն բերվել: Տավուշի մարզի ոստիկանապետն իր ենթակաների հետ դպրոց է այցելել բարձրդասարանցիների հետ թրաֆիքինգի և այլ հանցագործությունների կանխարգելման շուրջ զրուցելու, ինչպես նաև ուսուցչական կազմի  հետ հանդիպման նպատակով: Ոստիկանության աշխատողները ուսուցիչների հետ զրուցելիս թույլ չեն տրվել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների կամ կարգապահական որևէ խախտում, ուստի՝ ծառայողական քննություն հարուցելու հիմքեր չկան:

Դիտումներ՝ 2601

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????