Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Էլեկտրոնային ժողովրդավարության գաղափարը. Ինչ է այն ենթադրում

March 30, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 

 

Պարոն Սաքունց, գրառում էիք արել, որ իշխանությունն անհապաղ պետք է անցնի էլեկտրոնային ժողովրդավարության։ Ի՞նչ նկատի ունեք և ինչո՞ւ է այս պահին դա կարևորվում։

 

Էլեկտրոնային ժողովրդավարության գաղափարը որոշումների կայացման ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ժողովրդավարական մասնակցության հետ է կապված։ Ասենք ընտրությունների ժամանակ կամ իրավական ակտերի քննարկման ժամանակ, որոնք սովորական պայմաններում ունեն բոլորովին այլ իմաստ։ Սա որոշում կայացնողների կողմից քաղաքացիների համար կայացման մատչելիություն ապահովելու նպատակով է։ Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման պայմաններում դրա նշանակությունը և բովանդակությունը բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում, որովհետև որոշում կայացնողները, օրինակ Ազգային ժողովը, որ անդամները 132-ն են, ԱԺ ամբողջ աշխատակազմը, որոնք ներգրավված են իրավական ակտերի նախագծերի մշակմանը, սպասարկմանը և այլն, այդ հարցերը ժամանակին չեն դիտարկվել, որովհետև ենթադրվել է, որ էլեկտրոնային ժողովրդավարության գործիքները պետք է կիրառվեն այն ենթադրությունից ելնելով, որ ԱԺ-ն իր տեղում է, և քաղաքացիներն իրենց կարծիքները, իրենց մոտեցումներն են ներկայացնում նախագծերի վերաբերյալ։ Հիմա դա պետք է արդեն կիրառվի որոշում կայացնողների կողմից որոշման կայացման համար։ Սա փոքր ինչ այլ բնույթի խնդիր է։ Այսինքն՝ ենթադրենք ԱԺ պատգամավորները ինքնամեկուսացման պահանջների պահպանման դեպքում չեն գնալու Ազգային ժողով, բայց քվեարկություն պետք է կազմակերպեն։ Բացի քվեարկությունից պետք է լինի ԱԺ կանոնակարգերի պահպանում։ Նկատի ունեմ առաջին ընթերցում, ելույթներ, երկրորդ ընթերցում և այլն։ Դա ենթադրում է էլեկտրոնային ժողովրդավարության այնպիսի մեխանիզմներ, որոնք պետք է ապահովեն ԱԺ լիագումար նիստերը, ԱԱԾ հատուկ նիստերը, ելույթները։ Դա պետք է կիրառվի ոչ միայն ապահովելու համար, ենթադրենք, ԱԺ պատգամավորների մասնակցությունը, այլ նաև դրանց հրապարակայնացումը պետք է ապահովվի հանրության համար։ Պատկերացրեք ԱԺ օնլայն նիստ, և այդ օնլայնը պետք է մատչելի լինի նաև քաղաքացիների համար, որոնք կկարողանան հետևել դրան։ Նույնը վերաբերում է կառավարության նիստերին։ Կառավարության 12 անդամների, կառավարության նիստերին տարբեր պետական կառույցների ղեկավարների մասնակցությունը կառավարության նիստերին հակասում է արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի կանխմանն ուղղված ինքնամեկուսացման պահանջներին։ Բայց արդյոք կարող է լինել այնպես, որ կառավարության նիստը նույնպես իրականացվի հեռավար ծրագրերի միջոցով։ Սա նոր մարտահրավեր է։

 

Ըստ էության, կորոնավիրո՞ւսը պատճառ եղավ այդ մասին մտածելու համար։

 

Կորոնավիրուսն իր էությամբ նոր մարտահրավեր է, երբ ֆիզիկական շփումները, մեկ տարածքում մեծ թվով մարդկանց ներկա լինելը անթույլատրելի է համարվում, և այդ պայմաններում ինֆորմացիոն ժամանակակից միջոցների նշանակությունը բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում։ Այս հարցերի շուրջ պետք է մտածել։ Սա ենթադրում է նաև էլեկտրոնային միջոցների, կարողությունների զարգացում։ Կամ ասենք, հատկապես արտակարգ դրության պայմաններում փակ նիստերի գաղտնիությունն ինչպե՞ս են ապահովելու։ Այսինքն՝ մենք ունենք որոշումների կայացման հետ կապված մի շարք խնդիրներ որոշում ընդունող մարմինների աշխատանքի հետ կապված, դրանց հրապարակայնության ապահովման, նաև դրանց ըստ ազգային անվտանգության նշանակության գաղտնիության ապահովման հետ կապված։ Սրանք հարցեր են, որոնք էլեկտրոնային ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ կապված առաջ են գալիս։

 

Լոռու մարզում, մասնավորապես Վանաձորում ի՞նչ իրավիճակ է։

 

Խուճապ չկա, բայց որքան գնում, այնքան ինքնամեկուսացման անհրաժեշտությունն ավելի է գիտակցվում։ Սակայն ինքնամեկուսացման անհրաժեշտության գիտակցումը դանդաղ է առաջ գնում, կապված հուղարկավորություններին մասնակցելու, ոստիկաններով խմբով շրջելու և այլնի հետ։ Բայց կա միտում, որ մարդիկ ավելի ու ավելի լուրջ են գիտակցում այս կորոնավիրուսի վտանգները։ Այդ գիտակցումը մեծանում է և պահվածքը փոխվում է։ Իհարկե, այս երկու օրերին անձրև է, և փողոցում շատ քիչ մարդիկ կան, բայց երբ եղանակները բարենպաստ դառնան, նորից պետք է դիտարկել, թե իրապես մարդկանց պահվածքը փոխվում է, թե ոչ։

 

Կառավարության աշխատանքն այս ընթացքում ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ են համարժեք արձագանքում իրավիճակին։ Արդյոք բավարար է այն աջակցությունը, որ տրվում է բիզնեսին, գյուղատնտեսությանը, սոցիալական ուղղություններով։

 

Այն, որ կառավարությունն իր նախաձեռնած ամեն մի քայլ մանրամասն ներկայացնում է, դա փաստ է։ Բայց մի բան է որոշումների կայացումը, մեկ այլ բան է դրանց իրականացումը։ Որովհետև պետք է այդ որոշումներն իրականացվեն, որպեսզի հասկանալի լինի, թե որքանով են մատչելի այդ ռեսուրսները հանրության համար։ Պարզ է, որ գյուղատնտեսական աշխատանքները պետք է իրականացվեն, տնտեսությունն ինչ-որ ձևով պետք է հարմարվի այս իրավիճակին։ Տնտեսագետները պետք է այդ մասին առավել մասնագիտորեն խոսեն, ներկայացնեն, բայց կա մարդկանց մի խումբ, որոնք իրավաբանորեն գրանցված չեն և ինձ համար պարզ չէ, թե ինչպես է լուծվելու նրանց խնդիրը։ Այն, որ բյուջեի վրա բավական մեծ բեռ է լինելու այդ սոցիալական նշանակության փաթեթների ապահովումը, դա միանշանակ է։ Այսօր թե ֆինանսական, թե տնտեսական ռեսուրսների տրամադրումը սոցիալական նշանակություն ունեն, և ուղղված են առկա ճգնաժամի մեղմմանը։

 

Մի քանի դեպքեր, որոնք վերաբերում են ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների իրավունքների խախտումներին, դա իհարկե մտահոգող է, և մենք ակնկալում ենք շատ ավելի ակտիվ արձագանք իշխանությունների կողմից և ավելի ակտիվ ու արդյունավետ միջոցների կիրառում։ Ոչ միայն պետք է պատասխաններ տրվեն, այլև պետք է կանխվեն այն դեպքերը, որոնց մենք ականատես եղանք։ Իսկ առողջապահական առումով կիրառվող միջոցների մասին պարզ ու հասկանալի տեղեկատվությունը տրամադրվում է։ Կա մտահոգություն տեղեկատվական հոսքերի նկատմամբ, առանձին դեպքերում գրաքննության վերաբերյալ, որոնցից պետք է հրաժարվել։ Լրագրողական կազմակերպություններն արդեն իրենց հայտարարությունը տարածել են, բայց առանձին ահազանգեր ստանում ենք, որ որոշակի նյութերի հետ կապված դեռևս պահանջում են հեռացնել դրանք, որը ես համարում եմ անթույլատրելի։ Պետք է շարունակել հնարավորինս ճշգրիտ, օբյեկտիվ տեղեկատվության տրամադրման մեթոդի կիրառումը, ոչ թե գրաքննության մեթոդը։ Ի վերջո, պետք է ասեմ, որ նոր ժողովրդավարության պայմաններում այս արտակարգ իրավիճակը կարծես հայկական ժողովրդավարության փորձությունն է, որը մենք չենք ունեցել նախկինում։ Եվ մենք սովորում ենք, թե ինչպես պետք է մոտենալ հարցերի լուծմանը։ Ես ավելի շատ ակնկալում եմ, որ ավելի շատ միջոցներ ձեռնարկվեն թեստերի ձեռք բերման և հնարավորինս ավելի մեծ թվով մարդկանց թեստավորելու համար, որպեսզի պատկերն ամբողջական լինի, ոչ թե միայն ռիսկային առանձին ահազանգերի հետ կապված մարդկանց թեստավորման միջոցով իրավիճակը վերահսկվի։ Արդեն կան միջազգային մի շարք ծրագրեր, թե ԵՄ-ի կողմից, թե ԱՄՆ-ի կողմից, և ես ակնկալում եմ, որ մեր իշխանություններն ավելի ակտիվ կհամագործակցեն այդ կառույցների հետ՝ կորոնավիրուսի կանխարգելման տնտեսական հետևանքների նվազեցման ուղղությամբ։ Տեսանք, որ ԵՄ-ն բավական լուրջ գումար է նախատեսում այդ նպատակով։ Պետք է գիտակցել, որ կորոնավիրուսի համաճարակը գլոբալ մարտահրավեր է և գլոբալ դիմագրավման միջոցով կարող ենք արդյունքների հասնել։ ՀՀ իշխանությունների կողմից ես ակնկալում եմ այդ համագործակցության ռեսուրսների արդյունավետ, նպատակային ներգրավման ուղղությամբ քայլերի մասին տեղեկություններ։

 

lragir.am

Դիտումներ՝ 307

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????