COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում
Գիտական տեղեկանք
24-ը ապրիլի, 2020 թ.
ԱՀԿ-ն ուղենիշներ է հրապարակել ԿՈՎԻԴ-19-ին հակազդման հաջորդ փուլում հանրային առողջության միջոցառումների և սոցիալական միջոցառումների ճշգրտման վերաբերյալ:1 Որոշ կառավարություններ առաջարկել են, որ ՍԱՐՍ-ԿոՎ-2-ի՝ ԿՈՎԻԴ-19-ն առաջացնող վիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերումն օրգանիզմում կարող է հիմք դառնալ «իմունիտետի անձնագիր» կամ «ռիսկազերծ լինելու հավաստագիր» տալու համար, որն անհատներին թույլ կտա ճանապարհորդել աշխատանքի կամ վերադառնալ աշխատանքից՝ ենթադրելով, որ նա այդ պարագայում պաշտպանված է կրկնավարակումից: Ներկայումս չկան տվյալներ այն մասին, որ ԿՈՎԻԴ-19-ից վերականգնված և հակամարմին ունեցող մարդիկ պաշտպանված են երկրորդ անգամ վարակվելուց:
ԿՈՎԻԴ-19-ին ներհատուկ հակամարմինների չափումը
Բնական վարակ հանդիսացող հարուցչի նկատմամբ իմունիտետի ձևավորումը բազմաքայլ գործընթաց է, որը սովորաբար տեղի է ունենում 1-2 շաբաթվա ընթացքում: Օրգանիզմն արձագանքում է վիրուսային վարակին անմիջապես՝ ոչ սպեցիֆիկ բնական արձագանքով, որում մակրոֆագերը, նեյտրոֆիլերը և դենդրիտային բջիջները դանդաղեցնում են վիրուսի առաջխաղացումը և կարող են անգամ կանխել ախտանշանների դրսևորումը: Այդ ոչ սպեցիֆիկ արձագանքին հետևում է ադապտիվ՝ հարմարվողական արձագանքը, երբ օրգանիզմն արտադրում է հենց տվյալ վիրուսին ամրակցվող հակամարմիններ: Այդ հակամարմինները սպիտակուցներ են, որոնք կոչվում են իմունոգլոբուլիններ: Օրգանիզմը նաև T-բջիջներ է արտադրում, որոնք ճանաչում և սպանում են վիրուսով վարակված այլ բջիջները: Դա կոչվում է բջջային իմունիտետ: Դա՝ ադապտիվ արձագանքի հետ միասին, կարող է մաքրել օրգանիզմը վիրուսից, և եթե արձագանքը բավականաչափ ուժեղ է, ապա՝ կանխել խորացման հետևանքով ծանր հիվանդության առաջացումը կամ միևնույն վիրուսով կրկին անգամ վարակվելը: Այս գործընթացն հաճախ չափվում է արյան մեջ հակամարմինների առկայությամբ:
ԱՀԿ-ն շարունակում է ուսումնասիրել ՍԱՐՍ-ԿոՎ-2 ինֆեկցիային արձագանքող հակամարմինների վերաբերյալ ապացուցողական տվյալները:2-17 Այդ ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ վարակից վերականգնված մարդիկ իրենց օրգանիզմում ունեն վիրուսի հակամարմիններ: Այնուամենայնիվ, այդ մարդկանցից ոմանց մոտ շատ դանդաղ է արյան մեջ հակամարմինների չեզոքացման տեմպը,4 ինչը վկայում է այն մասին, որ վերականգնման համար թերևս մեծ դեր ունի նաև բջջային իմունիտետը: 2020 թվականի ապրիլի 24-ի դրությամբ չի եղել ուսումնասիրություն, որում կգնահատվեր, թե արդյոք ՍԱՐՍ-ԿոՎ-2 ինֆեկցիային արձագանքող հակամարմինների առկայությունն ապահովում է մարդու իմունիտետն այս վիրուսով կրկին անգամ վարակվելու նկատմամբ:
Լաբորատոր թեստերը, որոնք մարդկանց մոտ հայտնաբերում են ՍԱՐՍ-ԿոՎ-2-ի հակամարմինները՝ ներառյալ իմունախտորոշիչ արագ (ռապիդ) թեստերը, ճշգրտության և արժանահավատության առումով լրացուցիչ հաստատման կարիք ունեն: Իմունախտորոշիչ ոչ ճշգրիտ թեստերը կարող են մարդկանց կեղծ դասակարգման հանգեցնել երկու առումներով: Առաջինն այն է, որ դրանք կարող են վարակակիր անձանց սխալմամբ դասակարգել որպես վարակը չկրող անձ, իսկ երկրորդը՝ չվարակված անձանց սխալմամբ դասակարգել որպես վարակակիր: Այս երկու սխալները ծանր հետևանքներ ունեն և ազդելու են համավարակի դեմ պայքարի աշխատանքների վրա: Նշված թեստերում անհրաժեշտ է նաև ճշգրտորեն տարբերակել ՍԱՐՍ-ԿոՎ-2-ի անցյալի վարակները և մարդկանց շրջանում հայտնի վեց կորոնավիրուսների պատճառած վարակման դեպքերը: Վեցից չորսը սովորական գրիպ են առաջացնում և լայն տարածում ունեն: Մնացած երկուսը Միջին արևելքի շնչառական համախտանիշ (MERS) և Սուր ծանր շնչառական համախտանիշ (SARS) առաջացնող վիրուսներն են: Այդ վիրուսներից որևէ մեկով վարակված մարդկանց մոտ կարող են արտադրվել այն հակամարմինները, որոնք խաչաձև ներգործություն ունեն ՍԱՐՍ-ԿոՎ-2-ով վարակման դեպքում արտադրվող հակամարմինների հետ:
Բազմաթիվ պետություններ ներկայումս բնակչության մակարդակում կամ կոնկրետ խմբերում, օրինակ՝ բուժաշխատողների շրջանում, հայտնի դեպքերի մերձավոր կոնտակտների կամ տնային տնտեսությունների շրջանում թեստավորում են ՍԱՐՍ-ԿոՎ-2-ի հակամարմինները:21 ԱՀԿ-ն աջակցում է այդ ուսումնասիրություններին, քանի որ դրանք խիստ կարևոր են վարակի ծավալը և ռիսկայնության գործոններն հասկանալու տեսանկյունից: Այդ ուսումնասիրությունները տվյալներ կտրամադրեն ԿՈՎԻԴ-19-ի հայտնաբերելի հակամարմիններ ունեցող մարդկանց մասնաբաժնի վերաբերյալ, սակայն դրանք նպատակ չունեն պարզել, թե արդյոք նշված անձինք իմունիտետ ունեն երկրորդ անգամ վարակվելու նկատմամբ:
Այլ կարևոր նկատառումներ
Համավարակի այս փուլում չկան բավարար ապացուցողական տվյալներ այն մասին, որ հակամարմիններով ձևավորվող իմունիտետն այնքան արդյունավետ է, որ երաշխավորված լինի «իմունիտետի անձնագրի» կամ «ռիսկազերծ լինելու հավաստագրի» ճշգրտությունը: Այն մարդիկ, ովքեր ենթադրում են, թե իրենք իմունիտետ ունեն երկրորդ անգամ վարակվելու նկատամբ, քանի որ թեստի դրական արդյունք են ստացել, հնարավոր է՝ արհամարհեն հանրային առողջության մասին տրվող խորհուրդները: Հետևաբար, նման հավաստագրերի կիրառությունը կարող է ավելացնել վարակի տարածման շարունակման վտանգը: Երբ ի հայտ գան նոր ապացուցողական տվյալներ, ԱՀԿ-ն կթարմացնի գիտական այս տեղեկանքը:
Օգտագործված գրականությունը
ԱՀԿ-ն շարունակում է ուշադիր հետևել իրավիճակում հնարավոր փոփոխությունները, որոնք կարող են ազդել այս միջանկյալ ուղեցույցի վրա: Գործոններ փոխվելու դեպքում ԱՀԿ-ն կհրապարակի թարմացված տարբերակը: Այլապես՝ սույն գիտական տեղեկանքն ուժը կորցրած կճանաչվի հրապարակման օրվանից սկսած 1 տարի անց: