0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Պարետի ընդունած որոշումներն` ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ, հակասահմանադրական են

December 2, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

2020 թվականին ՀՔԱՎ գրասենյակ դիմած Յ. Հ.-ը  հայտնել է, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի ոստիկաններն իր նկատմամբ անարդար մոտեցում են ցուցաբերել․ կազմել են արձանագրություն այն մասին, թե իբր ինքը խախտել է արտակարգ դրության ժամանակ պարետի  սահմանած տեղաշարժման սահմանափակումների կանոնները:

 

Յ. Հ.-ը 2020 թ.-ի մարտի 25-ին իր մարդատար մեքենայով 2 ուղևորի է տեղափոխել, սակայն համաձայն Պարետի համապատասխան որոշման՝ իրավունք ուներ տեղափոխելու 2 անձի՝ ներառյալ ինքը: Նրանցից ոչ մեկն իր հետ չի ունեցել նաև տեղաշարժման թերթիկ: Այս հիմքով էլ նույն օրը Դիլիջանի ոստիկանները վարչական ակտ են կազմել՝ 100.000 ՀՀ դրամ տուգանքով: Հետագայում, հիմք ընդունելով տուգանքների վերանայման օրենսդրական փոփոխությունը, ոստիկանությունը ևս վերանայել է նախորդ որոշումն ու 2020 թ.-ի հունիսի 18-ին կայացրել նորը, որով Յ. Հ.-ը,  100.000-ի փոխարեն, պետք է վճարի 10.000 դրամ տուգանք:

 

Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, համոզված լինելով, որ իր վրա դրվել է խոշոր չափի տուգանք վճարելու՝ ոչ իրավաչափ պարտավորություն՝ Յ.Հ.-ը ՀՔԱՎ-ի աջակցությամբ դիմել է դատարան: 

 

Գտնելով, որ ոստիկանների կազմած ակտն ապօրինի և առարկայազուրկ է, հակասում է մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, Յ.Հ.-ի պաշտպան ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանը դատարանում պնդել է, որ այն ենթակա է վերացման։
Նրա համոզմամբ՝ վարչական ակտն ընդունող մարմինը՝ տվյալ դեպքում ոստիկանությունը, պատշաճ վարչարարություն չի իրականացրել, ուստի՝ խնդրել է դատարանից բավարարել հայցը:

 

Փաստաբանի պնդմամբ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով  «անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»

 

Տվյալ դեպքում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետը, սխալ կիրառելով Պարետի կողմից հրապարակված կանոնները, արձանագրել է, թե իբր Յ. Հ.-ը կատարել է վարչական իրավախախտում՝ չի պահպանել պարետի կողմից ազատ տեղաշարժի սահմանափակումներին վերաբերող կանոնները: Փաստորեն ոստիկանությունը կայացրել է այնպիսի վարչական ակտ, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից։ 

 

Ըստ ՀՔԱՎ փաստաբան Ս. Գալստյանի՝ վարչական ակտը ոչ միայն չի բխում ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներից, այլև հակասում է մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության ողջ էությանը։

 

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության, «ՀՀ Վարչարարության և վարչական վարույթի մասին» և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները՝ նա վարչական բողոքում ներկայացրել է հիմնավորումներ՝ հետևյալի շուրջ․ արդյո՞ք Պարետի կողմից արտակարգ դրության պայմաններում անձանց տեղաշարժման սահմանափակմանը վերաբերող հրապարակված կանոնները պարտադիր են անձանց համար, թե՞ ոչ և արդյո՞ք  ոստիկաններն իրավունք ունեին քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու՝ Պարետի սահմանած կանոնները խախտելու համար։

 

Փաստաբանի դիտարկմամբ՝ Պարետատունն ունի միայն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից իրականացվող միջոցառումների ղեկավարման և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն։ Մի շարք սահմանադրական նորմերից էլ ակնհայտ է, որ անձի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման բացառիկ իրավունքը վերապահված է միայն օրենսդիր մարմնին՝ ԱԺ-ին: 

 

2020 թ.-ի մարտի 25-ի վարչական ակտի համաձայն՝ Յ. Հ.-ի զանցանքի էությունը կայանում է նրանում, որ նա չի պահպանել Պարետի կողմից արտակարգ դրության պայմաններում հրապարակված կանոնները:

 

Վճիռ կայացնելիս դատարանը հաշվի է առել մի շարք հանգամանքներ, որոնք մեծապես ազդել են գործի ելքի վրա: 

 

Մասնավորաբար՝ դատարանը  վերլուծել է արտակարգ դրության պայմաններում Պարետի կողմից անձանց տեղաշարժի սահմանափակմանը վերաբերող վերոնշյալ կանոնները, պարզելու՝ արդյոք դրանք պարտադիր են  անձանց համար, թե՝ ոչ, արդյոք ՀՀ ոստիկանությունն իրավունք ուներ Յ.Հ.-ին տուգանելու՝ Պարետի սահմանած կանոնները չպահպանելու համար։

 

Դատարանի առանձնահատուկ ուշադրությանն  է արժանացել նաև Պարետի թիվ 27 որոշման 1-ին հավելվածի 1-ին կետը, որով ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

 

Այս որոշման առիթով դատարանը նկատել է, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում որևէ իրավակարգավորում կամ օրենք, որով պարետատունն արտակարգ դրության պայմաններում  լիազորված է ընդունելու այնպիսի նորմատիվ իրավական ակտեր, որոնցով կարող է սահմանափակվել անձանց ազատ տեղաշարժը: 

 

ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներով՝ հստակ ամրագրված է, որ սահմանված դեպքերում անձի իրավունքների սահմանափակման բացառիկ իրավազորությունը վերապահված է միայն օրենսդիր մարմնին՝ Ազգային ժողովին։

 

Քանի դեռ Աժ-ն անձանց տեղաշարժի մասին օրենք չի ընդունել, այդ իրավունքները չեն կարող սահմանափակվել: Ավելին՝ անձինք չեն կարող ենթարկվել վարչական պատասխանատվության՝ ազատ տեղաշարժի՝ իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու պատճառով։

 

Ստացվում է, որ Պարետն, առանց որևէ իրավակարգավորման, խախտել է ՀՀ Սահմանադրության նորմերի իմպերատիվ պահանջները: Իրեն իրավունք է վերապահել ընդունել համապարտադիր վարքագծի կանոններ պարունակող որոշումներ՝ հաշվի չառնելով, որ նման լիազորություն ունի միայն ԱԺ-ը: Պարետատունն ընդամենն ունի արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն։ 

 

Համադրելով ՀՀ օրենսդրության մի շարք հոդվածներ ու դրույթներ՝ դատարանը գտել է, որ դիլիջանցի ոստիկաններն իրավասու չէին Յ.Հ.-ին վարչական պատասխանատվության ենթարկելու: 

 

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի՝ «գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը»:        

 

Հաշվի առնելով բոլոր հանգամանքների համալիր վերլուծությունը՝ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, եզրահանգել է, որ կան իրավական և փաստական բոլոր հիմքերը՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու։

 

2020 թ.-ի նոյեմբերի 11-ին դատարանը բավարարել է ՀՔԱՎ փաստաբան Ս. Գալստյանի հայցը: Անվավեր է ճանաչվել Տավուշի ոստիկանապետի տեղակալի վերոնշյալ որոշումը,  Յ.Հ-ն էլ ազատվել է տուգանք վճարելու պարտավորությունից:

      

Դիտումներ՝ 587

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????