Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Վստահել եմ Հելսինկյան գրասենյակին ու տեսել այդ վստահության արդյունքը»

Վերականգնվել է քաղաքացու խախտված աշխատանքային իրավունքը

«Ես այս քայլին ավելի շատ գնացի, որ մյուս աշխատողներին ցույց տամ, որ պետք չէ վախենալ ու հետ քաշվել, պետք է պաշտպանել սեփական իրավունքը: Իմ կարծիքով ոչ թե կարևոր, այլ շատ կարևոր է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատանքը, որովհետև անշահախնդիր ձևով մարդիկ ուզում են օգնել, օգտակար լինել: Երևի սկզբում կարողանայի վճարել փաստաբանի, բայց հետո չեմ կարող ասել՝ կկարողանայի արդյո՞ք շարունակել վճարել: Իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անշահախնդիր ու պատրաստակամ կանգնել է իմ կողքին»,-ասում է վանաձորցի Մ.Մ.-ն (մեր հերոսի անուն-ազգանվան սկզբատառերը փոխված են):

2018թ մարտի 23-ին «Արարատբանկ»-ը  դադարեցնում է հաշվեգործառնական բաժնում՝ որպես  հաշվապահգանձապահ, գլխավոր մասնագետ աշխատող Մ.Մ. հետ 2017-ին կնքած աշխատանքային պայմանագիրը՝ նրա հանդեպ վստահությունը կորցնելու հիմքով։

Քաղաքացին խախտված աշխատանքային իրավունքը վերականգնելու նպատակով դիմում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Դատարանում նրա շահերի պաշտպանությունն սկզբում ստանձնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը, ապա՝ Արայիկ Զալյանը։

«Շատ գրագետ հայցադիմում էր կազմվել: Շատ կարևոր գործ արեց Հայկ Հակոբյանը հենց սկզբից: Անընդհատ կապի մեջ եմ եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ, միշտ ժամանակին արձագանքել են, միշտ սիրալիր, ուշադիր: Կարծում եմ՝ այն արդյունքը, որ ունեցանք, նաև դրանով էր պայմանավորված, որ մենք մեր անելիքը չուշացրեցինք, խոսքը փաստաբանների մասին է»:

«Արարատբանկ»-ի դեմ հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, նախկին աշխատանքում վերականգնել  քաղաքացուն և բռնագանձել գումար՝ հարկադիր պարապուրդում լինելու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պատասխանող «Արարատբանկ»-ին մեկշաբաթյա ժամկետ էր տվել՝ աշխատանքից ազատման հրամանի հիմքում ընկած փաստերն ապացուցելու համար։ Գործի քննության ընթացքում «Արարատբանկ»-ն այդպես էլ  չկարողացավ ապացուցել քաղաքացուն աշխատանքից ազատելու իր հիմնավորումը՝ այն է վստահությունը կորցնելը: Արդյունքում՝ դատարանը եկել էր եզրակացության, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքում ընկած փաստերը պատասխանողը չի ապացուցել, և անվավեր  էր ճանաչել ազատման հրամանը։

Մ.Մ․-ն ասում էր, որ լռել չի կարելի. «Ես մտածում էի, որ եթե անգամ հաջողության չհասնեմ, մյուս աշխատակիցների հանդեպ նման վերաբերմունք ու մոտեցում չի լինի, կզգաստանան: Մարդ պետք է իր շահերը միշտ պաշտպանի, դիմի կոմպետենտ մարդկանց, ովքեր ավելի լավ են հասկանում օրենքներից»:

2019 թվականի ապրիլի 17-ին  դատարանը կայացրել էր վճիռ՝ Մ.Մ.-ի հայցը բավարարելու մասին: Վճռով անվավեր էր ճանաչվել «Արարատբանկ»-ի՝ Մ.Մ․-ի հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը: Բավարարվել էին մյուս 2 պահանջները ևս:

«Արարատբանկ»-ը 1 ամիս անց՝ 2019-ի մայիսի 15-ին, վերաքննիչ բողոք էր ներկայացրել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանն, ուսումնասիրելով պատասխանող կողմի վերաքննիչ բողոքը, ներկայացրել էր հակափաստարկներ, ըստ որոնց՝ այն ամբողջովին հիմնազուրկ է՝ ենթակա մերժման:

 

Ա.  Զալյանը, մասնավորապես, կարծիք էր հայտնել, որ «Արարատբանկ»-ի վերաքննիչ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով  վերաքննիչ բողոքի ձևին ու բովանդակությանը վերաբերող պահանջներին. «Գտնում եմ, որ պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը զուրկ է փաստական ու իրավական բավարար հիմնավորվածությունից և ենթակա է մերժման»,- եզրափակել էր փաստաբանն իր պատասխանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր «Արարատբանկ»-ի վերաքննիչ բողոքը, որին հաջորդել էր վերջինիս  վճռաբեկ բողոքը: 2020 թվականի հունվարի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը նույնպես մերժել էր այն:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր