Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ուզունյանը Մոսկվայի համար շատ կարևոր սուբյեկտ է Հոկտեմբերի 27-ի հարցում. սա արդեն ահազանգ պետք է լինի ՀՀ իշխանության համար

December 23, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Ռուսաստանը դարձել է Հայաստանի հանցագործների ապաստարանը, որջը, և սա արդեն ահազանգ պետք է լինի Հայաստանի իշխանությունների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի դեպքին:

 

Հիշեցնենք՝ վերջին օրերին իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը Հայաստանում չէ: Նա այն օրը, երբ դատարանը քննում էր իր խափանման միջոցը, լքել է Հայաստանը, և այս պահին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ուզունյանը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառքի գործով:

 

Իրավապաշտպանի խոսքերով՝ դատարանն առաջնորդվում է կորպորատիվ շահով, այսինքն՝ մինչ իրենք քննում են խափանման միջոցի հարցը, տեղյակ են պահում տվյալ անձին, որ նա կարողանա խուսափել քրեական հետապնդումից և դրանով խոչընդոտում են քրեական գործի քննությանը: «Սա առավել քան ապացույց է դատական համակարգում տիրող վիճակի մասին: Դատարաններում այսօր ոչ թե առաջնորդվում են օրենքով, այլ իրենց խմբային շահերով: Սա ակնհայտ է և ապացույց է, որ դատարանների վրա այսօր ճնշում չկա: Եթե դատարանների վրա ճնշում լիներ, նման որևէ քայլ, սպրդում չէր լինի, և Ուզունյանը կլիներ այնտեղ, որտեղ պետք է լիներ: Այս իրավիճակն ի վերջո գալիս է ապացուցելու, որ իշխանությունները արմատական փոփոխություններ պետք է իրականացնեն դատաիրավական համակարգում: Նման դատարանների պարագայում չի կարելի դրանց վստահել հիմնավոր նշանակություն ունեցող գործերի քննությունը, որովհետև այդ դատարանը հենց պետության զավթման ինստիտուտներից մեկն է եղել»,- ընդգծեց Սաքունցը:

 

Իրավապաշտպանի համար բնավ զարմանալի չէ, որ Ուզունյանն էլ է թռել Մոսկվա։ «Բնականաբար նա պետք է թռներ Մոսկվա, որովհետև միայն այդտեղ է, որ հանցագործներին հովանավորություն են տրամադրում, որովհետև Կրեմլը դա հանցագործների նստավայրն է և հանցագործներին հովանավորողների նստավայրը: Պատահական չէ, որ Մարտի 1-ի և արդեն նաև Հոկտեմբերի 27-ի գործով անցնողները ապաստանում են Մոսկվայում: Այս դեպքը վերջնականապես ապացուցում է, որ Կրեմլը պատրաստ է իր հովանավորության տակ վերցնել պետական հանցագործությունների կատարման մեծ կամ նրանց աջակցած առանցքային մարդկանց, քանի որ այդ հանցագործությունների ամբողջական բացահայտման մեջ հենց Մոսկվան շահագրգռված չէ՝ ունենալով իր անմիջական շահերը՝ կապված իր ենթադրյալ մասնակցության հետ այդ ամենին»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս ամենը հասկանալի է արդեն վաղուց, հասկանալի է Կրեմլի շահը, բայց ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները գործեն, արմատական փոփոխություններ իրականացնեն դատաիրավական համակարգում՝ դատարաններում, ԱԱԾ-ում, Քննչական մարմիններում, քանի որ դրանք այն մարմիններն են, որոնք ոչ միայն պետության զավթման գործիքներ են հանդիսացել զուտ, այլ սերտորեն ներքաշված են եղել պետության զավթումը իրականացրած ուժերին, անձանց: Եվ բնավ պետք չէ հուսալ, որ եթե երկրի քաղաքական իշխանությունը փոխվել է, ապա պետության զավթում իրականացրած ինստիտուտները ինքնաբերաբար փոխվելու են, բովանդակային փոփոխություն են կրելու։ «Պետք է հստակ արձանագրել, որ նման դատաիրավական համակարգի պայմաններում պետության զավթում իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը արդեն իսկ ձախողված է: Սա պետք է արդեն որպես ահազանգ հնչի իշխանությունների համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

 

Ուզունյանի՝ Մոսկվայում հայտնվելու փաստում պատահականություն չի տեսնում նաև ժամանակին Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Լևոն Եղիազարյանը: «Սամվել Ուզունյանը Հոկտեմբերի 27-ի կեղծարարներից մեկն է և, բնականաբար, եթե նա փախել է Ռուսաստան, ապա այնտեղից հետ չի գա: Ես համոզված եմ, որ եթե արտահանձնման հարց լինի, Ռուսաստանը կմերժի: Ուզունյանը Ռուսաստանի համար շատ կարևոր սուբյեկտ է Հոկտեմբերի 27-ի հարցում: Եթե նրանք Վահագն Հարությունյան են պահում, Միհրան Պողոսյան, Ալրաղացի Լյովիկ, ապա Սամվել Ուզունյանին նրանք հաստատ չեն արտահանձնի: Ռուսաստանը ամեն ինչի ընդունակ է: Եթե Ռուսաստանում մի փոքրիկ անգամ կասկած լինի, որ Հայաստանում հնարավոր է Հոկտեմբերի 27-ի վերաբացում, ապա մոռացեք, որ Ուզունյանը այլևս Հայաստան կգա»,- ընդգծեց Եղիազարյանը:

 

Մեր զրուցակիցը Ուզունյանի՝ Հայաստանից հեռանալու հարցում իրավապահ մարմինների դիտավորությունը չի տեսնում: Ասում է՝ փնթիություն է ընդամենը: «Սա փնթի, ոչ հետևողական աշխատանքի հետևանք է: Չնայած չեմ էլ բացառում, որ հենց ներսից են Ուզունյանին տեղյակ պահել: Դա վարկած է, որը կյանքի իրավունք ունի: Դրա համար էլ ասում ենք, որ դատաիրավական համակարգի փոփոխություն է պետք: Ասում ենք, որ այս դատարանների պարագայում Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը վտանգավոր է: Այդ համակարգերում բոլորը դեռ նախկին համակարգի ներկայացուցիչներ են: Պարզ օրինակը Ռազմիկ Աբրահամյանի կալանքի հարցն է: Էլ ինչ պետք է աներ Ռազմիկ Աբրահամյանը երեխաներ վաճառելուց բացի, որ դատարանը նրան կալանավորեր: Դաշնակ Կիմ Բալայանի տղան՝ Դավիթ Բալայանը գտավ, որ Ռազմիկ Աբրահամյանը պետք է մնա ազատության մեջ: Հիմա ինձ ասեք, եթե Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվի, ու քննությունը հանձնվի Դավիթ Բալայանին, ապա ինչ տարբերություն՝ Բալայան Դավիթի և Ուզունյան Սամվելի միջև: Մեր ասածը սա է: Դատաիրավական համակարգի փոփոխություն»,- եզրափակեց Եղիազարյանը:

 

Հիշեցնենք, որ օրերս՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարի որոշմամբ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի հարցը լուծելու նպատակով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և ոստիկանությանը հանձնարարվել է Ուզունյանին ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Ինչպես արդեն ասացինք, Ուզունյանը մեղադրվում է կաշառքի գործով:

 

Ուշագրավ է, որ նախօրեին ոստիկանության կողմից տեղեկություն եղավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում Ուզունյանի ուղեբեռից փամփուշտ է գտնվել, որը, սակայն, փաստացի չի խոչընդոտել նրա ելքը Հայաստանից:

 

1in.am

 

views: 573

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color