Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պատերազմի հետևանքով անհայտ կորած և վիրավորված զինծառայողների հատուցում ստանալու հարցում չկա մեկ միասնական համակարգ և մոտեցում․ Արմինե Սադիկյան

February 18, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող  Արմինե Սադիկյանը Մեդիա կենտրոնի «Պատերազմի պատճառով անհայտ կորած և վիրավորված զինծառայողների հատուցում ստանալու ընթացակարգը. ի՞նչ պետք է իմանալ» թեմայով վեբինարի խոսնակն էր։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհայտ կորած և վնասվածք, խեղում ստացած զինծառայողների հատուցումների վերաբերյալ կարգավորումները որոշակի հարցեր են առաջացնում քաղաքացիների մոտ, հաճախ առաջանում է շփոթ:

 

Օրենսդրական կարգավորումների, անհրաժեշտ բուժօգնության, գերատեսչություններին դիմելու ընթացակարգերի և պետության պարտավորությունների մասին խոսելիս Արմինե Սադիկյանը նշեց, որ գերիների, անհետ կորածների և զոհերի թիվը դեռևս շարունակում է պաշտոնապես գաղտնի մնալ։ Այս ընթացքում նախաձեռնվել են հատուցումների մի քանի ծրագրեր, բայց ընդհանուր առմամբ մեխանիզմը շփոթեցնող է քաղաքացիների համար։

 

Դեռևս 2020 թ․ հոկտեմբերի 5-ից՝ պատերազմական գործողությունների սկսվելուց մեկ շաբաթ անց, ՀՔԱՎ-ը որոշեց հավաքագրել անհայտ կորած համարվող զինծառայողների մասին տեղեկությունները՝ հարազատների կողմից տրամադրած տվյալների հիման վրա։ Տեղեկությունների հավաքագրման աշխատանքներում ներգրավվեց ՀՔԱՎ 5 աշխատակից, որոնք, կարելի է ասել, աշխատում էին շուրջօրյա ռեժիմով։ 

Հոկտեմբերի 5-ից սկսած՝ ՀՔԱՎ դիմել է ավելի քան 680 քաղաքացի՝ իրենց հարազատի մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Կեսից ավելիի՝ մոտ 380-ի հարազատներն անհետ կորած են, մոտ 100-ը գտել են մարմինները, ևս 100-ի դեպքում հարազատը ողջ է։ ՀՔԱՎ-ի ցուցակում կա 8 ռազմագերի և 4 գերի։

 

Արմինե Սադիկյանը մանրամասն ներկայացրել է, թե տուժածների որ խմբի դեպքում ինչ կարգավորումներ են գործում։

 

📗 Ավելի վաղ ՀՔԱՎ-ը հրապարակել էր Մարտական գործողությունների հետևանքով անհայտ կորած և վնասվածք/ խեղում ստացած զինծառայողների հատուցումների վերաբերյալ կարգավորումների եւ դիմելու ընթացակարգերի մասին տեղեկանք։


Անհայտ կորածներ

 

Գոյություն չունի «անհայտ կորած» իրավական սահմանում, սակայն ՀՔԱՎ-ը միշտ ահազանգել է սահմանման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով, որ դեռևս Արցախյան առաջին պատերազմից ի վեր կան անհայտ կորածներ, որոնց խնդիրները մինչ օրս լուծված չեն։

 

Այժմ ներդրված է «Կամուրջ» ֆինանսական աջակցության ծրագիրը, որը վճարվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից։ Մինչ տուժածների՝ հիմնադրամի շահառու դառնալն ընդունվել է միջանկյալ որոշում, որի համաձայն՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է ամսական 300 հազար դրամ փոխհատուցում՝ առավելագույնը 6 ամիս տևողությամբ։ 6 ամիս անց հարազատները պետք է դիմեն դատարան և դատական կարգով հասնեն անհայտ բացակայողի կարգավիճակի ճանաչմանը, ինչից հետո կդառնան հիմնադրամի շահառու և կստանան ամենամյա հատուցում։ Այս ծրագրով շահառու են անհայտ կորած զինծառայողի ծնողներն ու ամուսինը՝ ի տարբերություն հիմնադրամի, երբ շահառու է նաև երեխան։

 

Հատուցում ստանալու համար որևէ տեղ պետք չէ դիմել, քանի որ հատուցումները տրամադրվում են ՊՆ, ԱԱԾ, ՀՈ և ԱԻՆ մոտ առկա ցուցակների հիման վրա։ Ամբողջ խնդիրն այն է, որ չկա մեկ միասնական համակարգ և մոտեցում, և քաղաքացիները ստիպված են դիմել այս կամ այն կառույց։ Որոշ դեպքերում կառույցները ևս ամբողջապես չեն տիրապետում իրենց գործառույթներին․ ցուցակները ստանալուց 10 օրվա ընթացքում պետք է կայացնել որոշում՝ արդյո՞ք կատարվում է փոխհատուցում։ Որոշ դեպքերում հարցը կարող է մերժվել, եթե, օրինակ, անհայտ կորածը զորամասը կամ ծառայության վայրը լքել է ինքնակամ կամ ինքնակամ գերի է հանձնվել։ Սա բարդ հարց է, այդ իսկ պատճառով կարող են առաջանալ որոշակի խնդիրներ։

 

Վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներ

 

Մինչև հիմնադրամի շահառու դառնալը՝ վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները նույնպես համարվում են «Կամուրջ» ծրագրի շահառուներ՝ ստանալով ամսական 300 հազար դրամ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Շահառու դառնալու համար բժշկական հաստատությունը քաղաքացուն պետք է տա եզրակացություն այն մասին, որ բուժումն ավարտելուց հետո մեծ է հավանականությունը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու։ Ներկա պահին կան քաղաքացիներ, ովքեր ստանում են անհրաժեշտ բուժում, սակայն դեռևս պարզ չէ հաշմանդամության խմբի հարցը։ Այդ պարագայում նրանք նորից պետք է ունենան բուժհաստատությունից եզրակացություն և դառնան ծրագրի շահառուն։

 

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած շահառուները փոխհատուցում ստանալու նպատակով որևէ տեղ դիմելու կարիք չունեն․ նրանց հետ կապ է հաստատում ՊՆ-ն։

 

Վնասվածք ստացած և բուժման կարիք ունեցող, բայց հաշմանդամության կարգ չստացած քաղաքացիների աջակցության հարցը պարտավոր է ստանձնել պետությունը։

 

Արտերկրում բուժում ստանալու հետ կապված․ կան որոշումներ, որոնց համաձայն՝ եթե հիվանդությունը հնարավոր է բուժել ՀՀ-ում, ապա պետությունը չի կարող փոխհատուցել արտասահման տեղափոխելու ծախսերը։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում տվյալ հիվանդությունը հնարավոր չէ բուժել։

 

Ինչ վերաբերում է երրորդ խմբի հաշմանդամությանը, ապա շահառուն ստանում է 500 հազար դրամ միանվագ աջակցություն, որի համար պետք է դիմում ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն էլեկտրոնային եղանակով։

 

Այն քաղաքացիները, ովքեր պատերազմական գործողությունների պատճառով ունեն փախստականի կարգավիճակ կամ այլ պատճառով չեն կարողանում զբաղվել հատուցման հարցերով, կարող են դիմել մարզպետարանների և թաղապետարանների սոցիալական ապահովության վարչություն։ Քանի որ օրենքը հստակ չի ամրագրում, թե ով պետք է զբաղվի փաստաթղթերի կարգավորմամբ, շահառուները կարող են դիմել հենց այս մարմիններին, քանի որ դրանք են զբաղվում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուների փաստաթղթային փաթեթների հարցերով։

 

Ցավոք, այս պահին կարգավորումները չեն ներառում գերիների և ռազմագերիների աջակցության հարցը։

 

Վերադարձած գերիները նույնպես համարվում են մարտական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիներ, առողջական խնդիրների մասով նրանց հանդեպ ևս գործում են վերոնշյալ կարգավորումները։ Ինչպես զինծառայողների, այնպես էլ վերադարձած գերիների դեպքում պետությունն ապահովում է նաև հոգեբանական աջակցությունը։ 

 

Կամավորությամբ կամ զինվորական ծառայության բերումով գործողությունների մասնակիցներ

 

Այս քաղաքացիների կարգավիճակը հավասարեցված է զինծառայողների կարգավիճակին, գործում են բոլոր կարգավորումները։ Սակայն ՊՆ-ի թերացման պատճառով, որոշ դեպքերում կամավորականների շարժի վերաբերյալ տեղեկություններ չկան, ուստի քաղաքացիները ստիպված են իրենց մասնակցության հարցը բողոքարկել և վիճարկել դատական կարգով։

 

Եթե անդրադառնանք ՀՔԱՎ դիմած քաղաքացիների խնդիրներին, ապա ունենք մոտավորապես այսպիսի պատկեր․ հարազատները պատկան մարմին են ներկայացրել զինծառայողների մասին տեղեկատվություն, սակայն հաջորդ դիմումի ընթացքում ստացել են պատասխան, որ տեղեկատվություն չկա։

 

Մյուս խնդիրն ամենատարածվածն է՝ չկա միասնական մոտեցում, մի կառույցը մյուսի մոտ է ուղարկում քաղաքացիներին։

 

Բացի դրանից՝ քաղաքացիները դժգոհում են, որ ՊՆ-ն հաշվի չի առնում քաղաքացիների տված տեղեկություններն իրենց հարազատների գտնվելու կամ մարմնի գտնվելու մասին։ Չի պարզաբանում, թե ինչու, և քաղաքացիները ստիպված են դիմել ռուս խաղաղապահներին։

 

«Մենք բարձրաձայնում ենք հրատապ հարցեր, բայց ոչինչ չի ձեռնարկվում և չի պատճառաբանվում, թե ինչու։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ հետադարձ կապը և՛ քաղաքացիների, և՛ քաղաքացիական հասարակության կառույցների հետ գրեթե բացակայում է», - եզրափակում է Արմինե Սադիկյանը։

 

Նա նաև խորհուրդ է տալիս նախաձեռնող լինել և անպայման դիմել պատկան մարմիններին, եթե որևէ ծրագրի շահառու եք, քանի որ հստակ է՝ պետությունը չի կարողանում լիարժեք կատարել իր պարտավորությունները։

 

Ամբողջական տեսագրությունը հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ

 

Լուսանկարը՝ Dialogue Media Center - DMC

Դիտումներ՝ 357

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????