Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ՀԿ-ների գործունեության սահմանափակումներ․ ԵԽԽՎ

February 23, 2021

Գրադարան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ՀԿ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ ընդունել է բանաձև և դրա հիման վրա առաջարկներ ներկայացրել ԵԽ անդամ պետություններին ու Նախարարների կոմիտեին։

 

Ներկայացնում ենք դրանց հայերեն թարգմանությունները․

 

1. Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է «Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ՀԿ-ների գործունեության նոր սահմանափակումների» վերաբերյալ 2226 (2018) բանաձևը և 2134 (2018) առաջարկությունը, «Ինչպե՞ս կարելի է կանխել ՀԿ-ների գործունեության անհարկի սահմանափակումները Եվրոպայում» 2096 (2016) բանաձևը և դրա վերաբերյալ 2086 (2016) առաջարկությունը, Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ իր նախորդ 1660 (2009), 1891 (2012), 2095 (2016) և 2225 (2018) բանաձևերը և 2085 (2016)- և 2133 (2018) առաջարկությունները, ինչպես նաև «ազդարարների» պաշտպանության վերաբերյալ իր 2300 (2019), 2060 (2015) և 1729 (2010) բանաձևերը և  2162 (2019), 2073 (2015) և 1916 (2010) առաջարկությունները:  

 

2.Վեհաժողովը հիշեցնում է, որ հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) բաց և ժողովրդավարական քաղհասարակության գլխավոր բաղադրիչներից են և կարևոր նեդրում ունեն ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների զարգացման և իրագործման հարցում: Քաղհասարակության պատշաճ գործունեությունն ապահովելու նպատակով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից պահանջվում է ապահովել հարգանք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ETS No. 5, Կոնվենցիա) Հոդված 10-ում և Հոդված 11-ում ամրագրված հավաքների և միավորման, ինչպես նաև արտահայտվելու ազատության իրավունքների նկատմամբ; այս իրավունքներն անքակտելիորեն փոխկապակցված են և կարող են սահմանափակվել միայն Կոնվենցիայում սահմանված հիմքերով:

 

3.Վեհաժողովը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհուրդը ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությանն ուղղված ուղեցույցների պատրաստման մեծ փորձ ունի, մասնավորապես՝ Եվրոպայում հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ CM/Rec(2007)14 առաջարկությունում և 2014 թ.-ի դեկտեմբերի 17-ի՝ Օրենքի միջով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ միավորման ազատության վերաբերյալ համատեղ ուղեցույցում: Այն ողջունում է Նախարարների կոմիտեի կողմից՝ Եվրոպայում քաղհասարակության գործունեության տարածքի պաշտպանությունը և խթանումը ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ CM/Rec(2018)11 առաջարկության ընդունումը, ինչպես նաև 2019 թ.-ի մայիսի 17-ին Հելսինկիում այս թեմայով  արված հայտարարությունը:

 

4.2226 (2018) բանաձևից ավելի քան երկու տարի անց Վեհաժողովը մտահոգությամբ նշում է, որ քաղհասարակության գործունեության տարածքը շարունակում է փոքրանալ Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներում, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում աշխատող ՀԿ-ների դեպքում: Սահմանափակող օրենսդրությունն ու կարգավորումները, որոնք նախկինում քննադատվել են Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի, Միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողովի՝ ՀԿ-ների վերաբերյալ օրենքի փորձագիտական խորհրդի և հենց Վեհաժողովի կողմից, շարունակում են կիրառվել, մասնավորապես՝ Ադրբեջանում, Ռուսաստանի Դաշնությունում և Թուրքիայում: Ավելին՝ որոշ ՀԿ-ների շուրջ ծավալվում են զրպարտող արշավներ, և նրանց ակտիվիստները սպառնալիքներ են ստանում և հաշվեհարդարների ենթարկվում:

 

5.Վեհաժողովը մտահոգված է, որ որոշ անդամ երկրներում դեռևս չի վերացվել այն օրենսդրությունը, որը, չնայած Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների քննադատությանը, արտերկրից ֆինանսավորում ստացող ՀԿ-ների համար սահմանում է հաշվետվություններ ներկայացնելու և տեղեկատվությունը հանրայնացնելու չափազանց մեծ պարտավորություններ՝ այս կազմակերպություններին խարանի ենթարկելու նպատակով: Վեհաժողովը հատկապես մտահոգված է, որ որոշ այլ մասնակից երկրներ պատրաստել են օրենքի նախագծեր, որոնք հիմնված են վերոնշյալ օրենսդրության վրա: Այս համատեքստում Վեհաժողովը վերահաստատում է, որ ֆինանսական և նյութական ռեսուրսներ հայցելու, ապահովելու և օգտագործելու իրավունքը կարևոր է ցանկացած միավորման գոյության և գործունեության համար և հանդիսանում է միավորման ազատության անքակտելի մաս, ինչպես ընդգծված է Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թ.-ի մարտի՝ միավորումների ֆինանսավորման վերաբերյալ զեկույցում: Ահաբեկչության, փողերի լվացման կամ օտարերկրյա քաղաքական ազդեցության դեմ պայքարելու նպատակով ՀԿ-ների համար պարտավորություններ սահմանելիս պետությունները պետք է հստակ տարանջատեն «հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունները» և «տեղեկատվությունը հանրայնացնելու պարտավորությունները», և ապահովեն, որ տեղեկատվության և թափանցիկության վերաբերյալ ցանկացած պահանջ լինի միավորման չափին և գործունեության տարածքին համաչափ:

 

6.Անդրադառնալով «Եվրոպայում փախստականներին և միգրանտներին աջակցող ՀԿ-ների իրավունքների ու պարտականությունների» վերաբերյալ իր 2356 (2020) բանաձևին՝ Վեհաժողովը դատապարտում է փախստականներին և միգրանտներին աջակցող ՀԿ-ների և նրանց դոնորների վրա տարբեր հարձակումները:  Այն վերահաստատում է իր մտահոգությունը նոր կարգավորումների վերաբերյալ, որոնք ավելի են բարդացնում այս ՀԿ-ների գործունեությունը և քրեականացնում են նրանց անդամների որոշակի գործողություններ: 

 

7.Անդրադառնալով «Covid-19-ի համավարակի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» 2338 (2020) բանաձևին՝ Վեհաժողովը մտահոգված է այս շրջանում ԵԽ անդամ երկրների ձեռնարկած սահմանափակող միջոցառումների ազդեցությամբ և ընդգծում է քաղհասարակության գործունեության վրա դրանց ունեցած բացասական ազդեցությունը: Վեհաժողովն ընդգծում է, որ որ թեև Կոնվենցիայի համաձայն՝ հանրային առողջապահության նպատակով կարող է առաջանալ իրավաչափ նպատակ, որը կարդարացնի անձնական կյանքը հարգելու իրավունքի (Հոդված 8), արտահայտվելու ազատության (Հոդված 10), ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության (Հոդված 11) սահմանափակումները։ Վերոնշյալ իրավունքների ցանկացած սահմանափակում պետք է լինի «օրենքով սահմանված», «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» և հետապնդվող իրավաչափ նպատակին համարժեք:

 

8.Վեհաժողովը աջակցում է Հանուն հավասարության և խտրականության դեմ կոմիտեի՝ «Եվրոպայում ազգային փոքրամասնությունների պահպանման» վերաբերյալ զեկույցի պատրաստման աշխատանքներին և հորդորում է աջակցել ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում աշխատող ՀԿ-ներին:

 

9.Չնայած վերոնշյալ բացասական զարգացումներին՝ Վեհաժողովը ուրախությամբ նշում է, որ որոշ անդամ պետություններ փոխել են ՀԿ-ներին առնչվող իրենց օրենսդրությունը՝ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների առաջարկություններին համահունչ ձևով:  Ավելին՝ անդամ պետությունների մեծամասնությունը ստեղծել են քաղհասարակության գործունեության համար նպաստավոր միջավայր և իշխանությունները ձեռնարկել են քայլեր՝ ապահովելու, որ ՀԿ-ները ֆինանսավորվեն հավասար հիմքերով և կարողանան լիովին մասնակից լինել օրենսդրական գործընթացին և հանրային քննարկումներին: 

 

Հետևաբար՝ Վեհաժողովը հորդորում է բոլոր անդամ պետություններին.

 

10.1 համապատասխանել հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներին;

 

10.2 ամբողջությամբ կատարել Նախարարների կոմիտեի՝ Եվրոպայում հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ  CM/Rec(2007)14 առաջարկությունը և Եվրոպայում քաղհասարակության գործունեության տարածքի պաշտպանությունն ու խթանումը ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ  CM/Rec(2018)11  առաջարկությունը;

 

10.3 ամբողջությամբ և արագ իրականացնել ՀԿ-ների միավորման ազատության իրավունքի խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռներ;

 

10.4 ուժը կորցրած ճանաչել և/կամ փոփոխել օրենսդրությունը, որը միջամտում է ՀԿ-ների ազատ և անկախ աշխատելու ունակությանը, և ապահովել, որ այդ օրենսդրությունը համապատասխանի մարդու իրավունքների միջազգային գործիքներին, մասնավորապես՝ Կոնվենցիայի 8, 10 և 11 Հոդվածներին;

 

10.5 զերծ մնալ այնպիսի նոր օրենսդրության ընդունումից, որն անհարկի և անհամաչափ սահմանափակումներ է սահմանում ՀԿ-ների գործունեության համար; այս համատեքստում Covid-19 համավարակը չպետք է օգտագործվի նման սահմանափակումների սահմանումը արդարացնելու համար;

 

10.6 հնարավորության դեպքում օգտվել Եվրոպայի խորհրդի, և մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի և Միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողովի և վերջինիս՝ ՀԿ-ների վերաբերյալ օրենքի փորձագիտական խորհրդի փորձից և գիտելիքից;

 

10.7 ապահովել, որ ՀԿ-ները կարողանան հայցել, ապահովել և օգտագործել թե ներպետական և թե օտարերկրյա ծագում ունեցող ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ առանց խտրականության ենթարկվելու կամ անհիմն խոչընդոտների բախվելու՝ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ֆինանսավորման վերաբերյալ զեկույցում» ընդգրկված առաջարկությունների համաձայն;

 

10.8 ապահովել, որ ՀԿ-ները ստանան արդյունավետ իրավական պաշտպանություն, և, մասնավորապես, իշխանությունների հետ վեճի դեպքում ապահովել, որ դատական քննությունը համապատասխանի արդար դատաքննության իրավունքի (Կոնվենցիայի Հոդված 6) երաշխիքներին;

 

10.9 ապահովել, որ ՀԿ-ները լիովին ներգրավված լինեն իրենց վերաբերյալ նոր օրենսդրության, ինչպես նաև այլ կարևոր թեմաների շուրջ քննարկումներին և համապատասխան հանրային քննարկումներին;

 

10.10 ապահովել, որ քաղհասարակությունը շարունակի արդյունավետ գործունեություն ծավալել, մասնավորապես՝ զերծ մնալով ոտնձգությունների բոլոր տեսակներից՝ լինի դա դատական, վարչական, թե ֆինանսական (հարկային), ինչպես նաև ՀԿ-ների դեմ ուղղված հանրային բացասական հայտարարություններից, զրպարտող արշավներից և քաղհասարակության ակտիվիստներին վախեցնելու նպատակով ձեռնարկված գործողություններից:

 

Անդրադառնալով իր «Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ՀԿ-ների գործունեության սահմանափակումները» 2362 (2021) բանաձևին՝ Խորհրդարանական վեհաժողովը առաջարկում է, որ Նախարարների կոմիտեն.

 

1.1 ամբողջությամբ իրականացնի 2019 թ.-ի մայիսի 17-ին Հելսինկիում 129-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Եվրոպայում քաղհասարակության գործունեության տարածքի պաշտպանությունն ու խթանումը ուժեղացնելու անհրաժեշտության» վերաբերյալ որոշումը;

 

1.2 կոչ անի անդամ պետություններին՝ իրագործել Եվրոպայում հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ իր CM/Rec(2007)14 առաջարկությունը և Եվրոպայում քաղհասարակության գործունեության տարածքի պաշտպանությունն ու խթանումը ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ CM/Rec(2018)11  առաջարկությունը;

 

1.3  գնահատի այս երկու առաջարկությունների իրականացման առաջընթացը;

 

1.4 պարբերաբար կազմակերպի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող ՀԿ-ների կարծիքների փոխանակում և դյուրացնի այս կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդի գործունեության և կազմակերպած միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը;

 

1.5 շարունակի հզորացնել ԵԽ-ի շրջանակում շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողովի, Վեհաժողովի և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան փորձագիտական մարմինների միջև, և ստեղծի նրանց ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ;

 

1.6  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկելիս առաջնահերթություն տա այն դատավճիռներին, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ETS No. 5, Կոնվենցիա) հոդված 11-ում ամրագրված ՀԿ-ների իրավունքների և ազատություններին առնչվող համակարգային խնդիրներին; 

 

1.7 ստեղծի ահազանգման մեխանիզմ՝ անդամ պետություններում միավորման ազատության և Կոնվենցիայում սահմանված՝ ՀԿ-ների այլ իրավունքների և ազատությունների մասով հնարավոր նոր սահմանափակումների վերաբերյալ զգուշացում ստանալու և այս տեղեկատվությունը գնահատելու և համապատասխան ձևով արձագանքելու համար;

 

1.8 շարունակի խթանել եվրոպական և միջազգային չափանիշները՝ պաշտպանելու քաղհասարակության գործունեության տարածքը և փոխանակելու տեղեկատվություն այս ոլորտում լավ փորձի վերաբերյալ, մասնավորապես՝ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով, ինչպիսիք են՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Եվրոպական միությունը:

 

Բնօրինակները անգլերենով հասանելի են՝ ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ

 

 

Դիտումներ՝ 238

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????