Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Չնայած առողջական լուրջ խնդիրներին` զորակոչիկը ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինծառայության համար։ Պաշտպանության նախարարությանը հասցեագրված ՀՔԱՎ-ի գրություններից հետո կրկին իրականացվեց բժշկական հետազոտություն, որի արդյունքների հիման վրա ճանաչվեց ոչ պիտանի զինծառայությանը։
2020 թ. օգոստոսի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել զորակոչիկ Ա. Ե.-ն՝ իր իրավունքների պաշտպանության հարցով:
Դեռևս 2017 թ.-ի ամառային զորակոչին Ա. Ե.-ն ստացել է տարկետում՝ 3 տարի ժամկետով՝ ունենալով ողերի սեպաձև դեֆորմացիա, կրծքային հատվածի սկոլիոզ, զարկերակային բարձր ճնշում և այլ առողջական խնդիրներ։
Տարկետման ժամկետը լրանալուն պես՝ 2020 թ.-ի ամառային զորակոչի ժամանակ, Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է առողջական վիճակի հետազոտության «Էրեբունի» ԲԿ, այնուհետև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ստուգիչ հետազոտման՝ «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ, որի արդյուքնում ախտորոշվել է «Ողնաշարի գոտկային 2-րդ ողի մարմնի աննշան սեպաձև դեֆորմացիա, կրծքային կիֆոզի հարթեցում, կրծքագոտկային հատվածի սկոլիոզ 1-ին աստիճանի ֆունկցիայի աննշան խանգարում», որի արդյուքնում 2020 թ. ամառային զորակոչին ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ ՀՀ Կառավարության 404 որոշման 36-րդ հոդվածի Գ կետի։
Չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների և ԿԲՀ եզրակացության հետ՝ Ա.Ե.-ն սեփական նախաձեռնությամբ անցել է ողնաշարի ՄՌՏ հետազոտություն. պարզվել է, որ առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ վատթարացել է. հայտնաբերվել է գոտկասրբանային հատվածի ճողվածք 0,5 սմ չափով, ինչը ենթակա է փորձաքննության՝ համաձայն ՀՀ Կառավարության 404 որոշման 16-րդ հոդվածի Բ կետի. զորակոչիկը ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին զորակոչիկին կրկին առողջական վիճակի հետազոտության ներկայացնելու և զինվորական ծառայությանը նրա պիտանիության որոշումը վերանայելու հարցով։
Միայն ՀՔԱՎ գրությունից և պահանջից հետո Պաշտպանության նախարարությունը Ա. Ե.-ին ուղեգրեց Երևանի N2 բժշկական կենտրոն՝ ստուգիչ հետազոտության նպատակով, որը 2020 թ. ամառային զորակոչի ավարտվելու պատճառով իրականացվել է 2020 թ. ձմեռային զորակոչին։
Արդյունքում՝ Ա.Ե.-ն 2020 թ. ձմեռային զորակոչին ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար և ազատվել է զինվորական ծառայությունից։
Կարող ենք արձանագրել, որ զորակոչի ընթացքում ոչ պատշաճ բժշկական հետազոտություն իրականացնելու հետևանքով զորակոչիկը, փաստացի ճանաչվելով պիտանի զինծառայության համար, կարող էր զորակոչվել՝ ունենալով լուրջ առողջական խնդիրներ, այն պարագայում, երբ նրա առողջական վիճակը սահմանում էր ժամանակավորապես ոչ պիտանիություն։