Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը 6 մարզում անցկացրեց իրազեկման դասընթաց զորակոչիկների, զինծառայողների, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ

October 12, 2023

Այլ դասընթացներ | Գործունեություն | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար

2023 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանի վեց մարզերում՝ Լոռի, Արարատ, Շիրակ, Արմավիր, Արագածոտն և Տավուշ, իրականացրել է իրազեկման դասընթացների շարք զորակոչիկների, զինծառայողների, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ:

 

ՀՔԱՎ-ի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը և փաստաբան Հայկ Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել են զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների  անցկացման ընթացակարգերը, դրանց ընթացքում իրականացվող բժշկական  փորձաքննության կարգը և այլն։

 

 

                     

 

 

Հանդիպման ընթացքում Կազմակերպության փաստաբանը ներկայացրել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում ընդունված որոշումների (եզրակացությունների) բողոքարկման կարգը (տե՛ս ուղեցույցի 32-րդ էջում)։ 

 

Անդրադարձ է կատարվել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայությանը (տե՛ս ուղեցույցի 7-րդ էջում)։

 

Իրազեկման դասընթացներին մասնակցել է շուրջ 80 անձինք՝ զորակոչիկներ, նախկին զինծառայողներ, սպաներ, պահեստազորում հաշվառված և զինվորական հաշվառման ենթակա անձինք, նրանց հարազատները, ինչպես նաև  «Նախնական ռազմական պատրաստություն առարկայի»  ուսուցիչներ։

 

            

 

Դասընթացների մասնակիցների կողմից առավել հաճախակի հնչեցված հարցերն են․ 

 

  • արդյո՞ք կա հիվանդությունների ցանկ զինվորական ծառայության համար անձի պիտանիության աստիճանը որոշելու համար (տե՛ս ուղեցույցի 33-րդ էջի 5-րդ կետը),

  • ի՞նչպես է իրականացվում զինվորական ծառայության զորակոչի բժշկական փորձաքննությունը, դրա ընթացակարգերը  (տե՛ս ուղեցույցի 6-րդ էջում),

  • ո՞ր դեպքերում զորակոչիկը կարող է ազատվել զինվորական ծառայությունից կամ ստանալ տարկետում ընտանեկան պայմաններից ելնելով (տե՛ս ուղեցույցի 14-րդ էջի 6.2 կետը),

  • որո՞նք են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նպատակային ուսումնառության համար տարկետում ստանալու ընթացակարգերը, փաստաթղթերը, և ո՞ր իրավասու մարմիններին պետք է դրանք ներկայացնել (տե՛ս ուղեցույցի 15-րդ էջի 6.3 կետը),

  • ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի անձը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում ընդունված որոշումների (եզրակացությունների) բողոքարկման դեպքում (տե՛ս ուղեցույցի 32-րդ էջում),

  • արդյո՞ք երկքաղաքացի հանդիսացող անձը ենթակա է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության,

  • ինչպե՞ս է կազմակերպվում այլընտրանքային ծառայությունը։

 

Վարժական հավաքներին անձանց ներգրավվելու հետ կապված իրազեկման դասընթացների մասնակիցների  հնչեցրած հիմնական հարցերն են՝

 

  • ինչպե՞ս  պետք է անձը ծանուցվի վարժական հավաքների մեկնելու համար զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում (նախկին անվանումը՝ զինկոմիսարիատ) ներկայանալու մասին (տե՛ս ուղեցույցի 28-րդ էջի 2-րդ կետում),

  • ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքներին մասնակցության դեպքում  (տե՛ս ուղեցույցի 29-րդ էջի 5-րդ կետում),

  • որո՞նք են անձանց վարժական հավաքի ներգրավելու լինելու համար անհրաժեշտ պայմանները (տե՛ս ուղեցույցի 28-րդ էջի 3-րդ կետում),

  • քանի՞ անգամ կարող է պահեստազորում հաշվառված անձը կանչվել վարժական հավաքների  (տե՛ս ուղեցույցի 28-րդ էջում),

  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անձը որքա՞ն ժամանակ անց կարող է ներգրավվել վարժական հավաքների (տե՛ս ուղեցույցի 29-րդ էջի 4-րդ կետում),

  • ինչպե՞ս է հաշվարկվում վարժական հավաքների կանչված պահեստազորում հաշվառված անձանց վարձատրությունը և աշխատավարձը (տե՛ս ուղեցույցի 29-րդ էջի 6-7 րդ կետերում)։

 

                   

 

Հանդիպումների ընթացքում մասնակիցները նաև նշեցին մի շարք դեպքեր, որոնց առնչվել են իրենք կամ իրենց հարազատները, մասնավորապես՝

 

  • զորակոչիկները տեղեկացված չեն առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելու իրենց իրավունքի մասին և առողջական խնդիրներով հանդերձ զորակոչվում են զինվորական ծառայության,

  • պոլիկլինիկաներում զորակոչիկների բժշկական զննությունները իրականացվում են անձի գաղտնիության խախտման պայմաններում, քանի որ վերջիններիս չեն հետազոտում մեկուսի, այլ մի քանի այլ զորակոչիկների հետ միասին, ինչի ընթացքում  զորակոչիկները կաշկանդվում են իրենց առողջական գանգատները ներկայացնել,

  • զինվորական ծառայության ընթացքում  բժշկական հաստատություն տեղափոխված զինծառայողին չեն ենթարկում համապատասխան հետազոտությունների, այլ տրամադրվում են որոշակի ցավազրկող դեղահաբեր, որից հետո վերջիններս դուրս են գրվում բժշկական հաստատություններից զինվորական ծառայությունը շարունակելու համար՝ առանց առողջական վիճակի լավացման։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է տրամադրել անվճար իրավական աջակցություն զորակոչիկներին, զինծառայողներին, զինվորական հաշվառման ենթակա  և պահեստազորում հաշվառված անձանց։

 

Իրավական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝

 

+374 (322) 4 22 68 , 

(+374) 077 342268,  

(+374) 093 11 16 15

 

կամ այցելել գրասենյակ հետևյալ հասցեով՝ 

ՀՀ, Լոռու մարզ,  ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 59

 

կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին 

https://www.facebook.com/hca.vanadzor 

 

Դիտումներ՝ 367

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????