Այլ դասընթացներ | Գործունեություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Նորություններ
2019 թ․ սեպտեմբերի 19-22-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Նեսեհնուտի» չեխական հասարակական կազմակերպության հետ համատեղ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ կազմակերպել էր «Բնապահպանություն և մարդու իրավունքներ» խորագրով դասընթաց-քննարկում երիտասարդների համար։
Մարդու իրավունքների և բնապահպանության թեմաներով դասընթացներ վարեցին ու արշավներ իրականացնելու իրենց փորձով կիսվեցին ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձագետներ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի տնօրեն Դավիթ Ամիրյանը ողջույնի խոսք հղեցին մասնակիցներին, ներկայացրին դասընթացի նպատակներն ու ակնկալիքները։
Դավիթ Ամիրյանը խոսեց նաև մարդու իրավունքների, դրանց հոգեբանական դրսևորումների մասին։ «Երբ մենք խոսում ենք ինչ-որ մեկի անհատականության մասին, մենք խոսում ենք նրա իրավունքների ու ազատությունների մասին։ Իրավունքները ծնվում են մեզ հետ ու ոչ ոք չի կարող դրանք վերցնել»,-ընդգծեց նա։
Ապա Ա․ Սաքունցը խոսեց Հայաստանում մարդու իրավունքների մարտահրավերների ու հնարավորությունների մասին։
«Անկախ նրանից՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կլինեն մարդու իրավունքների վերաբերյալ դրույթներ, թե՝ ոչ, դրանք կան։ Եթե չեն սահմանվել, չեն կարգավորվել, նշանակում է մենք չենք ապահովում և խախտում ենք մարդու իրավունքները, եթե կա սահմանված, բայց չի կիրառվում, նշանակում է արդեն այդ մակարդում ունենք խնդիրներ։ Խնդիրները ծագում են անտարբերությունից։ Բարձրաձայնելը անտարբերության հաղթահարման առաջին քայլն է»,-այսպես սկսեց իր խոսքը Ա․ Սաքունցը, ապա օրինակներով անդրադարձավ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին։
Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցն էլ անդրադարձավ մարդու իրավունքների բնագավառում շահերի պաշտպանությանը։ Կոնկրետ օրինակներով խոսեց ՀՀ-ում հեղափոխությունից հետո առկա խնդիրների մասին, դրանց լուծման հնարավորությունների, հատկապես մարզերում խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների իրականացման դժվարությունների մասին։ Մասնակիցները ակտիվորեն հարցեր ուղղեցին, քննարկեցին օրինակները։
Առաջին օրը եզրափակեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը։ Վերջինս անդրադարձավ քաղաքացիական շարժումներին ու դրանց խնդիրներին Նոր Հայաստանում։ Զարուհի Հովհաննիսյանը խոսեց Հայաստանում տարբեր տարիներին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների, բողոքի միջոցառումների, դրանց ժամանակ կիրառված ուղերձների ու կարգախոսների, ձախողված ու հաջողված փորձերի մասին և թե ինչպես այդ փորձն օգտագործվեց 2018 թ․-ին։
Դասընթացի երկրորդ օրը երիտասարդներին իր փորձով ոգեշնչեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։ Նա ներկայացրեց «Երիտասարդության դերը հասարակական-քաղաքական կյանքում» թեման, կիսվեց «Ռեստարտ» նախաձեռնության գաղափարներով։
Քաղաքացիական արշավների չեխական փորձն էլ ներկայացրեց Նեսեհնուտիի հիմնադիր անդամ Մարտին Հիթան։
Երրրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր կոռուպցիայի ու բնապահապանության հարցերին։ Նախ «Հետք» լրատվամիջոցի գործադիր տնօրեն Քրիստինա Բարսեղյանը ներկայացրեց կոռուպցիոն ռիսկերի ու հանցագործությունների վերաբերյալ փաստերի հավաքագրման առանձնահատկությունները, պատմեց, թե ինչպես է փաստեր հավաքում ու կիրառում «Հետքը»։
Հրազդանից Հասմիկ Մանուկյանը տպավորված է, հատկապես, այս թեմայից։ Հենց դասընթացի ժամանակ որոշել է զբաղվել հետաքննական լրագրությամբ։ Կարծում է, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար շատ օգտակար էին և մարդու իրավունքներին, և բնապահպանությանը վերաբերող մասերը։ Նրա կարծիքով՝ բնապահպանական արշավներ իրականացնելու՝ դասընթացավարների փորձը կօգնի իրականացնել նաև իրենց գաղափարները։ Իսկ թե ինչ խնդիրների են բախվել իրավապաշտպաններն իրենց գործունեության մեջ, կարևոր է հնարավոր ռիսկերը կանխատեսելու համար։
Օրվա երկրորդ մասը բնապահպանական էր։ Բնապահպան ակտիվիստներ Թեհմինե Ենոքյանն ու Անի Խաչատրյանը խոսեցին հայաստանյան փորձի, իսկ Ղրղզստանի "MoveGreen" բնապահպանական կազմակերպության ղեկավար Մարիա Կոլեսնիկովան՝ ղրղզական փորձի մասին։
Հայաստանցի բնապահպանները իրենց փորձով ներկայացրին, թե ինչ մարտահրավերներ ունեն բնապահպանական նախաձեռնությունները Հայաստանում, մասնակիցների հետ քննարկեցին դրանց հաղթահարման հնարավորությունները։
Հենց Թեհմինեի ու Անիի փորձն էլ ոգեշնչել է դասընթացի մասնակիցներից Անի Պետոյանին։
Նա ապագա իրավաբան է Գավառից։ Անին շատ է կարևորում մարդու իրավունքների ոլորտում ոչ ֆորմալ կրթությունը և կարծում է, որ կարևոր է օրենսդրական ու պրակտիկայի խնդիրներին նայել իրավապաշտպանների տեսանկյունից, թե ինչպես են աշխատեցվում օրենսդրությամբ ամրագրված, բայց՝ չգործող կարգավորումները, օրինակ՝ տեղեկատվություն ստանալու հարցում։
Իր մարզում Անին բնապահպանական լուրջ խնդիրներ է համարում Սոթքի հանքավայրի շահագործումն ու Սևանա լճի վիճակը։ Երկրորդի ուղղությամբ արդեն իսկ միջոցառումներ են նախաձեռնել մի խումբ ակտիվ երիտասարդների հետ միասին։ Նրանք պատրաստվում են լուծել Գավառագետի աղտոտվածության հարցը, որը հոսում է Սևանա լիճ։ Գետի մաքրման աշխատանքներում ներգրավվել են ինչպես երիտասարդներ, այնպես էլ համայնքապետարանն ու ավագանին։
«Մաքուր օդ Բիշքեկի համար» արշավի օրինակով բավականին ընդգրկուն դասընթաց վարեց Մարիա Կոլեսնիկովան, որը շարունակվեց նաև դասընթացի վերջին օրը։ Դրա շրջանակում մասնակիցները սովորեցին, թե ինչպես պլանավորել ու իրականացնել բնապահպանական արշավներ, խմբային աշխատանքներով ամրապնդեցին ստացած գիտելիքները։
Արա Միքայելյանը Գորիսից և Հայկ Սարգսյանը Սարդարապատից արդեն իսկ նախանշել են, թե ինչպես են կիրառելու ստացած գիտելիքները իրենց համայնքներում։
Արան ասում է, որ միանգամից երկու բնապահապանական գաղափար ունի, որոնք պատրաստվում է իրականացնել հենց Մարիայի հետ համագործակցությամբ։ Նա որոշել է ստուգել Գորիսում օդի աղտոտվածության աստիճանն ու այն համեմատել Երևանի հետ, ծրագիր ունի նաև Գորիսով հոսող գետի աղտոտվածության հարցը լուծելու։
Հայկը ևս ունի բնապահպանական ծրագրերի գաղափարներ, որոնք պատրաստվում է իրականացնել Սարդարապատում։ Դրանք դեռևս նախնական փուլում են։
Ծրագրի մեկ այլ մասնակից Ելենան Գյումրիից է։ Դասընթացի արդյունքում նա ավելի հստակ պատկերացում ունի, թե ինչպես պետք է պլանավորել ծրագրերը։ «Եթե ուզում ես որևէ բան փոխել, ունես կոնկրետ ծրագիր, կարող ես այն իրականացնել նաև առանց մեծ աղմուկ բարձրացնելու»,-իր տպավորություններով կիսվում է մեզ հետ Ելենան։ Ճիշտ է՝ որոշակի գաղափար ունեցել է և մարդու իրավունքների, և բնապահպանության վերաբերյալ, բայց դասընթացն օգնել է ավելի առարկայական մտածել դրանց ուղղությամբ։
Արմավիրից Ալֆրեդ Նիկողոսյանն էլ ավելի առարկայական է դարձրել իր «Էկո Արմավիր» նախաձեռնության գաղափարը։ Նա ասում է, որ որոշակի գործողություններ արդեն սկսել էր այդ ուղղությամբ, իսկ դասընթացի արդյունքում նաև գործողությունների պլան է մշակել և պատրաստվում է իրագործել այն։ «Էկո Արմավիրը» թափոնների վերամշակման նախաձեռնություն է․ նախ կփորձեն տեսակավորել աղբը, ապա կազմակերպել դրա վերամշակումը։
Կարեն Հակոբյանը, բացի դասընթացի բովանդակային մասից, շատ է կարևորում նաև նոր ծանոթությունները։ Նոր գաղափարակիցները կարող են լավ գործընկերներ դառնալ մարդու իրավունքների ու բնապահպանության ոլորտներում իրականացվող արշավների համար։
Կարենը շատ հետաքրքիր գաղափար ունի ոսկու կորզման ֆաբրիկա ու ցեմենտի գործարան ունեցող Արարատ քաղաքի բնաահպանական խնդիրները լուծելու համար։ Նա պատրաստվում է հատուկ բուսատեսակներ աճեցնել Արարատում, որոնք կլանում են փոշին ու նպաստում օդի մաքրմանը։ Նրա կարծիքով՝ դա որոշ չափով կմեղմի օդի աղտոտվածության աստիճանը։
Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ