Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ներկայացվեց «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցը

November 4, 2019

Այլ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 թ. հոկտեմբերի 31-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցի «Գառնի» սրահում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրեց «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցը։

 

Զեկույցի ներկայացում-քննարկմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ, Ուկրաինայի և Լեհաստանի դեսպանատների ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը բացման խոսքում անդրադարձավ ծրագրի իրականացման անհրաժեշտությանն ու շեշտեց, որ ՀՀ քաղաքացիների համար հասկանալի չեն, ընկալելի չեն և որոշակի չեն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի նկատմամբ ՀՀ-ի վերահսկողության մեխանիզմները։ Անդրադարձ կատարեց նաև Մոլդովայում և Ուկրաինայում ռուսական ռազմական ներկայությանը։

 

«Ռուսական ռազմական բազան, որպես ՀՀ-ում գործող կառույց, պետք է իր գործունեության համար ունենա և լիազորություն, և պատասխանատվություն. մենք տեսնում ենք, որ լիազորություններ կան, պատասխանատվության ինստիտուտը ամրագրված չէ». հավելեց Արթուր Սաքունցն ու ՀՀ-ում ռուս զինծառայողների գործողությունների և նրանց մասնակցությամբ միջադեպերի այլ օրինակներ ներկայացրեց։

 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն էլ ներկայացրեց «Ռուսական ռազմական ներկայությունը Արևելյան գործընկերության որոշ երկրներում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների իրավիճակի վրա» ծրագիրը, դրա շրջանակում իրականացվող գործողությունները 3 երկրներում և անդրադարձավ ռուսական ռազմական ներկայության մասին համատեղ զեկույցին։

 

«Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել երեք երկրներում ռուսական ռազմական բազաների իրավական փաստաթղթերի առկայությունը, իրավական կարգավորումների արդյունավետությունը, ինչպես նաև մարդու իրավունքների վիճակն ու ռուսական ռազմական ներկայության ազդեցությունը ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների վիճակի վրա»․ նշեց Ա․ Սադիկյանը։

 

Նա խոսեց նաև զեկույցի պատրաստման ընթացքում առաջացած խնդիրների, մարտահրավերների մասին, հատկապես՝ համապատասխան իրավական փաստաթղթերն ստանալու հարցում։

 

Զեկույցն ընդհանուր առմամբ անդրադառնում է առհասարակ օտարերկրյա ռազմական ներկայության նշանակությանը տարբեր երկրներում, համաշխարհային փորձին և մասնավորեցնում, թե ինչ ազդեցություն է ունեցել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Մասնավորապես՝ Հայաստանի մասով զեկույցում ներկայացված են հայ-ռուսական հարաբերություններն ու Հայաստանում ռազմաբազայի տեղակայման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը։ Առանձին օրինակներով անդրադարձ կա ռուս զինծառայողների մասնակցությամբ Հայաստանում եղած միջադեպերին և դրանց արդյունքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումներին։

 

 

Քննարկման մասնակիցներն էլ իրենց մտահոգությունները հայտնեցին Հայաստանում ռուսական ռազմաբազայի` մարդու իրավունքների վրա ունեցած ազդեցության առնչությամբ, ներկայացրին ռուս զինծառայողների մասնակցությամբ իրենց հայտնի միջադեպերը, որոնք դուրս են մնացել զեկույցի շրջանակից։

 

Վերլուծելով ՀՀ տարածքում ՌԴ զինվորական ներկայության վերաբերյալ միջպետական պայմանագրերը, եզրակացնում ենք, որ․

 

ա. պայմանագրերով/համաձայնագրերով նախատեսված չեն ՀՀ կողմից իր տարածքում գտնվող ՌԴ ստորաբաժանումների գործունեության նկատմամբ մշտադիտարկման եւ վերահսկողության մեխանիզմներ,

բ. ՀՀ պետական բյուջեից ՀՀ կողմից ՌԴ զինվորական ստորաբաժանումների պահպանման համար հատկացվող միջոցները համարվում են գաղտնի տեղեկություններ, եւ   հանրությունը ծանոթ չէ դրանց նույնիսկ ընդհանուր չափին, չնայած ՀՀ պաշտպանական բյուջեի ընդհանուր չափը հայտնի է,

գ. հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում ՌԴ զինվորական ստորաբաժանումների տեղակայման համար հատկացված տարածքները տրամադրվում են անվճար, պետք է ենթադրել, որ գնահատված չէ նաեւ տարածքների օգտագործման դիմաց ենթադրյալ վարձակալության վճարների չափերը,

դ. հնարավոր չէ գնահատել եւ նման գնահատում արված չէ, թե ՀՀ տարածքում ՌԴ զինվորական ստորաբաժանումների գործունեության համար ինչքան է վճարվում Հայաստանի պետական բյուջեից եւ ընդհանրապես ֆինանսական ինչ բեռ է կրում Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ՌԴ ստորաբաժանման պահպանման, տարածքների օգտագործման համար,

ե. Հայաստանի Հանրապետության կողմից ռուսական բազայի եւ սահմանապահ զորքերի գործունեության նկատմամբ մշտադիտարկման եւ վերահսկողության մեխանիզմների բացակայությունը հանգեցնում է ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտմանը, եւ բացակայում են այդ խախտումների դիմաց համաչափ փոխհատուցման մեխանիզմները:

 

Այպիսով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինվորական ներկայությունը կարգավորող միջպետական պայմանագրերը/համաձայնագրերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, իրավական պետության չափանիշներին եւ ՀՀ սահմանադրությանը:

 

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության իշխնություններին վերանայել միջպետական պայմանագրերը/համաձայնագրերը եւ համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

 

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, թեև չէր արձագանքել մեր հրավերին և քննարկմանը ներկա չէր, բայց զեկույցի ներկայացումից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում իր «մտահոգությունն» էր հայտնել դրա հրապարակման մասին։

 

Քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ-ում, Մոլդովայի, Գերմանիայի դեսպանություններ, Եվրոպայի խորհրդի և Եվրամիության պատվիրակության գրասենյակներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներ, սակայն ներկայացուցիչներ քննարկմանը չէին մասնակցում։

 

Զեկույցը պատրաստվել է «Ռուսական ռազմական ներկայությունը Արևելյան գործընկերության որոշ երկրներում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների իրավիճակի վրա» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվել է ԱլԳ ՔՀՖ վերադրամաշնորհային ծրագրի միջոցով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի, Մոլդովայի Պրոմո-լեքս ասոցիացիայի եւ Ուկրաինայի Արեւելյան եվրոպական անվտանգության հետազոտական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից:

 

Ծրագրի դոնորներն են Եվրոպական միությունը և Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդը:

 

Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ

 

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» (հայերեն)

 

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» (անգլերեն)

 

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի ներկայացում-քննարկում

 

Դիտումներ՝ 3050

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????