Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Թմրամիջոցների գործածման, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտի քաղաքականության գնահատում․ Զեկույց, Մաս 2

December 12, 2023

Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Իրավունքներ | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոց գործածող անձանց վերաբերող քաղաքականությունը կանոնակարգող իրավական դաշտի և իրականացվող միջոցառումների գնահատման արդյունքները փաստում են, որ այդ քաղաքականությունն ունի պատժողական բնույթ և արդյունավետ չէ։ Ծրագրերով տարեց տարի նույնությամբ հռչակվող նպատակները չեն իրականացվում։ Ավելին, զարգացման միտումները հակասում են հռչակվող նպատակներին։ Օրինակ՝ տարեկան ծրագրերով հայտարարված նպատակներից է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Վիճակագրական տվյալները, մինչդեռ, փաստում են հանցավորության աճ, բացահայտման ցուցանիշի նվազում, թմրամիջոցների տարածվածության ու հասանելիության ընդլայնում, գործածողների տարիքային շեմի նվազում։

 

2022 թ․-ին նախորդ տարվա համեմատ քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվն ավելացել է 26․7 տոկոս, մինչդեռ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում մեթադոնային փոխարինող բուժում (ՄՓԲ) ստացող անձանց թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է ընդամենը 9․6 տոկոսով։

 

Վիճակագրական տվյալները փաստում են նաև Հայաստանում թմրամիջոց գործածող հաշվառված անձանց թվի աճ։ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ 2018-2022 թթ․ ընթացքում նրանց թիվն աճել է 9․5 տոկոսով։ 2022 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված թմրամիջոց գործածող անձանց թիվը 7612 է (ըստ մասնագետների` այդ թիվը պետք է բազմապատկել առնվազն 30-ով)։ Ավելանում է նաև հաշվառված կանանց թիվը՝ նույն ժամանահատվածում աճելով 30 տոկոսով:

 

Ըստ մասնագետների՝ թմրամիջոցներից կախվածության առումով ամենախոցելի խմբում դեռահասներն են։ Աճել է ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն և ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո փորձաքննության ներկայացած 18-25 տարեկանների թիվը, որոնց օրգանիզմում հայտնաբերվել են թմրամիջոցներ։ 2019 թ․ այդ խմբի անձանց թիվը 97 էր՝ կազմելով ընդհանուրի 16․9 տոկոսը, 2020 թ․՝ 124 (ընդհանուրի 24․9 տոկոսը), իսկ 2021 թ․՝ 146 (ընդհանուրի 32․6 տոկոսը)։ Այսինքն, թմրամիջոց գործածողների շրջանում երիտասարդների թիվը ոչ միայն տարեց տարի ավելանում է, այլ նաև աճում է մյուս տարիքային խմբերի նկատմամբ այս խմբի տոկոսային հարաբերակցությունը։

 

Թմրամիջոցների ոլորտում իրականացվող պատժողական քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնում է մարդու իրավունքների խախտումներին։ Խուսափելով քրեական պատասխանատվության ենթարկվելուց` թմրամիջոց գործածող անձը չի դիմում բժշկական օգնության, ինչի հետևանքով խախտվում է նրա առողջության իրավունքը։ Խարանի դեմ անարդյունավետ պայքարի հետևանքով խախտվում է անձի՝ խտրականությունից զերծ մնալու իրավունքը։ Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով խախտվում է խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու և արդար դատաքննության իրավունքները։ 

 

Իրավական ակտերում շարունակվում են կիրառվել խտրական եզրույթներ (թմրամոլ, թմրամոլություն, թմրամոլությամբ տառապող)։ Տարեկան ծրագրերը 2004 թ․-ից կրում են նույն անվանումը․ «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր»։ 2008 թ․-ից գործում է «Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 1599-Ն ՀՀ կառավարության որոշումը, որում մինչ օրս եզրույթների մասով որևէ փոփոխություն չի կատարվել։ Անգամ 2015 թ․-ին ամրագրված Կայուն զարգացման նպատակներում 3.5.1.a ցուցանիշը վերնագրված է «Թմրամոլությամբ տառապող անձանց թիվը»:

 

ՀՀ Ոստիկանությունը 2023 թ․ հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Այդ պայքարի շրջանակներում, սակայն, մեկ ամսվա ընթացքում Հայաստան ներկրվող կամ Հայաստանի տարածքով անցնող մեծ քանակի թմրանյութերի ապօրինի տարանցումը բացահայտում են այլ երկրների իրավապահները։ Մասնավորապես Հայաստան ուղարկվող մեծ խմբաքանակի (2․7 տոննա) թմրամիջոցն առգրավվում է Իտալիայի իրավապահների կողմից, Իրանից 80 կգ հերոինի տարանցումը հայտնաբերում են վրացի իրավապահները։

 

Մեկ այլ դեպքում բանանի արկղերում Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց, սակայն «անձանց շրջանակը, որոնք մասնակցել են կամ որոնց կողմից իրականացվել է այդքան մեծ քանակով բանանի ներմուծումը» և տեղեկություն, թե որ պաշտոնական անձի թողտվությամբ կամ անփութության արդյունքում է նման քանակի թմրամիջոց մաքսազերծվել, հայտնվել Հայաստանի տարածքում, այդպես էլ չի ներկայացվել։ Բացի դրանից՝ անպատասխան են մնում հարցեր, թե ինչ նպատակով է Հայաստան ներմուծվում մեծաքանակ թմրանյութը, ինչ երաշխիքներ ուներ հնարավոր ստացողը, որ թմրամիջոցների այդ քանակն անխոչընդոտ անցնելու էր Հայաստանի սահմանով և տիրապետվելու էր։

 

Միևնույն ժամանակ ոստիկանության ծառայողները ռեյդեր են կազմակերպում ակումբներ («Պոլիգրաֆ» և «Բան»)՝ բիրտ ու անհամաչափ ուժի գործադրմամբ որևէ դիմադրություն ցույց չտվող աշխատակիցներին և այցելուներին պառկեցնում են հատակին, սպառնում զենքով, արդյունքում առգրավում ընդհանուր 1,95 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 5.87 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։

 

Բացի դրանից՝ 41 անձ առաջին և 37 անձ երկրորդ դեպքում ոստիկանական բաժիններում ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել։ Ոստիկանության բաժիններ բերված անձանց գրառումները սոցցանցերում, ինչպես նաև հարցազրույցները զանգվածային լրատվության միջոցներին փաստում են, որ բաժանմունքում անձանց ծաղրել են, ստորացրել, անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ապահովել, ցուցաբերել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ 

 

2022 թ. թմրամիջոցներ իրացնելու դեպքերը 2021-ի համեմատ աճել են 95 տոկոսով։ 2022 թ․ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հայտնաբերված հանցագործությունների թիվը կազմել է 2266։ 2021 թ․ համեմատությամբ ցուցանիշն աճել է 47 տոկոսով (1544 դեպք), 2020 թ․ համեմատությամբ՝ 85 տոկոսով (1226 դեպք), իսկ 2019 թ․ համեմատությամբ՝ 108 տոկոսով (1088 դեպք):  5 տարվա ընթացքում հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 150 տոկոսով։

 

Բացի դրանից՝ 2021 թ․ կտրուկ աճել է ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների ընդհանուր քանակը, մասնավորապես բարձր վտանգավորություն ներկայացնող այնպիսի թմրամիջոցների առգրավումը, ինչպիսիք են կոկաինը և հերոինը (2021 թ․ առգրավվել է 434 կգ կամ 33 անգամ ավելի հերոին, քան 2020 թ․)։

 

Անհրաժեշտ է վերանայել պետության քաղաքականությունն այս ոլորտում, արմատապես փոխել այն՝ համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։ Անհրաժեշտ է հրաժարվել պատժողական քաղաքականությունից և նոր քաղաքականությունը կառուցել թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց առողջության իրավունքի երաշխավորման սկզբունքի, այդ անձանց անհրաժեշտ աջակցության ապահովման և սոցիալական ներառման տեսլականի վրա։

 

Սույն զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Զեկույցի 1-ին մասը՝ ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 576

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????