Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը․ Տեղեկանք

February 20, 2023

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Սեփական

Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական  բռնությունները,  մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ նման դեպքերը 2022թ շեշտակի աճել են։ 

 

ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 201 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019 թ․ համեմատությամբ՝ 548 %-ով (կամ 109 դեպքով)։

 

Հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը  2022 թ․-ին,  2021 թ.-ի համեմատությամբ, աճել է 478 %-ով (կամ 94 դեպքով), իսկ 2019 թ․-ի համեմատությամբ՝ 728 %-ով (կամ 131 դեպքով)։ Այսպիսով, 2022 թ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի անգամ, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր ցուցանիշը։ Ավելին, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքների խախտման տոկոսային հարաբերակցությունը՝ խախտման ընդհանուր դեպքերի նկատմամբ ամենաբարձրն է մշտադիտարկվող 8 տարիների ընթացքում։ 2022 թ․-ին, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել են առողջության իրավունքի խախտման դեպքերը՝ արձանագրելով վատագույն արդյունքը 8 տարիների ընթացքում։

 

Ավելին, ոստիկանության ծառայողների գործողությունները տարեց տարի ավելի անկանխատեսելի են դառնում։ Մասնավորապես՝ 2022 թ․ ապրիլի 25-ից ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ սկսեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիաներն ուղեկցվեցին ոստիկանության ծառայողների կողմից անհիմն ու անհամաչափ ուժի կիրառմամբ, առանց իրավական հիմքերը ներկայացնելու անձանց ազատությունից զրկմամբ, քաղաքացիների առողջությանը վնասի պատճառմամբ, գույքի վնասմամբ, անչափահասների նկատմամբ ուժի կիրառմամբ և ազատությունից զրկմամբ, լրագրողների գործունեության խոչընդոտմամբ և նրանց նկատմամբ ուժի կիրառմամբ, քաղաքացիական հագուստով, դիմակավորված, առանց որևէ տարբերանշանի անձանց ներգրավմամբ հավաքների վայրերում, որոնք բռնություն էին կիրառում մասնակիցների նկատմամբ, նրանց բերման ենթարկում։ Ընդ որում, ոստիկանության ապօրինի գործողությունները գովաբանվում և արդարացվում են պաշտոնատար անձանց կողմից։ Նշենք, որ դիմակավորված անձանց ներգրավումը հավաքների վայրերում թերևս հետհեղափոխական Հայաստանում դարձել է օրինաչափություն, մինչդեռ անընդունելի է առանց տարբերանշանի ոստիկանության ծառայողների ծառայության իրականացումը և առավել ևս քաղաքացիական հագուստով և դիմակավորված անձանց գտնվելը հավաքների իրականացման վայրում, որը հանդիսանում է օրենքի խախտում։ 

 

2022 թ․-ն աննախադեպ էր՝ անչափահասների նկատմամբ ոստիկանության անօրինական ու անհամաչափ գործողությունների տեսանկյունից։ Նվազագույն հաշվարկով 10 օրվա ընթացքում բերման ենթարկվեց ավելի քան 15 անչափահաս անձ, հաճախ անհամաչափ ուժի կիրառմամբ․ մեկ անչափահասի մոտ արձանագրվել են մարմնական վնասվածքներ, իսկ երկուսը ոստիկանության ծառայողների կողմից ենթարկվել են ծեծի և արժանապատվությունը նվաստացնող վերաբերունքի։

 

Քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փաստացի գտնվել են ոստիկանության ծառայողների «ձեռքերում» և որևէ դիմադրություն ցույց տալ չէին կարող (օրինակ՝ ոստիկանության ծառայողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր գործընկերների կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին)։ Ոստիկանության կողմից նաև հատուկ միջոցներ (ծխարձակող և լուսաձայնային նռնակներ) են կիրառվել քաղաքացիների նկատմամբ։

 

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ բազմաթիվ էին իրավիճակները, երբ ոստիկանության ծառայողները չեն վերահսկել իրենց։ Նրանք տրվում էին սադրանքների, վիրավորում, փողոցային բառապաշարով խոսում ակցիայի մասնակիցների հետ, հրում նրանց, վնասում գույքը (ավտոմեքենան), մինչդեռ ոստիկանական համազգեստը պարտավորեցնում է նրանց մնալ իրենց իրավասությունների սահմաններում և գործել բացառապես օրենքի պահանջներին համապատասխան։

 

Ոստիկանության ծառայողները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ «պաշտպանեցին» Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի խաղաղ ցուցարարներից։ Վերջիններիս խախաղ հավաքներ անցկացնելու իրավունքը խոչընդոտվեց պատճառաբանությամբ, որ նրանք Հայաստանի քաղաքացի չեն։ Արձանագրենք, որ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը Հայաստանում չպետք է  սահմանափակվի և չպետք է պայմանավորված լինի ազգային պատկանելիությամբ կամ քաղաքացիությամբ։

 

Ինչպես փաստում են ՄԻՊ հրապարակումները, բազմաթիվ էին նաև ոստիկանության բաժիններում ընթացակարգային խախտումները (անձանց չէին ներկայացվում իրենց նվազագույն իրավունքները, չէին ապահովվում լռելու, հեռախոսազանգ կատարելու և այլ իրավունքներ) ու հակաօրինական գործողությունները (օրինակ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները բջջային հեռախոսով լուսանկարել են անձանց ոստիկանության բաժին մտցնելիս)։

 

Հավաքների ընթացքում 12 դեպքում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, ինչը կրկնակի անգամ ավել է 2021 թ․ ցուցանիշից։ Ընդ որում, լրագրողների և օպերատորների նկատմամբ բռնի ուժ է կիրառվել, այդ թվում դիմակավորված անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից։ Հատկանշական է, որ վերջին դեպքն ուսումնասիրվեց ՀՀ Քննչական կոմիտեում և որոշում կայացվեց քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին՝ Սարգիս Հովհաննիսյանի գործողություններն արդարացնելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքով։ Նշվեց, որ լրագրողը պետք է դադարեցներ նկարահանումը նման պահանջ ստանալուց հետո։ Հարկ ենք համարում հիշեցնել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին և մասնավորապես ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին և ՀՀ քննչական կոմիտեին, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելն արգելված է օրենքով։ Ավելին, ՊՊԾ պետը գտնվում էր հավաքի վայրում, լրագրողի հարցն էլ անձնական բնույթի չէր, այլ վերաբերում էր ընթացող հավաքին, իսկ պետական մարմինների ծառայողների անհարգալից վերաբերմունքը, բռնությունը քաղաքացիների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ, ենթակա է պատասխանատվության։

 

Հաջորդիվ ներկայացված գծապատկերն արտացոլում է ոստիկանության ծառայողների կողմից խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու, առողջության և արդար դատաքննության իրավունքների խախտումների՝  2021 և 2022 թթ․ թվային համեմատականը։

 

 

Ինչպես երևում է գծապատկերից, եթե 2021թ․-ին այս 5 իրավունքների խախտման ընդհանուր 262 դեպք էր արձանագրվել, ապա 2022 թ․-ին՝ 476։ Ընդ որում, բոլոր իրավունքներով խախտումներն ավելացել են 40-50 %-ով։ Այս թվերը, և մասնավորապես ոստիկանության ծառայողների գործողությունների արդյունքում քաղաքացիների առողջության իրավունքի խախտման դեպքերի կրկնապատկումը վկայում են ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափության և միաժամանակ իրավապահ համակարգում անպատժելիության մթնոլորտի խորացման մասին։

 

Հատկանշական է, որ Ազգային ժողովի (ԱԺ) քաղաքական մեծամասնությունը գովաբանել է ոստիկանության գործողությունները՝ չնայած դրանց հակաօրինական, ոչ իրավաչափ բնույթին։ Մասնավորապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը պրոֆեսիոնալ աշխատանքի համար, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ․ «․․․իրավապահ համակարգը պատվով կատարում էր հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները և գործում էր համաչափ»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողությունները համարել է «ընդհանուր առմամբ համաչափ»։  

 

Նման գնահատականերն անհասկանալի ու անընդունելի են։ Օր․՝ 5 ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով մի քանի անգամ հարվածելը, մեկ այլ քաղաքացուն կոտրվածք հասցնելը, անչափահասին ահաբեկելը չեն կարող իրավաչափ ու համաչափ համարվել։ Ավելին, դրանք քրեորեն պատժելի արարքներ են։ Բացի դրանից՝ հակաօրինական է քաղաքացիական հագուստով և դիմակավորված անձանց ներգրավումը հավաքներին։ Ավելին, բարձրաստիճան պետական պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող գնահատականները չեն նպաստում իրավապահ համակարգի բարեփոխմանը և խաթարում են իրավապահ համակարգում պատասխանատվության և հաշվետվողականության սկզբունքների պահպանումը, հանրային վստահության ձևավորումը թե՛ իրավապահ մարմինների, թե՛ նման գնահատականներ հնչեցնողների հանդեպ։ 

 

Նման գնահատականները նպաստում են նաև անպատժելիության շարունակականությանը, որի գագաթնակետը դարձան 2022 թ․ սեպտեմբերի 21-ի դեպքերը, երբ, ոտնահարելով օրինականության բոլոր նորմերը, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, արժանապատվությունը նվաստացնող ձևով բերման ենթարկեցին Եռաբլուրում գտնվող զոհված զինծառայողների հարազատներին։ Թեև նախաձեռնվեց քրեական վարույթ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով, ինչը կատարվել է բռնություն գործադրելով, մինչև 2022 թ․ դեկտեմբերը քննչական կոմիտեն չէր կարողանում նույնականացնել լիազորությունները չարաշահած ոստիկանության ծառայողներին և այդ պատճառով որևէ մեկը որպես մեղադրյալ չէր ներգրավվել։ Ավելին՝ ոստիկանությունը դիմեց դատարան՝ բերման ենթարկված ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։

 

Համակարգում հակաօրինական գործողությունները ոչ միայն պատշաճ քննության չեն ենթարկվում, մեղավորները չեն նույնականացվում և պատասխանատվության չեն ենթարկվում, այլև նման արարքները կարծես թե խրախուսվում են, բռնություն գործադրող ոստիկանության ծառայողները ոչ միայն չեն հեռացվում համակարգից, այլև ունենում են ծառայողական առաջխաղացում։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2022 թ․ ընթացքում ԶԼՄ հրապարակումների հիման վրա մի քանի հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ Մասնավորապես՝ 2022 թ․ մարտի 25-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ խաղաղ ակցիայի մասնակիցներին ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների, ինչպես նաև 2022 թ․ապրիլի 25-ից ՀՀ-ում մեկնարկած անհնազանդության ակցիաների ընթացքում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեպքերով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 9 հաղորդում է ներկայացրել,  որոնց հիման վրա 2 քրեական գործ է հարուցվել։ 

 

Կազմակերպությունը նաև ԶԼՄ 98 հրապարակումներում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակումներում արձանագրված խախտումների քննության ընթացքի վերաբերյալ հարցում ուղարկեց ՀՀ ոստիկանություն։ Ի պատասխան ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին տրամադրեցին 26 հրապարակման վերաբերյալ տեղեկություն (ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պատասխանն ամբողջությամբ տե´ս Հավելվածում), որոնցից միայն մեկի դեպքում է ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվել կարգապահական տույժ «Նկատողություն» ձևով։ 19-ի դեպքում ծառայողական քննությունը կասեցվել է մինչև քրեական վարույթի ավարտը, մեկ դեպքում պարեկային ծառայողի նկատմամբ տույժ չի կիրառվել «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, հինգ դեպքով ոստիկանության ծառայողների արարքներում կարգապահական բնույթի խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, մյուս 72 հրապարակումների վերաբերյալ իրականացվում են ուսումնասիրություններ՝ ծառայողական քննության հարցը լուծելու համար։

 

Ինչ վերաբերում է անհատական բնույթի խախտման դեպքերին, ապա դրանց  վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը կտրուկ նվազել է։ 2022 թ․անհատական բնույթի դեպքերից մեկը Ոստիկանության Արաբկիրի բաժնում քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի խոշտանգման դեպքն էր։  Հատկանշական է, որ ՀՀ քննչական կոմիտեն հարկ համարեց մեկնաբանություն հրապարակել դեպքը տեղի ունենալուց միայն 20 օր հետո։ Ավելին, համաձայն քննչական կոմիտեի  մեկնաբանության, դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և առերևույթ բռնություն գործադրելու հիմքով հանրային քրեական հետապնդում հարուցվեց Է․ Վանեսքեհյանի նկատմամբ, և տուժող ճանաչվեց հինգ ոստիկան։ Միաժամանակ Է․Վանեսքեհյանի նկատմամբ խոշտանգման վերաբերյալ նոյեմբերի 19-ին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա միայն 3 օր անց քրեական վարույթ նախաձեռնվեց։ Ավելին, 2022 թ․դեկտեմբերի 9-ի դրությամբ որևէ քննչական գործողություն կատարված չէր։ Դեպքին հանգամանալից անդրադարձել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ։

 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ոստիկանական համակարգը, չնայած հռչակված բարեփոխման ռազմավարության, փաստացի այդպես էլ արմատական փոփոխության չենթարկվեց, և ծառայողներն այդպես էլ խաղաղ հավաքների ազատության իրավունքի ապահովման հմտություններ ձեռք չբերեցին։ Ավելին, ոստիկանության ծառայողների գործողությունները, գլխավորապես պայմանավորված համակարգում անպատժելիության մթնոլորտով, ավելի ու ավելի կամայական ու հակաօրինական բնույթ են ստանում, իսկ իրավապահ համակարգի պարզաբանումներն ու մեկնաբանություններն ուղղված են պաշտոնատար անձանց և ծառայողներին արդարացնելուն, այլ ոչ թե օրենքը և արդարությունը պաշտպանելուն։

 

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետևողական է լինելու ԶԼՄ հրապարակումներում արձանագրված դեպքերի քննության ընթացքին։

 

Զեկույցի ամբողջական տարբերակը հայերեն՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 777

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????