Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Պարտադիր զինվորական ծառայության հատուկ ռեժիմից և զինված ուժերի փակ հաստատության կարգավիճակից ելնելով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը առանցքային է համարում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը եւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության իրականացումը, ինչը նաեւ բխում է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածից, որը սահմանում է, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:
Ինչպես ՀՔԱՎ-ի ուսումնասիրություններն են ցույց տվել, զինված ուժերում մարդու իրավունքների խախտումները սկսվում են զորակոչի գործընթացում, եւ հենց այդ փուլում է առաջանում վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ ուղղված զորակոչիկների իրավունքների պաշտպանությանը եւ խախտված իրավունքների վերականգնմանը:
Ուսումնասիրելով ոլորտին վերաբերող օրենսդրությունը, հաշվի առնելով զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, կուրսանտների, սպաների, զորացրված պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, վաղաժամ զորացրված պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների, մահացած զինծառայողի հարազատներին ՀՔԱՎ-ի կողմից 2008 թ․-ից տրամադրվող իրավական աջակցության տվյալները՝ անդրադառնում ենք նրանց հետ առնչվող մարմինների վարքագծին:
Համակարգված վիճակագրական տվյալներ առկա են 2010 թ․-ից սկսած: 2010-2019 թթ. ՀՔԱՎ դիմած վերոնշյալ խմբի ներկայացուցիչների խնդիրների վերաբերյալ վիճակագրական տվյալները ներկայացվել են «ՀՀ պետական մարմինների վարքագիծը զորակոչի գործընթացում» զեկույցում:
Տեղեկանքը ներառում է 2020 և 2021 թթ. (հուլիսի 31-ի դրությամբ) իրավական աջակցություն ստանալու նպատակով ՀՔԱՎ դիմած զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, կուրսանտների, սպաների, զորացրված (այդ թվում՝ վաղաժամ) պարտադիր ժամկետային, պայմանագրային զինծառայողների և սպաների (294 հոգի) իրավունքների պաշտպանության շրջանակում արձանագրված խնդիրները։
Տեղեկանքում ներկայացվում է զորակոչի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության և վերջինիս կազմի մեջ մտնող իրավասու ստորաբաժանումների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և տարածքային ստորաբաժանումների, բժշկական հանձնաժողովների, բուժհաստատությունների, կայազորային քննչական մարմինների, ՀՀ վարչական դատարանի, ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարքագծի, մոտեցումների վերաբերյալ տվյալները։
Փորձել ենք ներկայացնել այն խնդիրները, որոնց հետ առնչվել են քաղաքացիները: Առանձնացրել ենք նաև կորոնավիրուսային վարակի ժամանակահատվածում արձանագրված խնդիրները:
Տեղեկանքում ներկայացնում ենք նաև արձանագրված խնդիրների հիման վրա օրենսդրության և պրակտիկայի վերաբերյալ մեր առաջարկները։
Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ