Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատավոր Ս. Բաղդասարյանը ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստին չապահովելը վերագրում է դատարանի ծանրաբեռնվածությանը

October 11, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հովիկ Մատինյան | Նորություններ

2018 թ. հոկտեմբերի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց քննել մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործը:

 

Այս անգամ, ի տարբերություն նախորդ դատական նիստի, դատարանը կարողացել էր ապահովել Հովիկ Մատինյանի մասնակցությունը դատական նիստին, սակայն նիստը կրկին ուշացումով սկսվեց, այս անգամ՝ 20 րոպե:

 

Հիշեցնենք՝ 2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել: 

 

Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:

 

Նրա շահերը պաշտպանում են փաստաբան Արշակ Մկոյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

 

2018 թ. հոկտեմբերի 9-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը հետազոտեց գրավոր և իրեղեն ապացույցները, ապա լսեց ամբաստանյալի ցուցմունքը:

 

Գրավոր ապացույցներն ուսումնասիրելու ընթացքում ապացույցների վերաբերելիության առնչությամբ դիտարկումներ արեց պաշտպան Ա. Մկոյանը:

 

Ապացույցների հետազոտումից հետո դատարանը անցավ ամբաստանյալի հարցաքննությանը: Նրան նախ հարցաքննեց պաշտպանական կողմը, ապա  դատախազ Գուրգեն Սաֆարյանը հայտարարեց, որ ամբաստանյալին հարցեր ուղղելու համար իրեն ժամանակ է պետք և խնդրեց հետաձգել դատական նիստը:

 

Մինչ դատարանը կքննարկեր դատական նիստը հետաձգելու հարցը, պաշտպան Արշակ Մկոյանը հայտարարություն արեց դատարանի գործողությունների մասին: Հիշատակելով նախորդ դատական նիստերին ամբաստանյալի ներկայությունը չապահովելու դեպքերը՝ նա շեշտեց, որ դատարանը մի կողմից չի կարողանում պատշաճ ձևով ապահովել ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին, մյուս կողմից էլ մերժում է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունները:

 

Խափանման միջոցը փոխելու և Հովիկ Մատինյանին ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունները դատարանի կողմից դժկամությամբ ընդունելու և առանց հիմնավորումների մերժելու մասին փաստում է նաև Հ. Մատինյանի մյուս պաշտպան Անի Չատինյանը:

 

Նա նշում է, որ մեկ ապացույցի հիման վրա չի կարող մեղադրանք առաջադրվել ու առավել ևս՝ դատապարտվել. պետք է այլ ապացուցող հանգամանքներ ևս լինեն, ինչն այս դեպքում չկա: Գործի հիմքում միայն տուժողի ցուցմունքն է, որը ևս միանշանակ չէ: Եվ Հ. Մատինյանն այս պայմաններում շուրջ մեկ տարի անազատության մեջ է:

 

Հիշեցնենք, որ դատարանը մեկ ժամ ուշացումով սկսեց նախորդ դատական նիստն ու հայտարարեց, որ ամբաստանյալին հնարավոր չի եղել դատարան բերել, քանի որ նրա պնդմամբ՝ դատարանի գրությունը ՔԿՀ-ում չէին ստացել: Իսկ դրան նախորդած դատական նիստն էլ 1 ամսով հետաձգվեց առանց սկսվելու և դատավորի՝ դահլիճ ներկայանալու:

 

Հակառակ դատավոր Ս. Բաղդասարյանի՝ հոկտեմբերի 1-ի դատական նիստի ժամանակ արված հայտարարությանը, թե դատարանի գրությունը ՔԿՀ-ում դեռևս չեն ստացել, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի գրավոր հարցմանը «Վանաձոր» ՔԿՀ պետ Արտակ Հովհաննիսյանը 2018 թ. հոկտեմբերի 5-ին պատասխանել էր, որ հոկտեմբերի 1-ին նշանակված դատական նիստի համար Հովիկ Մատինյանին դատարան ներկայացնելու որևէ ծանուցում կամ գրություն դատարանից չի ստացել:

 

Դատարանում պաշտպանի հայտարարությանը դատավոր Ս. Բաղդասարյանը վրդովված արձագանքեց, թե բոլորն էլ շատ լավ գիտեն և պարտավոր են իմանալ, որ դատարանը ծանրաբեռնված է աշխատում, և դրանով պայմանավորված՝ հնարավոր են բացթողումներ ու թերացումներ:

 

Այսպիսով դատախազի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2018 թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին:

 

Տես նաև՝ Հանցանքի հետքով հաղորդաշարի անդրադարձը գործին

 

Դիտումներ՝ 2043

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????