Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Ամռանը գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանը առողջական ու հոգեբանական մի շարք խնդիրներով նորից զորակոչվել է։ Փաստացի նա մարմնի հինգ հատվածներում վիրավորում ունի։ Ըստ ՀՔԱՎ դիմած հոր խոսքերի, բացի նրանից, որ հոգեպես դեռևս չի վերականգնվել, նա նաև չի կարողանում երկար ժամանակ կանգնած մնալ, չի կարողանում ազատ շարժել ձեռքերը։
Չնայած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրությունից հետո Ն․ Սիրունյանին հետազոտության են ենթարկել, բայց առողջական որևէ խնդիր չեն լուծել, կրկին տեղափոխել են զորամաս, և շարունակում է զինծառայության մեջ գտնվել չլուծված առողջական խնդիրներով հանդերձ։
Նարեկ Սիրունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսին, մասնակցել սեպտեմբերին սկսված պատերազմին և բազմաթիվ վիրավորումներով գերեվարվել է նոյեմբերի վերջին։ Գերությունից վերադարձել է 2021 թ․ հունիսին, և դեկտեմբերին կրկին զորակոչել են։
Հոր ահազանգից հետո ՀՔԱՎ-ը 2021 թ․ դեկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ն․ Սիրունյանի ֆիզիկական և հոգեբանական արդյունավետ վերականգնումն ապահովելու հարցով։ ՀՔԱՎ-ը նաև տեղեկություններ է հայցել այն մասին, թե մինչ այդ պահը` ինչ բուժում և հոգեբանական աջակցություն է ստացել նախկին զինծառայողը։
ՊՆ-ից հայտնել են, որ մինչ կրկին զորակոչվելը՝ նա անցել է հոգեթերապիա, ապա ստացել 15-օրյա արձակուրդ, և պնդել են, որ զինծառայության մեջ էլ նա գտնվում է սպա-հոգեբանի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ֆիզիկական առողջությանը՝ ՊՆ-ից հայտնել են, որ այդ մասով հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման անհրաժեշտություն չեն տեսել։
Այս պատասխանն ստանալուց հետո ՀՔԱՎ-ը երկրորդ անգամ է դիմել Պաշտպանության նախարարին։ Երկրորդ գրության մեջ ևս շեշտել ենք, որ Ն․ Սիրունյանը շարունակում է գանգատվել ֆիզիկական և հոգեբանական խնդիրներից, և ակնհայտ է, որ իրականացված գործողությունները լիարժեք ու թիրախային չեն եղել։ ՊՆ-ից դեռևս պատասխան չենք ստացել։
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս խնդիրները համատարած են․ պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու Կառավարության ծրագրով իրականացված միջոցառումների ծավալը բավարար չէ, իսկ արդյունքները հեռու են ծրագրի հռչակած նպատակներից։
Այս մոտեցումը չի համապատասխանում նաև Զինված ուժերի բարեփոխումներին ու զարգացմանն ուղղված՝ Կառավարության հռչակած առաջնահերթություններին։
Ի վերջո, ինչքանո՞վ կարելի է արդյունավետ համարել պատերազմի և գերության հետևանքով առողջական, հոգեբանական խնդիրներ ունեցող մարդու կողմից զինվորական պարտականությունների կատարումը։ Արդյո՞ք պետության այս վերաբերմունքը կարող է համարվել հարգանքի ու պատասխանատվության դրսևորում նրա մարդկային արժանապատվության նկատմամբ։