Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոյեմբերի 2: Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառումը կարող է լուրջ էկոլոգիական վտանգ առաջացնել ոչ միայն Արցախում, այլև տարածաշրջանում

November 2, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Ստեփանակերտում պարբերաբար հնչել է օդային տագնապ՝ ադրբեջանական օդուժի` Ստեփանակերտի երկնքում հայտնելով պայմանավորված։ Ադրբեջանական զինուժը պարբերաբար հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերը։ Ռմբակոծության են ենթարկվել Մարտունին և Մարտակերտը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի՝ հերթական անգամ այստեղ կիրառվել է ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառել խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանական զինուժը  ողջ գիշերը կրակի տակ է պահել նաև Շուշին։

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այս ամենը: Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝ բացառիկ ցինիզմով ու ատելություն բորբոքելու մտադրությամբ։  ՄԻՊ-ի աշխատակազմն այս ամենը փաստագրել է և սահմանված կարգով կներկայացնի միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից գերեվարված 84-ամյա քաղաքացիական անձի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին: Տարեց տղամարդու դին Հայաստան է տեղափոխվել Կարմիր խաչի աջակցությամբ՝ Վրաստանի տարածքով:

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ԱՀ/ԼՂ-ի Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարի ֆեյսբուքյան գրառումը, որում ասվում է. «Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»։

 

Արցախի/ԼՂ ՄԻՊ-ը տեղեկապատկեր է հրապարակել՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում վնասված բազմաթիվ դպրոցների ու մանկապարտեզների մասին: Արցախի երեխաները 100% -ով զրկված են կրթության իրավունքից: Ըստ այդմ՝ 58 մանկապարտեզներից 10-ը վնասվել է, 220 դպրոցներից՝ 61-ը: 23978 դպրոցական  և 4036 նախադպրոցական տարիքի երեխաներ 100% -ով զրկվել են կրթության իրավունքից: 

 

Ավելի վաղ ԱՀ/ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ, ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին, որոնք ամփոփված են Պաշտպանի զեկույցներում: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ չնայած տեղում զգալի աշխատանք է տարվում հումանիտար աղետի վերաբերյալ փաստերի հավաքագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ կարևոր է միջազգային գործընկերների, խորհրդարանական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու համար:

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ: Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունը ԱՀ/ԼՂ-ի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր: Լայնամասշտաբ օդային կրակահերթը հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտման: Կարևոր է նշել, որ այս տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սև և սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը և ոչ միայն: Այդ կանխատեսված հարձակումները ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներ շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով:


Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործության մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության և կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները: Այդ պարտավորությունն այսօր առավել արդիական է, քանի օրեցօր ադրբեջանական զինուժն ընդարձակում է հարձակումների ծավալները և ի լրումն Արցախի դեմ կիրառվող զինտեխնիկայի ավելացնում է նոր, ավելի վտանգավոր զինատեսակներ՝ դրանով իսկ մեծացնելով հումանիտար և բնապահպանական աղետի անդառնալիությունը, վտանգավորության աստիճանը և ծավալները:

 

Մենք Ձեզ կոչ ենք անում վճռական գործողությունների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվին ստիպելու դադարեցնել ագրեսիան և ռազմական հանցագործությունները:

 

Կոչ ենք անում Ձեր կազմակերպություններին ստանձնել պատասխանատվություն պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը՝ կանխելու հնարավոր էկոցիդը (պատերազմների ժամանակ հաճախ ադրբեջանական զինուժն էկոհամակարգն է թիրախ դարձնում և ոչնչացնում կանխամտածված կերպով) ԱՀ/ԼՂ-ի տարածքում:

 

Էկոլոգիական հանրային նախաձեռնությունը տեղեկացրել է, որ Հայաստանի և արտերկրի 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից: Հայտարարության հասցեատեր միջազգային կառույցների և ազդեցիկ բնապահպանների ցանկում են Բնության պահպանության միջազգային միավորումը (սահմանում է կենդանիների Կարմիր գիրքը), Գրետա Թունբերգը, Բրիջիդ Բարդոյի հիմնադրամը, Կենդանիների փրկարար միջազգային կազմակերպությունը, Լենոարդո Դի Կապրիոյի հիմնադրամը և այլ հեղինակավոր կառույցներ։

 

Հայտարարության միջոցով կազմակերպությունները կոչ են անում համարժեք արձագանք տալ և ներդնել բոլոր ջանքերը՝ որպես համաշխարհային բնական ժառանգություն պաշտպանելու Արցախի արժեքավոր էկոհամակարգը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսները սպառնացող էկոցիդից։ Կառույցները հիշեցնում են՝ բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի ճանաչում, և սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում կարող է հանգեցնել բնապահպանական աղետի ողջ տարածաշրջանում։

 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը: Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից 2020 թ. հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնության չկատարման և Ադրբեջանի զինված ուժերի կողմից կլաստերային և հրկիզող զինատեսակների` խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ օգտագործման մասին: Դատարանին են տրամադրվել ԱՀ/ԼՂ-ի Մարտունի, Մարտակերտ, Շուշի, Մատաղիս, Ասկերան բնակավայրերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ֆոտո և վիդեո ապացույցներ: Ավելին՝ ներկայացվել են նաև հավաստի ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավվելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ: Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերի խախտումների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 քաղաքացիական անձ զոհվել է, ևս 2-ը` վիրավորվել:

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները՝ Ադրբեջանը թիրախավորել է ԱՀ/ԼՂ-ի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզ է դարձել, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել ևս 1 քաղաքացի:


Առ այսօր Ադրբեջանի զինուժի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել առնվազն 142 քաղաքացիական անձ:


Այսպիսով՝ մինչ օրս  ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 49 խաղաղ բնակիչ. 46-ը՝ ԱՀ/ԼՂ-ում,  3-ը՝ ՀՀ-ում:

 

Դիտումներ՝ 573

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????