Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ն ստանձնել է իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունը

July 9, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Հայաստանում բնակվող ազգությամբ եզդի քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելու համար իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է ազգային թշնամանք հրահրելու մեջ։ Մինչդեռ՝ նա պարզապես իրավապաշտպանի՝ իր գործն է արել։ Փորձ է արվում խոչընդոտել նրա իրավապաշտպան գործունեությունը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է  իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունը։ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում նրա իրավունքները պաշտպանում են ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։

 

ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ․-ի հոկտեմբերի 3-ին Սաշիկ Սուլթանյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար, որոնք կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։ 

 

Այս ամենի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է yezidinews.com կայքի աշխատակից Ֆարըս Մշկոյի հետ։ Զրույցի ընթացքում նա մտահոգություն է հայտնել ՀՀ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչների որոշ խնդիրների մասին։ Սաշիկ Սուլթանյանը և Ֆարըս Մշկոն քննարկել են Հայաստանում եզդիների ու հայերի համակեցության պայմանները, եզդիների՝ որպես ազգային փոքրամասնության խնդիրները, տարիների ընթացքում այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետությունն ու առկա մարտահրավերները։ 

 

Եզդիերենով այս զրույցը թարգմանել է կանխակալ վերաբերմունք ունեցող անձ, որն անգամ թարգմանչի հավաստագիր չունի․ արդյունքում ստացվել է ոչ ճշգրիտ թարգմանություն, որն էլ դարձել է շահարկումների առիթ։ Իրականում Սաշիկ Սուլթանյանն իր արծարծած բոլոր խնդիրները հիմնավորել է փաստերով ու օրինակներով, ընդ որում՝ այս զրույցում ևս շեշտել է ՀՀ-ում ազգությամբ հայ և եզդի քաղաքացիների բարեկամության մասին։ Մինչդեռ թարգմանության արդյունքում զրույցի տրամաբանությունը խեղաթյուրվել է և ներկայացվել բացասական համատեքստում։ 

 

Փաստացի նրան մեղադրում են ՀՀ-ում եզդի համայնքի ներկայացուցիչների խնդիրները բարձրաձայնելու, այսինքն՝ իր իրավապաշտպանական գործունեությունն իրականացնելու մեջ։ Եվ վարույթն իրականացնողները, և գործի մյուս մասնակիցները շատ լավ հասկանում են, որ նրա գործողություններում քրեորեն հետապնդելի արարք չկա, և այդ հոդվածի հետ նրա գործողությունները որևէ կապ չունեն։ 

 

Գործ ունենք իրավապաշտպան գործունեության խոչընդոտման հետ, որն ուղղակի անթույլատրելի է, և նման յուրաքանչյուր դեպք պետք է կանխվի ու բացառվի։ 

 

Սաշիկ Սուլթանյանն ու գործընկերները 2018-ին հիմնադրել են «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը», ապա նաև  xirat.com եզդիական մեդիապլատֆորմը, որոնք ուղղված են ինչպես Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, խտրականության բացառմանը, այնպես էլ ՀՀ-ում ազգությամբ հայ և եզդի քաղաքացիների համեկցության զարգացմանը։ Ինքը՝ Սաշիկ Սուլթանյանը ևս իր հանրային ելույթներում մշտապես խոսել է հայ-եզդիական բարեկամության ու լավ հարաբերությունների մասին, և նրան մեղադրել ազգային թշնամանք հրահրելու մեջ, մեղմ ասած՝ անթույլատրելի ու անհեթեթ է։

 

Առաջադրված մեղադրանքն առավել քան անհիմն է և կեղծ։

 

Այս հիմնավորումներով ՀՔԱՎ փաստաբանները միջնորդություններ են ներկայացրել` ինչպես քրեական հետապնդումը դադարեցնելու, գործը կարճելու, այնպես էլ քննիչին բացարկ հայտնելու վերաբերյալ։

 

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ խտրականության բացառմանն ուղղված իրավապաշտպան գործունեության խոչընդոտման այս գործը հերթական հարվածն է ՀՀ-ում արդարադատությանն ու առանց այն էլ սասանված ժողովրդավարությանը։

 

Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններով պարտավոր է բացառել ազգային փոքրամասնությունների և նրանց ներկայացուցիչների նկատմամբ խտրականության դեպքերը։

 

Տվյալ դեպքում խոչընդոտվում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության բացառմանն ուղղված իրավապաշտպան գործունեությունը՝ բացահայտ անհիմն ու կեղծ մեղադրանքով։

 

ՀՔԱՎ-ը հետամուտ է լինելու այս ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելուն, արդարացի քննության իրականացմանը ու իր առաքելությանը հավատարիմ՝  նպաստելու է Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պաշտպանությանն ու իրավապաշտպանության ինստիտուտի անխափան գործունեության ձևավորմանը։ 

 

Նշենք, որ ՀՔԱՎ-ն ավելի վաղ քաղաքացիական կազմակերպությունների համատեղ հայտարարություն է նախաձեռնել՝ ի պաշտպանություն Սաշիկ Սուլթանյանի։ Այս դեպքը արձագանք է գտել նաև միջազգային հանրության շրջանում։ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Հայաստանում իրավապաշտպանների դեմ շարունակվող հետապնդումների շուրջ իր մտահոգությունն է հայտնել նաև Մարդու իրավունքների տուն հիմնադրամը։

 

Դիտումներ՝ 1238

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????