Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը քրեական գործ հարուցելու պահանջով դիմել է գլխավոր դատախազին՝ կնոջ նկատմամբ բռնություններ կիրառելու և հոգեբուժարանում անհիմն պահելու համար

April 10, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

2018 թվականին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Սոնյա Սարգսյանի որդու և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունենում: Արդյունքում՝ հարուցվում քրեական գործ և նրա որդուն կալանավորում են՝ 2 տարի 6 ամսով: Սոնյա Սարգսյանի խոսքերով՝ որդին ունի հոգեկան խնդիրներ, 2 անգամ ինքնասպանության փորձ է կատարել և այդ հիմքով ազատվել զինծառայությունից: Անհանգստանալով, որ կալանքի վայրում ևս որդին հնարավոր է կյանքի նկատմամբ ոտնձգություններ կատարի, գործը վերանայելու նպատակով 2020 թ. մարտի 24-ին, անտեսելով արտակարգ դրության ռեժիմն ու հայտարարված կարանտինը, Սոնյա Սարգսյանը ճարահատյալ գնում է ՀՀ գլխավոր դատախազություն: Տիկին Սոնյան ասում է, որ բազմիցս դիմել է Լոռու մարզի նախկին դատախազին, ով  մերժել է՝ ասելով, որ այդ հարցով իրեն այլևս չդիմի: Նա մերժում է ստացել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից:

 

«Դատախազությունում ասեցի՝ կամ նամակներիս պատասխաններն ուղարկե՛ք, կամ էլ իմ նամակը վերցրե՛ք: Մոտեցան 2-3 ոստիկան ու մի կին, հարցրին՝ որտեղի՞ց եք, ասեցի՝ Սպիտակ քաղաքից: Ասեցին՝ պատվերով համերգ ա՞, որ եկել եք, գնացե՛ք, հետո կգա՛ք»:   

    

Հուսահատված կինը, տեսնելով, որ անտեսված է բոլոր ատյանների կողմից, դատախազության մոտ ինքնահրկիզման փորձ է կատարում: Դատախազության աշխատակիցները վիրավորանքներ են հասցնում 57-ամյա կնոջը, նրա նկատմամբ կիրառում ֆիզիկական ուժ, ապա ոստիկանություն կանչում։ Ֆիզիկական և հոգեբանական բռնությունները տիկին Սոնյայի նկատմամբ շարունակվում են Երևանի Կենտրոնի ոստիկանությունում: Իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի արժանացած Սոնյա Սարգսյանի խնդրին արդեն անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակման մեջ :

 

«Ինձ փակել էին մի սենյակում՝ առանց որևէ բացատրության: Իրենք իրենց համար հեռախոսով խոսում էին, կամպյուտրներով խաղ էին խաղում, սոված-ծարավ ոստիկանությունում մնացել եմ 7 ժամից ավելի: Ոստիկաններից մեկին ասեցի՝ դուք իրավունք ունե՞ք 3 ժամից ավելի ինձ ստեղ պահեք, ես ի՞նչ հանցանք եմ գործել, որ ինձ սահմանափակել եք էս սենյակում: Ասեց՝ արի քեզ տանեմ մի ուրիշ ոստիկանի մոտ: 3-րդ հարկից հանում էին 4-րդ հարկ, 4-րդ հարկից իջացնում  3-րդ հարկ: Մի ուրիշ ոստիկանի հարցրի՝ ի՞նչ իրավունքով եք ինձ այստեղ պահում, ասեց՝ ես ոստիկան եմ, ինչ ուզենամ, կանեմ: Ուզենամ՝ էսօր կպահեմ քեզ ստեղ»,-հիշում է տիկին Սոնյան: 

 

Կնոջ խոսքերով՝ այս ամենը հնարավոր է ապացուցել, քանի որ ոստիկանության տեսախցիկներն արձանագրել են ամեն ինչ:

 

Շուրջ  8 ժամ հարկադրաբար պահելուց հետո, ոստիկանները տիկին Սոնյային խաբել են՝ թե դատախազությունը գրություն կուղարկի իր գործով: Այնուհետև եկել է կապույտ համազգեստով 2 անձ՝ առանց որևէ նույնականացման նշանների, առանց ներկայանալու՝ ովքեր են և հետաքրքրվել, թե ինչու՞ է տիկին Սոնյան նեղացել ոստիկաններից: Նա դարձյալ դժգոհել է, թե ի՞նչ հիմքով են ոստիկանները մի քանի ժամ շարունակ ապօրինի իրեն պահել ոստիկանությունում: «Ինձ ասեցին՝ հմի  նենց տեղ կտանենք, որ դու այլևս ետ չես գա»,-պատմում է Սոնյա Սարգսյանը: 

 

Ոստիկանությունից տիկին Սոնյային բռնի ուժով տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն.«Ինձ քարշ տալով, ծեծելով, հրելով 10 ոստիկան՝ 2 բժշկի հետ տարան: Ասին՝ տանում ենք մի հատ բժշկի հետ խոսաս ու ետ գաս: Մարտի 25-ին՝ ժամը 17-ի կողմերն, ինձ տարել են հոգեբուժարան, մի 50 հոգու մեջ՝ տարբեր հոգեկան խնդիրներով մարդկանց ու դուռը վրաս փակել: Ինձ 10 օր ապօրինի պահել են այդտեղ»:

 

Հոգեբուժարանում սկզբում ագրեսիվ կերպով են վերաբերվել 57-ամյա կնոջը՝ կարծելով որ հոգեկան խնդիրներ ունի: Գլխավոր բժիշկն ու բաժնի վարիչն առաջին 2 օրը դեղեր են տվել՝ իբր նրա վիճակը կայունացնելու նպատակով, հետո տիկին Սոնյան հրաժարվել է դրանք ընդունելուց՝ պատճառաբանելով, որ ինքնազգացողությունը դրանցից վատանում է:

         

Միջադեպի մասին 2020 թ. մարտի 28-ին Սոնյա Սարգսյանի հարսը՝ Էմմա Մագոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ  դիմում է ներկայացրել և պատմել ողջ եղելությունը: Գրասենյակին հասցեագրված դիմումում Էմմա Մագոյանը խնդրել է ստանձնել գլխավոր դատախազությունում և ոստիկանությունում բռնության ենթարկված, այնուհետև անհիմն կերպով «Ավան» հոգեբուժարանում հայտնված ու 10 օր պահված սկեսրոջ՝ Ս. Սարգսյանի խախտված իրավունքների պաշտպանությունը։

 

Հետամուտ լինելով քաղաքացու դիմումին, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178, 180, 181, 182-րդ հոդվածներով սահմանված դրույթները՝ ՀՔԱՎ գրասենյակը մարտի 31-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ փաստական այս հանգամանքների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: 

 

Գլխավոր դատախազից ՀՔԱՎ գրասենյակն ակնկալում է լրիվ, բազմակողմանի և պատշաճ քննության ապահովում՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Սոնյա Սարգսյանի նկատմամբ բռնություն կիրառած իրավասու անձանց բացահայտում, ինչպես նաև գործի բոլոր հանգամանքները պարզելու միջոցով՝ մեղավորներին համապատասխան պատասխանատվության ենթարկելուն ուղղված քայլեր:

 

Նույն օրվա մեկ այլ գրությամբ՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, գրասենյակը պարզաբանումներ է խնդրել նախարարից՝ թե ե՞րբ և ի՞նչ պատճառաբանությամբ են ոստիկանները տիկին Սոնյային տեղափոխել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և  ի՞նչ հիմնավորմամբ է նա 10 օր շարունակ հարկադրաբար պահվել այնտեղ։ Բացի սրանից՝ ՀՔԱՎ գրասենյակն առողջապահության նախարարից խնդրել է տրամադրել նաև կնոջը հոգեկան առողջության կենտրոնում պահելու բոլոր իրավական հիմքերն ու  նրա գործին վերաբերվող բոլոր փաստաթղթերի պատճենները։

 

Ապրիլին 3-ին Սոնյա Սարգսյանը դուրս է եկել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից: Երախտագիտություն հայտնելով ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարությանն ու ողջ աշխատակազմին՝ ասում է, որ գրասենյակի գործունեությանը քաջատեղյակ էր վաղուց՝ որդու զինծառայությունից ազատվելու հարցում իրավական աջակցության բերումով: Այս անգամ էլ էր համոզված, որ Հելսինկյանն աջակցելու է. «Եթե Հելսինկյան գրասենյակն ինձ ձեռք չմեկներ, ես  կալանավորվածի նման էի: Թե բանտում մի կոֆե թույլատրում են,  հոգեբուժարանում բացարձակ ոչինչ չէին ընդունում: Շնորհակալ եմ Հելսինկյանի անձնակազմին, որ ինձ օգնեցին, անմիջապես արձագանքեցին: Զանգեցին ընդեղ, իմ հեռախոսին, խոսացել ենք, պատմել եմ: Իրանց շնորհիվ ես 10 օրից դուրս եմ եկել այս նեղ պայմաններից ու վերադարձել Սպիտակ»

 

2020 թվականի ապրիլի 1-ի պատասխան գրությամբ գլխավոր դատախազությունը ՀՔԱՎ գրությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար: 

 

Ինչ վերաբերվում է առողջապահության նախարարին, ապրիլի 7-ին  նախարարությունից ՀՔԱՎ գրասենյակին պատասխանել են, որ հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել գրասենյակին: Դրանք օրենքով սահմանված կարգով կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Դիտումներ՝ 898

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????