Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից վատ վերաբեմունքից զերծ մնալու իրավունքի խախտման գործերի քննության արդյունավետությունն` ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պրակտիկայի

November 29, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է խոշտանգումներից տուժած անձանց տրամադրած իրավական աջակցության հիման վրա պետական մարմինների[1] արձագանքի և գործերի քննության արդյունավետության վերաբերյալ վերլուծություն՝ ՀՀ-ում ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վտանգման համատեքստում։

 

Այսպես՝ 2016-2021 թթ․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 43 անձ, ովքեր ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ենթարկվել են ապօրինի հետապնդումների, ճնշումների, խոշտանգումների։ Կազմակերպությունը իրավական աջակցության շրջանակներում հանցագործության մասին 43 հաղորդումներ է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ներկայացված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերով մինչ օրս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 7 գործի վարույթ կասեցված է՝ որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ 36 գործերի վերաբերյալ կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ։ Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ մինչ օրս (2021 թ․ սեպտեմբերի դրությամբ) ՀՀ որևիցե պաշտոնատար անձ խոշտանգման հոդվածով քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

 

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի բնագավառում պետության ջանքերում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել նաև հեղափոխությունից հետո։ Ավելին՝ հստակ է, որ խոշտանգման վերաբերյալ ահազանգերով զբաղվող քննչական մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը, դադարեցնելու է գործունեությունը։ Այսպիսով՝ խոշտանգման վերաբերյալ ահազանգերով զբաղվող անկախ քննչական մարմինը այլևս չի գործելու, որը ակնհայտ հետընթաց է վերցրած պարտավորություններից՝ այն է, որ պետք է դրանով զբաղվի ինստիտուցիոնալ մարմին։

 

ՀՀ ստանձնած պարտավորությունները ապահովելու բացարձակ իրավունքը

 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»։

 

Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

 

Վերոնշյալ հոդվածների համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․

 

  • Հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի բացարձակ բնույթը՝ դատարանը չի բացառում, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ վտանգը բխում է անձանց կամ անձանց խմբերի կողմից, որոնք պետական ​​պաշտոնյաներ չեն[2],

  • Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը` կապակցված Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածով պետությունների ընդհանուր պարտավորության հետ` «յուրաքանչյուրի համար իրենց իրավազորության ներքո ապահովելու կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատությունները», պահանջում է պետություններին ձեռնարկել միջոցներ՝ երաշխավորելու, որ իրենց իրավազորության ներքո գտնվող անձինք չենթարկվեն վատ վերաբերմունքի, ներառյալ՝ մասնավոր անձանց կողմից դրսևորած վատ վերաբերմունքը։ Մասնավոր անձանց կողմից դրսևորած վերաբերմունքի առումով դատարանը պարբերաբար դիրքորոշում է հայտնել, որ 3-րդ հոդվածը կիրառելի է դիտավորյալ վատ վերաբերմունք ներառող գործերում, (․․․) որը ենթադրում է վարքագիծ՝ ունակ տուժողի մոտ առաջացնելու նսեմացման կամ նվաստացման զգացումներ։[3]

 

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար»։

 

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ՝ նաև Միջազգային դաշնագիր) 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

 

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ Միջազգային դաշնագրով խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքը կիրառելի է անկախ այն հանգամանքից, թե գործողությունները կատարվել են «պաշտոնատար անձանց» կամ «պետության անունից հանդես եկող այլ անձանց» կամ «մասնավոր անձանց կողմից» կամ «խրախուսելով, պատվիրելով, հանդուրժելով կամ արգելված գործողություններ կատարելով»[4]: Այսինքն՝ վատ վերաբերմունքի արգելքը պետության ներկայացուցիչների համար միայն չի սահմանում դրանում  չներգրավվելու նեգատիվ պարտավորություն։ Պետությունն ունի նաև իր իրավազորության ներքո գտնվող անհատներին մասնավոր անձանց գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտավորություններ։[5]

 

Բացի դրանից՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ անձի նկատմամբ, ով զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի սեփական վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում է [6]։ Դատարանը, զարգացնելով նշված միտքը, նույն որոշման 105-րդ կետում վերահաստատել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք արձանագրելու համար կարող է բավարար լինել այն, որ զոհը նվաստացվել է իր սեփական աչքերում:

 

ՀՔԱՎ-ը, մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ քաղաքացի-ՀՀ ոստիկանության փոխհարաբերությունը, վերջին շրջանում արձանագրում է, որ ՀՀ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, իսկ դրա վերաբերյալ հանցագործությունների մասին հաղորդումների քննությունը արդյունավետ չի իրականացվում։[8]

 

ՀՔԱՎ-ի իրավաբանների վարույթում գտնվող Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի իրավունքների պաշտպանության նպատակով նախաձեռնված գործով ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/0172/11/17 վճռով արձանագրել է, որ ստորադաս դատարանները խախտել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 17-րդ հոդվածները, որոնք էականորեն կարող էին ազդել գործի ելքի վրա: Առաջնորդվելով ՄԻԵԴ–ի դիրքորոշումներով, մասնավորապես՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, այն է՝ արդյունավետ քննության իրավունքի մասով, դատարանը նկատել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերում գործի արդյունավետ քննության իրականացումը պետության պոզիտիվ պարտավորությունն է: Նման բողոքները պետք է քննվեն ամենայն մանրամասնությամբ, իրավասու ատյաններն էլ՝ ձեռնարկեն բոլոր միջոցները՝ միջադեպին առնչվող ապացույցներ հավաքելու ուղղությամբ, ինչը տվյալ դեպքում չի արվել:

 

Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրականության շրջանակներում կարևորել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթը, հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել «խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվել» ու «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքերում տարվող քննության արդյունավետության չափանիշի մասին:

 

Ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի, որին իրավական աջակցություն տրամադրում են ՀՔԱՎ գրասենյակի իրավաբանները,  հանցագործության մասին հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ խոշտանգման փաստի շուրջ քննությունը արդյունավետ չի եղել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը խոշտանգման ենթադրյալ զոհի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն չի նշանակել՝ պարզելու համար խոշտանգման առկայությունը կամ բացակայությունը։

 

ՄԻԵԴ-ը սահմանել է գլխավոր սկզբունքները[7], որոնք ցույց են տալիս, որ պետության գործակալների կողմից խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելումը, մասնավորապես, գործնականում անարդյունավետ կլինի, եթե գոյություն չունենա նրանց կողմից վերահսկվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները հետաքննելու բավարար ընթացակարգ։

 

Այսպիսով՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված պետության ընդհանուր պարտականության տեսանկյունից՝ «ապահովելու իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները», 3-րդ հոդվածի դրույթներով, ըստ էության, պահանջվում է արդյունավետ պաշտոնական հետաքննության որևէ ձև, եթե անհատը կատարում է արժանահավատ պնդում, որ ինքը տուժել է 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքից՝ գտնվելով, inter alia, ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո։

 

  1. այդպիսի հետաքննության հիմնական նպատակն է երաշխավորել ներպետական իրավունքների արդյունավետ կիրառումը, որոնք արգելում են խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը այն դեպքերում, որոնցում ներառված են պետության գործակալները և մարմինները, և երաշխավորելու վերջինների հաշվետողականությունն իրենց պատասխանատվության ներքո տեղի ունեցող վատ վերաբերմունքի համար։

  2. ընդհանուր առմամբ, որպեսզի հետաքննությունը լինի արդյունավետ, այն իրականացնելու համար պատասխանատու հաստատությունները և անձինք պետք է լինեն հետազոտության թիրախ հանդիսացող անձանցից անկախ։ Սա նշանակում է ոչ միայն որևէ ստորակարգային կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլև գործնական անկախություն։

  3. ցանկացած ձևի կիրառման դեպքում իշխանությունները պետք է գործեն իրենց սեփական միջնորդությամբ։ Բացի դրանից՝ արդյունավետ լինելու համար հետաքննությունը պետք է հանգեցնի պատասխանատուների հայտնաբերմանը և պատժին։ Այն նաև պետք է լինի բավարար ընդգրկուն՝ հնարավորություն տալու հետաքննող մարմիններին հաշվի առնել ոչ միայն պետության գործակալների գործողությունները, ովքեր ուղղակիորեն ուժ են կիրառել, այլև հարակից բոլոր հանգամանքները։

  1. թեև սա ոչ թե արդյունքների հասնելու, այլ կիրառվելիք միջոցների հետ կապված պարտավորություն է՝ հետաքննության ցանկացած թերություն, որը վտանգում է վնասվածքների պատճառը պարզելու կամ պատասխանատուներին հայտնաբերելու հետաքննության կարողությունը, կարող է հանգեցնել արդյունավետության պատշաճ մակարդակի խաթարմանը։

  2. արագության և ողջամիտ ժամկետների պահանջը ենթադրվում է այս համատեքստում։ Թեև կարող են առկա լինել կոնկրետ իրավիճակում հետաքննության առաջընթացին խանգարող խոչընդոտներ կամ դժվարություններ՝ վատ վերաբերմունքի մասին պնդումները հետաքննող մարմինների արագ արձագանքը, ընդհանուր առմամբ, համարվում է կարևոր՝ հանրության վստահության պահպանման և իրավունքի գերակայությանն իշխանության հավատարմության ու ապօրինի գործողություններում գաղտնի համաձայնության որևէ դրսևորում կամ դրանց նկատմամբ հանդուրժողությունը կանխարգելելու առումով։

  3. զոհը պետք է կարողանա արդյունավետորեն մասնակցել հետաքննությանը։

  4. ի վերջո, հետաքննությունը պետք է լինի հանգամանալի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է միշտ լրջորեն փորձեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ փակելու իրենց հետաքննությունը։

 

Պետության կողմից վատ վերաբերմունքի գործերով նախաձեռնված ջանքերի ոչ արդյունավետ լինելու մասին

 

ՀՔԱՎ իրավաբանները վատ վերաբերմունքի դեպքերով քրեական գործ հարուցվելուց հետո ձեռնամուխ են լինում քննությունն արդյունավետ դարձնելու նպատակով վարույթ  իրականացնող մարմնին միջնորդություններ ներկայացնելու գործին։ Վատ վերաբերմունքի դեպքերով գրեթե միշտ վարույթն իրականացնող մարմնին ներկայացվում են դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություններ։ Որպես կանոն՝ բոլոր քննիչները նշված միջնորդությունները մերժում են՝ դրա անհրաժեշտության կամ քրեական գործում նման ելակետային տվյալների բացակայության պատճառաբանությամբ։

 

Միայն մեկ գործով է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը բավարարել մեր ներկայացրած միջնորդությունը՝ վատ վերաբերմունքի զոհի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին։ Իրականացված փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքերի և տուժողի ապրումների միջև արձանագրվել է համընկնում։ Վերը նկայակոչված Արթուր Քոչարյանի, Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի գործերով ևս մի քանի անգամ ներկայացվել են հոգեբանական փորձաննություն նշանակելու մասին միջնորդություններ, որոնք հիմնավորվել են թե գործով տուժողների հոգեվիճաով և թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով։

 

Բոլոր գործերով, այդ թվում՝ թվարկված երկու գործով մերժվել է փորձաքննության իրականացումը, ինչը հանգեցրել է այս գործերով ոչ արդյունավետ քննության։

 

Այս համատեքստում արձանագրում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ ջանքեր չի գործադրում վատ վերաբերմունքի դեպքերը բացահայտելու ուղղությամբ, չի օգտագորրծում բոլոր հնարավոր ռեսուրսները և լծակները՝ վատ վերաբերմունքի դեպքը բացահակտու ուղղությամբ։ Քննիչների կողմից նման մոտեցումը վկայում է խոշտանգման դեպքերով քննություն իրականացնելու ուղղությամբ ջանքերի ոչ պատշաճ գործադրման մասին։ Նկատենք՝ ինչպես վերևում նշել ենք, որ Արթուր Քոչարյանի գործով դատարանն այնուամենայնիվ անձանագրել է, որ հոգեբանական փորձաքննություն չնշանակելու պայմաններում չենք կարող ասել, որ իրականացվել է արդյունավետ քննություն։ Պետք է նաև նշել, որ դատարանի որոշումից հետո վարույթն իրականացնող մարմինը մեր իսկ ներկայացրած հարցերի շրջանակներում նշանակել է փորձաքննությունը, ինչը այս պահին կատարվում է։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է արձանագրել, որ խոշտանգումների դեմ պատշաճ պայքար չի տարվում, խոշտանգում իրականացրած պաշտոնատար անձինք շարունակում են անպատիժ մնալ։ Խոշտանգման քրեականացումից ի վեր՝ 2015 թ. հունիսի 9-ից մինչ օրս, 309.1 (Խոշտանգում) հոդվածի հատկանիշներով մեղադրական դատավճիռ չի կայացվել:

 

Այսպիսով՝ արձանագրում ենք, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում խոշտանգման գործերով համատարած անպատժելիության մթնոլորտ է տիրում, խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող և վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը շարունակելու է խախտվել։ Պատժիչ մեխանիզմների առկայությունը կարող է զսպող օղակ լինել պաշտոնատար անձանց համար՝ հարգելու մարդու իրավունքներն ու ազատությունները և վերացնել անպատժելիությունը։  

 

——————

[1] ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ընհանուր իրավասության, վերաքննիչ քրեական և վճռաբեկ դատարաններ։

[2] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` H.L.R. v. France գործով 1997 թվականի ապրիլի 27-ի վճիռը, գանգատ թիվ 24573/94, կետ 40:

[3] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nicolae Virgiliu Tanase v. Romania գործով 2019 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 41720/13, կետեր 115 և 119։

[4]  Տե՛ս HRC, General Comment No. 20, 1992, կետ 13։

[5]  Տե՛ս HRC, General Comment No. 31, “Nature of the General Legal Obligation Imposed on States Parties to the Covenant”, UN Doc. CCPR/C/21/Rev.1/Add.13 (26 May 2004), կետ 8։

[6] ԲՈՒԻԴՆ ընդդեմ ԲԵԼԳԻԱՅԻ ԳՈՐԾԸ (Գանգատ թիվ 23380/09) կետ 88

[7] Բուիդն ընդդեմ Բելգիայի գործը (գանգատ թիվ 23380/09) կետ 114-120

[8] https://www.facebook.com/100003485356975/videos/pcb.4256528884473248/423212909416967

https://www.facebook.com/100003485356975/videos/pcb.4256528884473248/1814780635382540

 

Դիտումներ՝ 247

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????